Այսօր ԱԺ նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացրեց «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը: Դրա նպատակը անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի կանոնակարգումն է ու պետական քաղաքականության մշակումը:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանն ասաց, որ մարզերում ու Երեւանում 600 բազմաբնակարան շենք կա 4-րդ աստիճան վթարայնության: 19 հազար շենքից 3,2% տոկոսը 3-րդ եւ 4-դ աստիճանի են. «Ժամանակի ընթացքում բնակֆոնդը հնանում է եւ շատ ավելի հրատապ է դառնում այսպիսի նախագծերի ընդունումը: Ունենք 1200 շենքեր, որոնք ենթակա են քանդման՝ վնասվածության 4-րդ աստիճանի են»:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Պողոսյանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է շենք-շինությունների օտարման գործարքների հետ կապված կանոնների վերանայում:
Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն էլ ներկայացրեց «Արդարադատության ակադեմիայի մասին օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ՔԿ-ի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչերին ընդունել ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում:
Կարդացեք նաև
Իսկ ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանի ներկայացրած «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, որը օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի իրավունքներին էր վերաբերում, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որը վարում էր նիստը, բարկացավ ու նկատողություն արեց ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, որը հավանաբար խոսում էր եւ խանգարում: Նա ասաց. «Պարո՛ն Գաբրիելյան, խնդրում եմ դուրս եկեք դահլիճից»:
Քիչ անց արդեն հայտարարվեց ընդմիջում ու ներկա բոլոր պատգամավորները դուրս եկան դահլիճից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ