Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ժամը 11․00-ից քննվում է Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում 31-ամյա բնակչուհու, վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու դաժան սպանության գործով երկրորդ կասկածյալ Արկադի Բարսեղյանի խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը։
Հենց նոր հայտնի դարձավ, որ նրան ևս կալանավորեցին։
Արկադի Բարսեղյանի փաստաբան Վոլոդյա Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծանոթանալով գործի նյութերին՝ կարող է ասել, որ առկա է հիմնավոր կասկածի բացակայությունը և ներկայացված նյութերով բոլորովին չեն հիմնավորվում իր պաշտպանյալի նկատմամբ կասկածները։
«Նախաքննական մարմինն այս ընթացքում կարող է ստուգել Արկադի Բարսեղյանի տված ցուցմունքը և համոզվել, որ նա իրեն առաջադրված մեղադրանքի հետ որևէ կապ չունի»,- ասաց փաստաբանը։
Կարդացեք նաև
Ըստ նրա, նախաքննական մարմինը կարող է որոշ անհետաձգելի գործողություններ կատարել, որից հետո պարզ կլինի, որ Արկադի Բարսեղյանը որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ։
Փաստաբանը նաև նշեց, որ իր պաշտպանյալը գյուղում է գտնվել և ձերբակալել են այնտեղից, որտեղ միշտ գտնվել է։
Վերջինս նաև նշեց, որ Արկադի Բարսեղյանը մանրակրկիտ ցուցմունք է տվել, որը ենթակա է նախաքննական մարմնի ստուգմանը;
Փաստաբանի ասելով՝ իր պաշտպանյալը մեղքը չի ընդունում։
Վոլոդյա Մինասյանը համոզված է, որ կալանքի հիմքեր չկան։
Հիշեցնենք, որ լուսաբացին կալանավորել են նաև կասկածյալներից Վրույր Բարսեղյանին։
Պեմզաշենում հրեշավոր այս սպանությունը ուղեկցվել էր մանկապղծությամբ։
Շիրակի մարզի փաստաբաններից և հանրային պաշտպաններից և ոչ մեկը չի համաձայնել ստանձնել նման ոճիրի մեջ կասկածվողների շահերի պաշտպանությունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ