Գոռ Իսկանդարյանը ժամանակին ՏիկՏոկում տեսանյութեր էր հրապարակում և ուներ մեծ լսարան, սակայն որոշ ժամանակ անց ջնջեց իր էջը. «Մի քանի տարի առաջ ունեի ՏիկՏոկյան էջ, որը բավականին ակտիվ էր, դիտումներն էլ շատ էին: Հեյթերի չեմ արժանացել մինչ օրս: Պատճառը, որ ջնջեցի էջս, այդ ժամանակվա հայկական ՏիկՏոկի քաոսն էր: Այդ ժամանակ ահավոր վատ տեսահոլովակներ էին նկարում ու ինձ հիասթափեցրեց այդ ամենը»։ Գոռը կարծում է, որ TikTok-ը հավես տեսահոլովակներ նայելու, ցրվելու համար է, լավ հարթակ է, եթե ճիշտ օգտագործես։
Զառա Թեյմուրազյանը ևս ՏիկՏոկում ակտիվ է, նրա խոսքով՝ բացասական մեկնաբանություններ 1-2 անգամ է ստացել, բայց ամեն դեպքում՝ սկսել է չհավանել ՏիկՏոկը. «Անկեղծ ասած, հիմնականում դրական են արձագանքում իմ տեսահոլովակներին։ Ժամանակին ՏիկՏոկը շատ հետաքրքիր ու լավ էջ էր։ Ներկայիս ՏիկՏոկն ընդհանրապես համեմատելու չէ նախկինի հետ»։
ՏիկՏոկի recommendations բաժինը յուրաքանչյուրի մոտ տարբեր է։ Այն հիմնված է անձի հետաքրքրությունների շրջանակի վրա։ ՏիկՏոկը տեղեկատվությունը և ապատեղեկատվությունը արագ, մեծ մասշտաբներով տարածելու հարթակ է, այն սահմաններ չի ճանաչում։
ՏիկՏոկն ունի մոտ 1 միլիարդ օգտատեր. արդյոք այդ օգտատերերն ապահո՞վ են այս հարթակում։ Համաձայն ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի զեկույցի՝ դեռահասների շրջանում ինքնասպանության մակարդակը 2022 թվականին ավելացել է 20%-ով: Դեռահասների ինքնասպանության պատճառների մեջ մեծ է սոցիալական մեդիայի դերը, վերջիվերջո, դա հաղորդակցության, զվարճանքի և ստեղծագործական գործունեության համապարփակ միջոց է, որից շատ են օգտվում դեռահասները: Սոցիալական մեդիայի օգտագործումը երեխաներին ենթարկում է կիբերհարձակման, կիբերբուլլինգի, սեփական ինքնագնահատականի իջեցման, որոնց արդյունքում շատ դեռահասների մոտ հասունանում է ինքնասպանության գաղափարը։ ՏիկՏոկը վատ է ազդում երիտասարդների մտավոր առողջության վրա։ ՏիկՏոկում ծաղրում և բուլլինգի են ենթարկում գեր, նիհար, տգեղ և այլ տեսակի մարդկանց, իսկ հայկական ՏիկՏոկում ցանկացած տեսանյութի մեկնաբանությունները լցված են միմյանց հասցեին ուղղված վիրավորանքներով։
Կարդացեք նաև
Գայանեն այն անձանցից է, որը ՏիկՏոկում տեսահոլովակներ տեղադրելուց հետո և՛ ստացել է վատ մեկնաբանություններ, և՛ ենթարկվել բուլլինգի։ «2 տարի առաջ ՏիկՏոկում սկսեցի տեղադրել զվարճալի տեսանյութեր, նաև թրենդային պարեր, սակայն ստացա վատ մեկնաբանություններ։ Դասընկերներս սկսեցին ծաղրել ինձ, անել իմ նմանակումը։ Դա շատ վատ ազդեց ինձ վրա, և այդ պատճառով ջնջեցի տեսահոլովակներս»։
Այժմ ՏիկՏոկը թարմացվել է և օգտատերերին հնարավորություն է տալիս ֆիլտրել մեկնաբանությունների դաշտը բացասական մեկնաբանություններից։ Վատ մեկնաբանության դեպքում ՏիկՏոկը նախազգուշացնում է այդ օգտատիրոջը վերանայել իր գրառումը և այն չհրապարակել։ Այս ամենն արվում է ՏիկՏոկի անվտանգությունը բարձրացնելու և ագրեսիան վերացնելու համար։
Հոգեբան Աննա Եղիազարյանը նշում է, որ ՏիկՏոկը դեռահասների համար վտանգավոր հարթակ է. «Դեռահասները ամենախոցելիներն են։ ՏիկՏոկում ցանկացած վատ մեկնաբանություն, վիրավորանք կարող է վատ ազդեցություն թողնել նրանց վրա։ Բացի այդ՝ ՏիկՏոկում տարածվում են այնպիսի թրենդներ, որոնք իրենց մեջ վտանգ են պարունակում, դրանց արդյունքում եղել են նաև կյանքին վնաս հասցնելու դեպքեր»։
Մեծ Բրիտանիայի տեղեկատվության հանձնակատարի գրասենյակը վերջերս պարզել է, որ ՏիկՏոկը մշակել է մինչև 13 տարեկան երեխաների տվյալները և չի պաշտպանել նրանց գաղտնիությունը։ Այս ամենի պատճառով՝ ՏիկՏոկին սպառնում է 27 միլիոն ֆունտ տուգանք։ Մյուս կողմից՝ ՏիկՏոկում տարածված, առաջին հայացքից զվարճանք թվացող՝ մարտահրավերներն ու թրենդները կարող են վատ ավարտ ունենալ։ Այս մարտահրավերներից որոշները մոլորեցնում են մարդկանց, որոնք հանուն շատ դիտումների ու լայքերի պատրաստ են երկնաքերերի տանիքից կամ գնացքի գծերի վրայից տեսանյութեր հրապարակել՝ հաշվի չառնելով դրանց ռիսկերը։
ՏիկՏոկում անչափահաս օգտատերերի մահվան պատճառ է դարձել Blackout challenge-ը, որի իրականացման համար օգտատերերը պետք է խեղդեն իրենց՝ մինչև գիտակցությունը կորցնելը, մինչդեռ արդյունքները նկարահանման ընթացքում ուղիղ եթերով հրապարակվում են ՏիկՏոկում։ Այս մարտահրավերի զոհերից է մեքսիկացի 9-ամյա մի տղա, որին գտել են ծառից կախված վիճակում։
Այս ամենի կողքին կան մարդիկ, ովքեր ՏիկՏոկը այլ տեսանկյունից են դիտարկում։ Հայկուհին արդեն 3 տարի օգտվում է ՏիկՏոկից, տեսանյութեր չի հրապարակում, բայց դիտում է տեսանյութեր, որոնք իր հետաքրքրության շրջանակում են. «ՏիկՏոկ դիտելիս ցրվում եմ առօրյայից։ Չէի ասի, որ ՏիկՏոկը վատ հարթակ է։ Ինձ մոտ միշտ հայտնվում են ինձ հետաքրքրող բաների մասին տեսահոլովակներ, որոնք նաև ուսուցողական են։ ՏիկՏոկի շնորհիվ զարգացրել եմ անգլերենիս իմացությունը, ինչպես նաև ինձ համար բացահայտել նոր բաներ»։
Հոգեբան Աննա Եղիազարյանը ևս կարծում է, որ վատի կողքին, ՏիկՏոկը ունի նաև դրական կողմեր։ Նրա խոսքով՝ ՏիկՏոկից կարելի է լավն էլ քաղել։ ՏիկՏոկի դրական կողմերից են արագ հայտնի դառնալը, զվարճալի տեսանյութեր դիտելով՝ տրամադրությունը բարձրացնելը, նոր ասպարեզներում գիտելիքների բազան ավելացնելը և այլն։
Ամեն դեպքում ՏիկՏոկը դարձել է շատերի առօրյայի մի մասը։ Դրանով պայմանավորված՝ այն միշտ թարմացնում է հավելվածի հնարավորություններ։ ՏիկՏոկյան հարթակն այժմ ունի այնպիսի գործիքներ, որոնց միջոցով կարելի է խուսափել ձեզ չհետաքրքրող մարդու կամ թեմայի մասին տեսանյութեր դիտելուց։
Հավելենք նաև, որ ՏիկՏոկ սոցիալական ցանցը ստեղծել է չինական ByteDance ընկերության 2016 թվականին։ Այս հարթակը ի սկզբանե նախատեսված է եղել կարճ հումորային կամ պարային տեսանյութեր տեղադրելու համար։ Այստեղ ցանկացած տեսանյութ կարող է ընկնել Rec և հավաքել միլիոնավոր դիտումներ և լայքեր։
Արուսյակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ