Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան․ «Սյունիքը  փրկվեց միմիայն ԱՄՆ եւ ԵՄ-ի եւ  հատկապես Ֆրանսիայի հստակ, ազնիվ եւ հզոր դիմադրության շնորհիվ»

Նոյեմբեր 15,2022 19:30

Հայաստանի եվրոպական կուսակցությունը Ազատության հրապարակում միջոցառում է իրականացնում՝ ի նշան նրա, որ հայ ժողովուրդն անհաղորդ չէ Ֆրանսիայի Սենատում քննարկվող հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ բանաձեւի նախագծին։

Հրապարակում տեղադրված է հեռուստացույց, որի միջոցով  հեռարձակվում է Սենատում այս պահին ընթացքող նիստ, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ մեկնաբանում է նիստը։

Մինչ Սենատի նիստում (նիստի օրակարգում ընդգրկված են այլ հարցեր եւս) հերթը կհասնի Հայաստանին վերաբերող բանաձեւին, Տիգրան Խզմալյանը ելույթ ունեցավ` նշելով՝ Ֆրանսիայի Սենատը 2020 թվականի նոյեմբերին առաջին անգամ օրինագիծ առաջարկեց՝ ճանաչել Արցախը, ինչն, ըստ Խզմալյանի, կանգնեցրեց ռուս-ադրբեջանաթուրքական զավթման շարունակությունը․ «Անգամ դրա սպառնալիքը ապացուցեց, որ այն բանաձեւը, որն այսօր պնդում է Ալիեւը՝ Ղարաբաղի հիմնահարց չկա, ցույց  տվեց, որ այդպես չէ, եւ դա այդպես չէ, ոչ թե, որ մենք ենք պնդում, այդպես չէ, որովհետեւ դա ասում են ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն։  2021 թվականի պատերազմի շարունակությունը բեկանվեց, Սյունիքը  փրկվեց միմիայն ԱՄՆ եւ ԵՄ-ի եւ  հատկապես Ֆրանսիայի հստակ, ազնիվ եւ հզոր դիմադրության շնորհիվ։ Չենք մոռացել, որ 2021 թվի գարնանը ԱՄՆ դեսպան տիկին Թրեյսին, Ֆրանսիայի դեսպան Լաքոտը օրերով, շաբաթներով, ամիսներով, օրնիբուն հերթապահում էին Սյունիքում, ԵՄ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դրոշները պահպանում էին Սյունիքը։ Սա գթասրտություն չէ, սա կարեւոր  աշխարհաքաղաքական, քաղաքակրթական որոշում է՝ Հայաստանն առնված է ժողովրդավարական աշխարհի դաշտում, Հայաստանը պաշտպանված է այնքանով, որքանով մենք պաշտպանում ու պահպանում ենք ժողովրդավարությունը Հայաստանում։ Այն, ինչ կատարվում է Փարիզում, պետք է մեզ հստակ ուղերձ հղի՝ մենք եվրոպական երկիր ենք, եվրոպական ազգ ենք, անգամ եթե ոչ բոլորն են հասկանում դա»։

Խորհրդարանական ընդդիմության՝ ԱԺ վերադառնալու եւ նիստերին մասնակցելու մասին էլ Խզմալյանն ասաց՝ լավ նորություն է, որովհետեւ, նրա ձեւակերպմամբ՝  փողոցներից, ամբոխավարությունից վերադառնում ենք խորհրդարան, վերադառնում ենք համակարգին․ «Դա առաջին կարեւոր քայլն է դեպի այն համերաշխությունը, որը մեզ շուտով պետք կլինի՝ աշխարհաքաղաքական իրավիճակը, հատկապես մեր տարածաշրջանում, լարված է, հղի է մեծ փոփոխություններով»։

Նրա խոսքով՝ չնայած ՌԴ եւ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս մերժել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, սակայն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նոր համանախագահողներ նշանակեցին, ու թեեւ հիմա Մինսկի խումբ գաղափարը չի օգտագործվում, ու ՌԴ-ն փաստացի դուրս է եկել, Մինսկի խմբի՝ խաղաղության տանող գործընթացը տեղափոխվում է Մոսկվայից դեպի Բրյուսել, Փարիզ, Վաշինգտոն․ «Դա ապահովում է մեզ համար հարաբերական անդորրը, խաղաղությունն եւ հույսը»։

Հիշեցնենք, Ֆրանսիայի Սենատն այսօր քննարկում է հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձեւ, որով կոչ է արվում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Բանաձեւով  նաեւ Բաքվին կոչ է արվում դուրս բերել զինված ուժերը ՀՀ տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։

Սենատի նիստին զուգահեռ Ֆրանսիայում ադրբեջանցիները Սենատի շենքի մոտ բողոքի ցույց են անում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930