Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը վերադարձել է՝ միջազգային հանրությանը այլընտրանք ներկայացնելու համար. Հայկ Մամիջանյան

Նոյեմբեր 15,2022 15:33

Այն գործընթացները, որոնք այս պահին ծավալվում են Արցախի և Հայաստանի շուրջ, ամենայն հավանականությամբ վաղ թե ուշ հանգրվանելու են Ազգային ժողովում եւ Սահմանադրական դատարանում. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալու որոշմանը:

Նա հիշեցրեց, որ ընդդիմադիրները բազմիցս են հայտարարել՝ փողոցային պայքարն ու խորհրդարանական աշխատանքն իրար բացառող գործընթացներ չեն ու իրենք թույլ չեն տալու, որպեսզի հակահայկական այս կամ այն զարգացումը կանխելու համար գործիքները չունենան: Հայկ Մամիջանյանը նաեւ հստակեցրեց, որ ընդդիմությունը, մասնավորաբար, դաշինքը, որն ինքն է ներկայացնում՝ նույնիսկ ամենաթեժ ցույցերի պահերին, միջազգային ձեւաչափերում կամ օգտագործելով վերահսկողական տարբեր գործիքներ, աշխատել են պառլամենտում, իսկ բոյկոտն ընդամենը լիագումար նիստերի դահլիճ մուտք գործելու մասին էր, որը, իր գնահատմամբ, գործելաոճի էական փոփոխություն չէ:

Իսկ խորհրդարան վերադառնալով՝ ընդդիմությունը հետամուտ է լինելու հետեւյալ օրակարգին. «Եթե խորհրդարանական ընդդիմությունը չիրականացնի խորհրդարանական այս կամ այն աշխատանքը, օրինակ, մեր որոշ միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մեր գործընկերները կլսեն «Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ որեւէ խնդիր չունեն, բացի ԼՂ հարցից» կամ «Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր զորքերը պետք է դուրս գան» ու նմանօրինակ հակահայկական, հակապետական հայտարարություններ, որոնք կմնան անպատասխան: Այսինքն, մեր միջազգային գործընկերները չեն լսի, որ նշված երկու դրույթներն աղերս չունեն իրականության հետ, կամ չեն լսի, որ խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի եւ Արցախի համար համարում է ճակատագրական սխալ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների զատումը արցախյան հակամարտությունից»։

«Ասել, որ փողոցային պայքարը որեւէ արդյունքի չի բերել, կարծում եմ, իրականությանը չի համապատասխանում։ Մեր վերջնական նպատակին չենք հասել, բայց որոշակի արդյունքների հասել ենք»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ պնդելով, որ ընդդիմության նպատակը եղել է եւ շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից, հիմնական բանակցողի փոփոխությունը եւ իրենք, այս ընթացքում թույլ տված սխալների վերլուծություն արդեն կատարել են:

Խորհրդարանական աշխատանքին զուգահեռ՝ ընդդիմադիրները նաեւ լայնամասշտաբ փողոցային պայքարի առումով նախապատրաստական աշխատանքներ են տանում: Իսկ վաղը՝ կառավարության հետ հարցուպատասխանին «Պատիվ ունեմ»–ը չի մասնակցի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930