Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում 2023 թ. փետրվարի մեկից կենսաթոշակն ու նպաստն անկանխիկ եղանակով վճարվելու են միայն բանկերի միջոցով

Նոյեմբեր 15,2022 14:31

Գործադիրն առաջարկում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարումները 2023 թ. hունվարի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թ.` մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարման գործընթացի բարելավման եւ պետական բյուջեի միջոցների ծախսերի նվազեցման, ինչպես նաեւ կենսաթոշակների, նպաստների ու պետության կողմից վճարվող այլ գումարների համար հատուկ նպատակով բացված սոցիալական էլեկտրոնային փողի հաշվին միջոցները կանխիկացնելու հնարավորության դադարեցման անհրաժեշտությամբ: Սոցիալական էլեկտրոնային փողերին վերաբերող կանխիկացման բացառությունները գործելու են մինչեւ 2023 թ. փետրվարի մեկը:

2021 թ. հուլիսի 1-ից կենսաթոշակների եւ կենսաթոշակների վճարման կարգով վճարվող այլ դրամական վճարները բացառապես անկանխիկ եղանակով են վճարվում: Փոխնախարարի խոսքով նպատակահարմար է այս համակարգը ներդնել նաեւ ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների համար:

«Պետական նպաստների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում առաջարկվող այս փոփոխությունները քննարկվել են ԱԺ նոյեմբերի 15-ի նիստում:

Դավիթ Խաչատրյանը պարզաբանել է, որ ազգային օպերատորն անկանխիկ եղանակով կենսաթոշակ ու նպաստ կարող է վճարել մինչեւ 2023 թ. փետրվարի մեկը:

Փոխնախարարն անդրադարձել է պատգամավոր Զարուհի Բաթոյանի` նոր կարգավորումների գործարկման դեպքում հնարավոր տեխնիկական խնդիրների առաջացման հարցին: Ըստ նրա` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում հունվարի մեկից նման խնդիր չի լինելու:

Պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցին ի պատասխան` Դավիթ Խաչատրյանը տեղեկություններ է փոխանցել անկանխիկ գործարքներ կատարելիս կենսաթոշակառուին ու նպաստառուին տրվող հետվճարի ծրագրի վերաբերյալ: Նրա համոզմամբ առաջին ամսից դրական դինամիկա է արձանագրվել, հոկտեմբերի վերջի տվյալներով անկանխիկ գործառնություններն այսպիսի քարտերով շուրջ 1.8 մլրդի է հասել: «Մենք որոշել ենք, որ պետք է երկարաձգենք ծրագիրն առնվազն 2023 թ. գոնե վեց ամսով»,- ասել է նա:

Գեւորգ Պապոյանն ընդգծել է, որ, ցավոք, ոչ բոլոր բանկերն են միացել ծրագրին, հետեւաբար ոչ բոլոր կենսաթոշակառուներն են օգտվում այդ հնարավորությունից: Նա կարեւորել է այն փաստը, որ հետվճարի 50 տոկոսը պետությունն է վճարում, մյուս 50 տոկոսը` բանկերը: Ըստ պատգամավորի` սա պետության եւ բանկային համակարգի համատեղ աշխատանքի արդյունքն է` ի շահ քաղաքացիների:

Ծրագրին միացել են Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, ԱԿԲԱ բանկը եւ ՎՏԲ Հայաստան բանկը, որոնք ծածկում են դաշտի 60 տոկոսից ավելին: Վիճակագրական տվյալներ ներկայացնելով` փոխնախարարը նշել է, որ մինչ ծրագիրը սկսելը, անկանխիկ եղանակով քարտերի միջոցով վճարումներ ստանում էր 389.000 շահառու, այսօր 415.000-ը գերազանցում է: Ըստ նրա` այս թվերը վկայում են ծրագրի արդյունավետության մասին: Գնահատվել է ծրագրին միացած բանկերի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հրատապ օգնության տրամադրման հնարավորություններին:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Այս մասին հայտնել է պատգամավոր Գայանե Եղիազարյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930