Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գայանե Շահնազարյան․ «Երեւանում օդի գրեթե բոլոր աղտոտիչների մասով աճ է գրանցվել»

Նոյեմբեր 15,2022 15:04

Կենտրոն եւ Շենգավիթ վարչական շրջանները փոշու աղտոտվածությամբ առաջատարն են մայրաքաղաքում։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում ասաց «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը (լուսանկարում)։

Վերջերս համացանցում տարածվեց մի նյութ, ըստ որի՝ Երեւանի օդի թունավորության ինդեքսը 370 էր՝ գերազանցելով նույնիսկ Դելիին, որը համարվում է օդի ամենաբարձր մակարդակի աղտոտվածությամբ քաղաքներից մեկը։ Նշենք, որ օդի աղտոտվածության նորման 100 է։ Շահնազարյանն ի պատասխան այս դիտարկման՝ ասաց, որ ինքն էլ ուսումնասիրել է նույն ժամանակահատվածում տվյալները՝ տարբեր հարթակներում, դրանք շատ հակասական են եղել։ Նա ասաց, որ նույն ժամանակահատվածում ինդեքսը մի հարթակում 389 էր, մեկ այլ տեղ՝ 189․ «Ավելի վստահելի աղբյուր է համարվում Կոպերնիկուսի հրապարակածը, որի պարագայում ցուցանիշը 79 էր, որը համադրելի էր մեր տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների հետ։ Այսինքն, այդ թվերը նույնիսկ նույն ժամանակահատվածի համար տարբեր էին»։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում օդի աղտոտվածության հիմնական պատճառը շարժական աղբյուրներն են՝ տրանսպորտը, աղտոտվածության 70%-ը տրանսպորտային միջոցների արտանետումներն են։ Ըստ Շահնազարյանի ներկայացրած տվյալների, 2017 թվականի համեմատ՝ 35-40% ով աճել է աղտոտվածության մակարդակը՝ տրանսպորտային միջոցների քանակի ավելացմամբ․ «Դրա հետեւանքով մթնոլորտային օդում ավելացել են ածխածնի օքսիդի կոնցենտրացիան, ցնդելի օրգանական միացությունների կոնցենտրացիան, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան»։

Օդի աղտոտվածության մյուս պատճառը անշարժ աղբյուրների՝ գործարանների արտանետումներն են, սակայն այս աղբյուրներից, ինչպես նշեց մասնագետը, արտանետումների աննշան աճի միտում դիտվել է։

Շահնազարյանի ներկայացմամբ՝ մշտադիտարկումն իրականացնում են Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք եւ Շենգավիթ վարչական շրջաններում, որոնցից փոշով ամենաաղտոտվածը Կենտրոնն ու Շենգավիթն են, որոշ ժամանակահատվածներում նաեւ Նոր Նորքը․ «Որովհետեւ օդի աղտոտվածությունը տեղային չէ, գլոբալ խնդիր է, քամու միջոցով է տարածվում։ Սեպտեմբերի 21-ին, երբ Երեւանում փոշու կոնցենտրացիան 12 անգամ նորման գերազանցեց՝ անապատներից փոշին օդային հոսանքների միջոցով հասել էր Հայաստան։ Օդային բարձր աղտոտվածություն այդ օրը դիտվել է նաեւ Արարատում եւ Գյումրիում»։

Բնապահպանների ասածով՝ ուսումնասիրություններ կան, որոնք փաստում են Երեւանի օդում սնդիկի մկնդեղի, ծանր մետաղների առկայությունը։

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը մշտադիտարկում է անում 15 դիտակայանների միջոցով՝ 10 բնակավայրերում։ Մասնագետն ասում է՝ սա բավարար չէ ամբողջ հանրապետությունում իրավիճակը ճշգրիտ գնահատելու համար։ Դիտարկումներ են իրականացնում փոշու մեջ բոլոր ծանր մետաղների առկայության վերաբերյալ։

Մանրամասն՝ տեսանյութում

Ակնհայտ է, որ ակտիվ շինարարության հետեւանքով օդում փոշու քանակը գերազանցում է նորման։ Շահնազարյանը նկատեց՝ Երեւանում միայն շինարարությունը չէ, որ օդը աղտոտում է, պարզապես շինարարության հետեւանքով առաջացած փոշին տեսանելի է, բայց ածխածնի մոնօքսիդի ու ազոտի երկօքսիդի դեպքում մենք շնչում ենք անտեսանելի, անգույն գազեր․ «Երեւանում օդի գրեթե բոլոր աղտոտիչների մասով աճ է գրանցվել, այն համարժեք է արտանետումների աճին»։

Ընդ որում, ըստ կարգավորումների, շինհրապարակներում կառուցապատողները պետք է անթափանց ցանցեր կիրառեն, ջրցաններ օգտագործեն, շինաղբը ծածկված տեղափոխեն։ Վերահսկողությունը, ըստ Շահնազարյանի, համապատասխան տեսչական մարմնինն է։

Ավանդաբար ամենաղտոտված քաղաք համարվող Ալավերդիում իրավիճակը բարելավվել է պղնձամոլիբդենային կոմբինատի փակման արդյունքում, օդի աղտոտվածությունը նվազել է, եւ ինչպես Շահնազարյանն ասաց՝ եթե 2017-ին Ալավերդիում արձանագրվել էր 38 հազար տոննա ծծմբի արտանետում, ինչն էլ իր հետ բերում էր ծծմբի երկօքսիդի բարձր գերնորմատիվային աղտոտվածության, հիմա նման բան չկա։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930