1in.am. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն նախօրեին հրամանագիր է ստորագրել «Զինվորական ծառայության անցնելու կարգի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին»: Ռուսաստանցի հայ փաստաբան, հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մինչ այս պահը պարտադիր կարգ չկար, դրա համար մոբիլիզացիայի ժամանակ շատ անօրինական բաներ էին կատարվում, քանի որ զինկոմիսարիատները չգիտեին՝ ինչպես պլանը կատարել: Նրա խոսքով՝ շատ դեպքերում մարդկանց անօրինական կարգով հրավիրում էին զինկոմիսարիատներ և պարտադրում էին պայմանագրեր ստորագրել, իսկ հիմա արդեն կարգ է մտցվում, ըստ որի՝ այն օտարերկրացիները, որոնք չեն կարող ծառայել, ունեն չմարված դատվածություն, ունեն տուգանքներ, այդ մարդիկ չեն կարող ծառայել ռուսական բանակում:
Կիրակոսյանը նշեց, որ նաև կարգ է մտցվում, որ եթե ՌԴ քաղաքացին ունի որևէ այլ պետության քաղաքացիություն, ապա Ռուսաստանն այդ անձին ճանաչում է որպես ՌԴ քաղաքացի՝ չնայած իր երկրորդ քաղաքացիությանը. «Նույնիսկ եթե նա քաղաքացի չէ, այլ ընդամենն ունի կացության կարգ, բոլոր դեպքերում նա համարվում է ՌԴ քաղաքացի և պետք է ծառայի: Որպես օրինակ նշեմ, որ միջինասիական պետությունները օրենք են ընդունել, որով արգելում են իրենց քաղաքացիներին, որոնք ունեն երկքաղաքացիություն, մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին: Այդ պետություններում այդ քաղաքացիներին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում, եթե նրանք մասնակցեն Ուկրաինայում պատերազմին: Այս իրավիճակում քաղաքացիները հայտնվում են բարդ իրավիճակում, դժվար է հասկանալ, թե ինչպես պետք է իրեն պահի, որ չխախտի ոչ մի պետության, ոչ մյուս պետության օրենքները»,-ասաց նա:
Հարցին՝ Հայաստանում ծառայությունից խուսափածները պետք է պարտադի՞ր ծառայեն Ռուսաստանի բանակում, փաստաբանը նշեց, որ միջազգային կարգն այնպիսին է, որ քաղաքացին կարող է ծառայել միայն մեկ պետությունում. եթե անձը ՌԴ քաղաքացիություն է ստացել արդեն չափահաս տարիքում և այստեղ կանգնել են զինվորական հաշվառման, ապա ունեն պարտականություն ծառայելու.«Այսինքն՝ եթե 17-18 տարեկան հայաստանցիները ժամանել են Ռուսաստան, ստացել են ՌԴ քաղաքացիություն, պարտավոր են այստեղ ծառայել: Խնդիրն այն է, որ հիմնական դեպքերում այդ երիտասարդների ծնվելու պահին նրանց ծնողները եղել են ՀՀ քաղաքացիներ: Այդպիսի երիտասարդները ավտոմատ կերպով ՀՀ քաղաքացի են, քանի որ ծնվել են ՀՀ քաղաքացիների ընտանիքում: Ռուսաստանի օրենքն ասում է, որ եթե ծնողներն ունեն երկու տարբեր քաղաքացիություններ, երեխան դառնալով չափահաս, ինքն է որոշում, թե որ ծնողի քաղաքացիությունն է ընդունում»:
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: