Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ հավաքված արցախցիները իրենց աջակցությունն են հայտնում Սենատի կողմից քննարկվելիք բանաձեւին: «Մենք ձեռնարկել էինք ստորագրահավաք, որ նամակի հետ պիտի փոխանցենք դեսպանատանը: Առիթը Ֆրանսիայի սենատում քննարկվելիք օրենքի նախագիծն է, որով նախատեսվում է մի շարք հայամետ հարցեր լուծել: Ճիշտ է՝ Սենատի որոշումը պարտադրանք չէ իրենց կառավարության համար, բայց ճնշում է, եւ չեմ կարծում, թե առանց իշխանությունների իմացության է արվում: Այնտեղ մի քանի հետաքրքիր կետեր կան:
Կարեւորներից մեկը Արցախում Ֆրանսիայի հումանիտար գրասենյակի բացումն է: Այստեղ կարելի է ստորակետ դնել՝ առայժմ հումանիտար, այնուհետեւ պահանջել Ադրբեջանից դուրս գալ Ջերմուկից, Հայաստանին զենք տալ: Այնտեղ նաեւ ուզում են քննարկել, որ օգոստոսի 22-ին, այսինքն՝ Բերձորի ու Աղավնոյի տված դիրքերից էլ դուրս գան, Լաչինի միջանցքը վերականգնի իր գործունեությունը: Եվ անպայման նորից հղում արվի 1994 թ նոյեմբերի որոշմանը՝ Ֆրանսիայի սենատի երկու պալատներում ճանաչել են Արցախը ճանաչելու օրինագիծ, դիմել են կառավարությանը, այդ օրենքին էլ են հղում անելու: Այժմ փորձելու են ճնշում գործադրել իրենց իշխանությունների վրա՝ այդ հայանպաստ դիրքորոշումները անցկացնելու համար: Մեր այսօրվա հավաքը, ըստ էության աջակցություն է Ֆրանսիայի սենատում քննարկվող նախագծին»,-ասաց հավաքի կազմակերպիչներից «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը։ Նա նշեց, որ խնդրագրի տակ ստորագրել է Արցախի ու Հայաստանի ավելի քան 1700 քաղաքացի։
Նա հավելեց, որ նամակում գրել են, որ ողջունում են Ֆրանսիայի սենատի քննարկումները, նաեւ հույս են հայտնել, որ հումանիտար գրասենյակի բացումը իր շարունակությունը կունենա. «Եթե Ադրբեջանը դեմ է դրան, իմ կարծիքով, ռուսները ինչ-որ տեղ տատանվելով կարող է համաձայնեն, որովհետեւ իրենք էլ են զգում, որ իրենց ատամի բանը չէ, որ իրենց ամեն արածն արդեն վատություն է ոչ միայն մեզ, այլ իրենց համար: Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահ Բայդենն էլ է հայտարարություն արել, որ կարող է այնպես պատահի, որ ռուս խաղաղապահներն էլ օգնության կարիք ունենան»:
Հավելենք, որ Ֆրանսիայի դեսպանատանը հանձնված նամակում, որի տակ ստորագրել է շուրջ 2000 քաղաքացի, գրված է. «Մենք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Սենատին, երկրի քաղաքական ուժերին և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրենց դիրքորոշման համար: Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ բացելու մտադրությունը: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը վերջինը չի լինի, հատկապես, որ դա պահանջում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Մենք վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևն ամուր հարթակ կդառնա ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ