Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2050թ. Հայաստանի բնակչությունը կնվազի՝ կազմելով 2,6 միլիոն. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Նոյեմբեր 15,2022 14:46

2022 թ. նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը հատեց 8 միլիարդի սահմանը, սա ՄԱԿ-ի գնահատականն է, որն այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ներկայացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը (լուսանկարում): Նրա խոսքով, 2011 թվականին աշխարհի բնակչությունը կազմել է 7 միլիարդ՝ ընդամենը 10 տարվա ընթացքում այն աճել է մեկ միլիարդով, 2050 թվին ակնկալվում է, որ աշխարհի բնակչությունը կհասնի 9,7 միլիարդի, առավելագույն սահմանին՝ 10,4 միլիարդի կհասնի 2080 թվականին: ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն, աշխարհի բնակչության այս թիվը կպահպանվի մինչև 2100 թվականը, իսկ դրանից հետո կսկսի նվազել:

Աննա Հովհաննիսյանի փոխանցմամբ, ՄԱԿ-ի հետազոտությունների համաձայն՝ Երկիր մոլորակի բնակչության թվաքանակը շարունակաբար աճում է մահացության ցուցանիշների նվազման և կյանքի սպասվելիք միջին տևողության աճի հետևանքով: Այսպես, օրինակ` դեռևս 20 տարի առաջ, եթե Երկիր մոլորակի բնակչության կյանքի միջին տևողությունը 60-65 տարեկանն էր, ապա 2019 թվականին՝ 72 տարեկանը և ակնկալվում է, որ 2050 թվականին բնակչության կյանքի սպասվելիք միջին տևողությունը կլինի 77 տարեկանը: Ծնելիության ցուցանիշն ամբողջ աշխարհում շարունակում է աճել, ծնելիության գործակիցը 2,5 է , ակնկալվում է, որ մինչև 2100 թվականը Երկիր մոլորակի ծնելիության գումարային գործակիցը կկազմի 2, 1:

«Այս համատեքստում, ըստ կանխատեսումների, 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կնվազի՝ կազմելով 2,6 միլիոնի: Ներկայումս, ծնելիության գումարային գործակիցը, 2021 թ. պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 1,6 է, այդ ցուցանիշը շարունակաբար կնվազի մինչև 2050թ: Անդրադառնալով տարածաշրջանային երկրներին՝ ասեմ, որ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում բնակչության թվաքանակը շարունակաբար նվազելու է մինչև 2050 թվականը: Մնացած բոլոր երկրներում բնակչության թվաքանակը նվազելու է։ Հայաստանի Հանրապետությունում բնակչության թվաքանակի նվազումը պայմանավորված է ծնելիության գումարային գործակցի նվազմամբ, ինչպես նաև արտագաղթի տեմպերի փոփոխմամբ» ,-ասաց Աննա Հովհաննիսյանը:

Հարցին, անհրաժեշտ ծրագրերի իրականացման դեպքում հնարավո՞ր է արդյոք պատկերը դրականորեն փոխվի՝ բանախոսը շեշտեց. «Ցավոք սրտի, ոչ, որովհետև մենք ունենք կանխատեսումների մի քանի սցենարներ՝ հաստատուն, վատատեսական և լավատեսական: Բոլոր այս սցենարներում համապատասխանաբար, հաշվի են առնվում, եթե ոչինչ չփոխվի երկրում, եթե իրավիճակը վատանա և եթե իրականացվեն արդյունավետ տարբեր տեսակի ծրագրեր և ռազմավարություններ: Պետք է ասեմ, որ ցանկացած պարագայում Հայաստանի Հանրապետությունում բնակչությունը կնվազի, պարզապես ավելի լավատեսական սցենարով՝ նվազումն ավելի քիչ կգրանցվի, իսկ վատատեսական ու հաստատուն սցենարների դեպքում ՝ բնակչության թվաքանակն ավլի շատ կնվազի»:

Անդրադառնալով, այն հարցին, թե ինչի հաշվին է աշխարհի բնակչության կյանքի միջին տևողությունն աճել, բանախոսը նշեց, որ արդեն 20 տարի է՝ սպասվելիք կյանքի միջին տևողությունը բարձրանում է, որի վրա էապես ազդում է առողջապահական ծառայությունների հասանելիությունը և նորագույն տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ՝ մարդկանց առողջապահական խնդիրների դյուրինացումը: «Ինչ վերաբերվում է ծնելության գործակցին, ասեմ, որ այս ցուցանիշը ցույց է տալիս, թե կինն իր վերարտադրողական տարիքի ընթացքում քանի երեխա կունենա, ավելի պարզ ասեմ, օրինակ, եթե տվյալ երկրում ցուցանիշը 2,5 է, ապա դա նշանակում է, որ 10 կին իր ամբողջ ծնունակ տարիքի ընթացքում կունենա 25 երեխա: Հայաստանի Հանրապետությունում այդ ցուցանիշը ներկայումս 1,6 է , այսինքն` յուրաքանչյուր կին ունենում է 1,6, կամ այլ կերպ ասած, մի կին ունենում է 2 երեխա, մեկ այլ կին 1 երեխա: Ընդհանուր առմամբ, ծնելիության գումարային գործակիցը պետք է լինի 2,1, որպեսզի ապահովվի պարզ վերաարտադրություն և բնակչության թվաքանակը մնա անփոփոխ»,-ամփոփեց Աննա Հովհանիսյանը՝ հավելելով, որ պարզ վերարտադրության ցուցանիշի աճ կա Աֆրիկայի, Ասիայի երկրներում, Հնդկաստանում և Չինաստանում, իսկ պարզ վերարտադրության ցածր ցուցանիշ են գրանցել եվրոպական երկրները, ինչպես նաև Հարավային Կորեան:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930