Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում արտահայտած մոտեցումները և ձևակերպումները որևէ ձևով չեն նպաստում կենսական այդ հիմնախնդիրների լուծմանը». Տեր Եսայի քահանա Արթենյան

Նոյեմբեր 15,2022 15:41

Նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր իշխանության եւ եկեղեցու հարաբերություններին՝ ասելով, որ իշխանության եւ եկեղեցու պառակտման մասին խոսելը ճիշտ չէ, որովհետեւ իշխանությունն ու եկեղեցին տարբեր մարմիններ են եւ իրարից անջատ մարմիններ են. «Եթե այդ խոսույթն ընկալելի է, ուրեմն, իշխանության եւ եկեղեցու կամ պետության եւ եկեղեցու հարաբերությունների սխալ ընկալումների վրա ենք մենք հիմնված: Ես պրոցեսը կձեւակերպեմ այսպես՝ կարծում եմ, որ հիմա տեղի է ունենում շատ կարեւոր մի բան՝ ձեւավորվում են պետության եւ եկեղեցու նոր հարաբերություններ, եւ իմ կարծիքով, նաև ձևավորվում են Հայաստան-Սփյուռք նոր հարաբերություններ, այդ ձեւավորումը տեղի է ունենում հաջող»:

Aravot.am-ը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատուից հետաքրքրվել էր՝ ի՞նչ նոր հարաբերությունների մասին է խոսքը եւ ինչպե՞ս է Եկեղեցին վերաբերվում այդ նոր հարաբերություններին։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բազմիցս տարբեր ձևաչափերով անդրադարձ է ունեցել ներհասարակական բևեռացվածությանը և երկրում առկա լարվածությանը, ինչպես և հորդորել ամեն ջանք ի գործ դնել՝ ազգային կյանքում բաժանարար գծերը վերացնելու, ժողովրդի միասնականությամբ երկրում տիրող մթնոլորտն առողջացնելու և ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած գոյաբանական, անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համար։ Վերջին անգամ ՀՀ իշխանություններին ուղղված նման հորդորով հանդես եկավ Գերագույն հոգևոր խորհուրդը ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում արտահայտած մոտեցումները և ձևակերպումները որևէ ձևով չեն նպաստում կենսական այդ հիմնախնդիրների լուծմանը։ Ավելին՝ առաձգական դատողությունների միջոցով, կարծես թե, փորձ է արվում արդարացնել և անգամ նվիրագործել Եկեղեցու նկատմամբ իշխանությունների ժխտական դիրքորոշումը՝ այն քողարկելով իբրև թե «նոր հարաբերություններ» հասկացությամբ»,- մեր հարցին ի պատասխան ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930