«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հեռուստաընկերությունների իրավական պաշտպանությունը բարելավելու նպատակով լրացումներ է առաջակում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում:
Եթե հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին Կարգավորող պետական մարմնի որոշումը` պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմքերով, դատարանի օրինակ ուժի մեջ մտած որոշումով ճանաչվել է անվավեր, ապա նույն պայմաններով ազատ սլոթով հեռարձակումը, իրենց դիմումի հիման վրա, կիրականացնեն մինչ այդ լիցենզավորված հեռարձակողները` մինչեւ օրենքով սահմանված կարգով նոր լիցենզիայի մրցույթում հաղթող ճանաչվելը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նրա խոսքով նախաձեռնության ընդունման արդյունքում հնարավոր կլինի պաշտպանել հեռուստալսարանի տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաեւ նվազեցնել տնտեսվարողների գործունեության ֆինանսական կորուստները:
Կառավարության կարծիքը նախագծի վերաբերյալ եւս դրական է. այն ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:
Կարդացեք նաև
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում:
ԱԺ