Ընդդիմությունը դուրս էր եկել պայքարի, որպեսզի իշխանությանը հեռացնեին, գային իշխանության եւ ավելի նպատակաուղղված իրականացնեն իրենց քաղաքականությունը, բայց նկատեցին, որ հանրության լայն շրջանակներում աջակցություն չունեն, հետեւաբար, այդ տարբերակից հրաժարվեցին եւ վերադարձան խորհրդարան, ինչը շատ ողջունելի է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Իշխանական պատգամավորի կարծիքով, ընդդիմությունն իշխանության կարեւոր մաս է ու պետք է վեր հանի իշխանության՝ իրենց գնահատմամբ, թույլ տված սխալները ու այդպիսով ձեւավորի իր քաղաքական կապիտալը՝ հաջորդ ընտրություններում դրանով ներկայանալով ժողովրդին:
«Իշխանությունն էլ աշխատում է ամեն ինչ անել, որ քիչ հնարավորություն տա ընդդիմությանն իր վրա խոսելու, ինչից շահում է գործը»,- կարծում է իշխանական պատգամավորը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով առաջարկին, որը իր վերջին ասուլիսում հնչեցրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փոխել վարչապետին, ՔՊ-ից ընտրել այլ վարչապետ, որը չի ունենա պարտության դեմք, Հովիկ Աղազարյանն ասաց. «Այն, որ սկզբնական փուլում՝ մինչեւ արտահերթ ԱԺ ընտրությունները, ընդդիմությունն ուզում էր Վազգեն Մանուկյանին բերել իշխանության, եւ դրանից հետո նահանջեցին հսկայական քայլով՝ ասելով՝ ոչինչ, թող Նիկոլ Փաշինյանը դուրս գա, ձեզնից մեկ ուրիշը լինի, դա իհարկե, առաջընթաց կարելի է համարել: Բայց, մյուս կողմից, իրենք շատ լավ գիտեն՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ նշանակություն ունի թիմի համար: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անառարկելի հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ եւ լիդեր է: Հետեւաբար, իրենց այդ քայլը քաղաքական մանիպուլյացիա է, որ տեսեք, մենք ինչքան բարի ենք, ասում ենք՝ թող փոխվի, թող ձեզնից ուրիշը լինի»:
Պատասխանելով Արցախին վերաբերվող լրագրողների հարցերին էլ, իշխանական պատգամավորն ասաց. «Բանակցությունների ընթացքում մենք կարողացանք աշխարհին ցույց տալ, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները պետք է տարանջատել Արցախ- Ադրբեջան հարաբերություններից, որովհետեւ Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է, իսկ մենք, որպես պետություն պարտավոր ենք անել հնարավորը՝ օժանդակելու մեր հայրենակիցներին: Ես չեմ հրաժարվում Արցախի ինքնորոշման իրավունքից եւ, որպես պատգամավոր, պարտավոր եմ ամեն ինչ անել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար»:
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ