Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սպիրոս Ադդասի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային հարթակներում Հայաստանի և Կիպրոսի համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Իշխան Սաղաթելյանը Սպիրոս Ադդասին է ներկայացրել Հայաստանի ու Արցախ դեմ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը, խոսել հայ ժողովրդի իրական ձգտումների ու առաջնահերթությունների մասին։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև նշել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային ճնշման տակ Ադրբեջանը ստիպված լինի ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց, ինչպես նաև իր զորքերը դուրս բերի Հայաստանի Հանրապետության տարածքից։
Կարդացեք նաև
Կիպրոսի փոխարտգործնախարարը նախ ողջունել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին և ողջ հայ ժողովրդին իր ու նախարար Իոաննիս Կասուլիդեսի անունից՝ նշելով, որ վերջինս երկրում չէ և չի կարողացել անձամբ ներկա գտնվել հանդիպմանը։ Կիպրիացի դիվանագետն իր խոսքում աջակցություն է հայտնել Ի. Սաղաթելյանի բարձրաձայնած խնդիրներին՝ ասելով, որ Կիպրոսը մշտապես եղել ու շարունակելու է մնալ պատմական արդարության պաշտպանության հավատարիմ մարտիկ։
ՀՅԴ ԳՄ Հանրային կապերի գրասենյակ