Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացին հստակ իմանալու է, թե տվյալ ալիքը որ համարի վրա է». Հանրային մուլտիպլեքսում ներառված տեսալսողական ծրագրերի եթեր հեռարձակման համար առաջարկվում է սահմանել միասնական հերթականություն

Նոյեմբեր 15,2022 17:34

Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Նարեկ Բաբայանը եւ Հակոբ Ասլանյանն առաջարկում են միասնական կիրառություն սահմանել հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի հեռարձակման հերթականության համար` անկախ սփռման տարածքից, օպերատորից եւ հեռարձակողից:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող կարգավորումներն ԱԺ նոյեմբերի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ մանրամասնել է Սիսակ Գաբրելյանը:

Առաջարկվում է հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերը եթեր հեռարձակել հետեւյալ հերթականությամբ`

1) Հանրային հեռարձակողների տեսալսողական ծրագրերը, բացառությամբ` սլոթի օգտագործման լիցենզիայով գործող հանրային հեռարձակողների,

2) հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

3) մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

4) մարզային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

5) սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հանրային հեռարձակողները,

6) միջպետական պայմանագրի հիման վրա հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

7) հեղինակազորված հեռարձակողների տեսալսողական ծրագրերը:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով նախատեսվող կարգավորումն ուղղված է հեռուստաընկերությունների իրավունքների պաշտպանությանը եւ քաղաքացիների` տեղեկություն ստանալու իրավունքի մատչելիության ապահովմանը: «Անկախ այն հանգամանքից, թե հեռարձակումը կաբելային օպերատորի միջոցով է, թե հանրային մուլտիպլեքսի, բոլոր ալիքները պետք է ունենան նույն հերթականությունը: Քաղաքացին հստակ իմանալու է, թե տվյալ ալիքը որ համարի վրա է»,- ասել է հեղինակը:

«Գործող կարգավորումներով ցանցային օպերատորներն իրենք են որոշում իրենց հեռուստաալիքների հերթականությունը, եւ որոշ դեպքերում նրանք առաջնորդվում են իրենց նախասիրություններով, որոշ դեպքերում` իրենց քաղաքական հայացքներով, ինչի հետեւանքով այդ օպերատորներից օգտվող բաժանորդներին հրամցվում է վերջիններիս համար նախընտրելի հերթականություն: Նախագծի ընդունման դեպքում կներդրվի հեռուստաալիքների նույնական հերթականություն, ինչի արդյունքում սպառողները կկարողանան օգտվել հեռարձակողների ծրագրային նույն հերթականությունից եւ հեշտ ընտրել իրենց համար նախընտրելի ծրագրերը»,- ներկայացնելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` նշել է Հասմիկ Հակոբյանը:

Կառավարության առաջարկները բովանդակային չեն, տեխնիկական են. այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930