Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Սիլվան թարգմանել են և ստացել են թվեր, ապա սա թարգմանություն չէ, սա խոտան է»․ Գևորգ Բաղդասարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստում

Նոյեմբեր 15,2022 15:23

«Եթե Սիլվան թարգմանել են և ստացել են թվեր, ապա սա թարգմանություն չէ»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Նշենք, որ այս գործով դատարանը հետազոտում է ապացույցները։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը վրդովվեց, թե չգիտի՝ սա ինչով է թարգմանված, բայց առնվազն խոտան է։ Այս թարգմանությունը չի համապատասխանում բնօրինակին։ Նա շարունակեց․ «Արձանագրում ենք, որ թարգմանությունը չի համապատասխանում բովանդակությանը։ Մեր իմացած անգլերենով թարգմանությունը, որը հրապարակում ենք՝ որպես ապացույց, սա չի համապատասխանում այն բնօրինակին, որը տրամադրվել է։ Ապացույցների հետազոտումն ավարտելուց հետո կանգնելու ենք հարցի առաջ, որ հետազոտում ենք մի բան, որը չի համապատասխանում բնօրինակին։ Առաջարկում եմ՝ թարգմանիչը ներկա գտնվի և բացատրի՝ սա ինչ թարգմանություն է։ Մենք հիմա չենք ցանկանում թույլ տալ սրա հետազոտումը։ Պետք է պատշաճ թարգմանություն իրականացվի, կան նաև բաց թողնված հատվածներ։ Սա ապարատով թարգմանված բան է, սա գուգլ թրանսլեյթ է»։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ընդմիջեց նիստը։ Այնուհետև վերադարձավ ու տեղեկացրեց, որ թարգմանչական ընկերությունից չի կարողացել պարզել թարգմանչի բացակայության պատճառը։

Նա ասաց, որ հնարավոր կլինի այլ թարգմանչի ներկայությունը հետագա նիստերին, որը կկատարի բանավոր թարգմանություն։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց․ «Առաջարկում եմ պատշաճ ընթացակարգով թարգմանիչ ներգրավել։ Սա թարգմանություն չէ, սրա վերաբերյալ թող դատական դեպարտամենտը հասկանա, որ ծառայությունը պատշաճ չի ստացել։ Թարգմանիչը պետք է պատշաճ ընթացակարգով վարույթում ընդգրկվի։ Մենք պետք է հնարավորություն ունենանք թարգմանչի լեզվական իմացությունները ստուգելու համար նրան հարցեր տալ»։

Այս դատական նիստի ժամանակ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց նրան նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 4-ը թույլ տալ բացակայել ՀՀ-ից՝ Ստրասբուրգում, Փարիզում և Բրյուսելում ԵԽԽՎ-ի շրջանակներում աշխատանքներին մասնակցելու համար։

Դատարանը միջնորդությունը բավարարեց։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ ժամը 13․00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար says:

    Խոսուն վերնագիրը կարդալով մտածեցի թե այն վերաբերվում է Սիլվա Կապուտիկյանին, բայց ինչու Սիլվա։ Ծանոթ չլինելով լրագրական տերմինալոգիային մի կերպ հասկացա նյութի էությունը։ Սկսեցի համացանցում փնտրել ,որպեսզի տեղեկանամ հավանաբար շատ հայտնի այդ ծրագրին։ Ցավոք չգտա։ հարգելի Տաթեվիկ Հարությունյան կարող եք այդ ծրագրի հղումը տեղադել։ 76 տարեկանում կցանկանայի տեղյակ լինել նաեվ այդ ծրագրին։ Այլապես Ձեր նյութի հետ կապ չունեցող տեղեկություններ եմ միայն գտնում։ Շնորհակալություն։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930