Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշկի հակատարիքային խնամքի համար անհրաժեշտ լավագույն բաղադրամասերը

Նոյեմբեր 15,2022 22:00

Հակատարիքային խնամքի միջոցները բազմաթիվ են, ինչն ավելի է բարդացնում ընտրությունը, ուստի փորձենք հասկանալ, թե ինչպիսի ազդեցություններ ունեն այդ միջոցների վրա մակնշված բաղադրամասերը։
Այն բոլոր բաղադրիչները, որոնց մասին խոսելու ենք, օժտված են մաշկը վերականգնող, երիտասարդացնող հատկություններով, սակայն ցանկալի արդյունք ստանալու համար պետք է կանոնավոր օգտագործել այդ միջոցները։ Այստեղ կարևոր են նաև օրգանիզմի անհատական առանձնահատկությունները, և թե ինչը լավ կաշխատի ձեր դեպքում, կախված է ձեր մաշկից ու նաև ձեր սպասելիքներից։

Բարակ գծերի դեմ – ռետինոլ, վիտամին C

Եթե ձեր դեմքին բարակ գծեր են հայտնվել, ռետինոիդները (որոնք ստանում են վիտամին A-ից), ինչպիսին ռետինոլն է, կարող են մաշկն ավելի հարթ դարձնել, քանի որ նպաստում են կոլագենի արտադրմանը։ Վիտամին C պարունակող միջոցները նույնպես կարող են նպաստել գծերի հարթեցմանը, ինչպես նաև նվազեցնել մաշկի վրա արևի վնասակար ազդեցությունը։

Թուլացած մաշկի համար-պեպտիդներ, կերամիդներ

Պեպտիդների տեղային օգտագործումը կարող է նպաստել թուլացած մաշկի ամրացմանը։ Պեպտիդներն ամինաթթուներ են, որոնք մասնակցում են սպիտակուցների արտադրմանը, ինչպիսին կոլագենն է՝ մաշկի հիմնական սպիտակուցը։ Իսկ կերամիդները հարստացնում են  մաշկը ճարպերով՝ վերականգնելով մաշկի լիպիդային շերտի ամբողջականությունը: Կերամիդներ պարունակող կրեմների ամենօրյա օգտագործումը ամրապնդում է մաշկի բնական պատնեշը, խոնավացնում է մաշկը՝ դարձնելով այն ավելի առաձգական։

Պիգմենտային բծերի դեմ-հիդրոքինոն, ռետինոիդներ, վիտամին C, կոյաթթու

Հիդրոքինոնը կարող է սպիտակեցնել մաշկը, բացացնել մուգ բծերը։ Ռետինոիդները մաշկն ավելի միատոն են դարձնում։ Մի հետազոտությունում էլ նշվում է, որ վիտամին C-ն օգնում է ազատվել պիգմենտային բծերից, երե այն օգտագործում եք 12 շաբաթ շարունակ։ Կոյաթթուն քիմիական նյութ է, որը հաճախ է օգտագործվում որպես մաշկը սպիտակեցնող միջոց։ Այս միջոցները օգտագործելիս չմոռանաք նաև արևապաշտպան միջոցների մասին, քանի որ արևի ճառագայթները նպաստում են պիգմենտային բծերի առաջացմանը։

Մաշկի անհարթ երանգի համար- ԱՀԱ, ռետինոիդներ

Ալֆահիդրօքսիթթուները հեռացնում են մաշկի մեռած բջիջները՝ նպաստելով նոր, ավելի միատոն բջիջների առաջացմանը։ Ռետինոիդներն օժտված են նմանատիպ հատկությամբ։ Սակայն երկուսն էլ կարող են գրգռել մաշկը, ուստի դրանք պետք է զգուշությամբ օգտագործել, եթե ունեք չոր կամ զգայուն մաշկ։ Այս նյութերը դրական են անդրադառնում նաև խամրած մաշկի վրա. այս բաղադրությամբ խոնավացնող կրեմը մաշկն ավելի առաձգական է դարձնում՝ հաղորդելով մաշկին առողջ տեսք։

Սակայն եթե ընտրում ենք ինչ-որ մի բաղադրամաս, պետք է հաշվի առնենք վերջինիս առանձնահատկությունները։ Օրինակ ռետինոլը կարող է չորացնել կամ գրգռել ձեր մաշկը, ուստի սկսեք ամենացածր խտություն ունեցող տարբերակից, մինչև մաշկը կսովորի այդ նյութին ու հնարավորություն կունենաք ավելի խիտ տարբերակ ընտրելու։ Կարևոր է նաև օգտագործման ժամանակը․ վիտամին C պարունակող միջոցներն ավելի լավ է օգտագործել առավոտյան։ Ռետինոլը՝ երեկոյան, քանի որ արևի լույսը կարող է խանգարել վերջինիս ազդեցությանը։ Խոնավացնող կրեմ օգտագործեք ամեն օր, եթե չոր մաշկ ունեք և ցանկանում եք, որ ձեր մաշկն ավելի երիտասարդ տեսք ունենա։

Ի՞նչ հերթականությամբ օգտագործել. եթե օգտագործում եք մի քանի միջոց, ապա սկզբում քսեք խնամքի այն միջոցը, որը ակտիվ բաղադրամասն է պարունակում, որպեսզի մաշկը հասցնի այն ավելի լավ ներծծել, այնուհետև կարող եք քսել արևապաշտպան միջոցը, իսկ հետո՝ դիմահարդարվել։ Եվ ամենակարևորը՝ մաշկային ցանկացած խնդրի դեպքում ամենահավաստի տեղեկությունը ստացեք մաշկաբանից։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930