Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես առաջարկում եմ՝ Ալիեւի առաջ խրոնիկ գլուխ կախողները չխոսեն ընդդիմության գլուխ կախելու մասին». Ագնեսա Խամոյան

Նոյեմբեր 15,2022 14:12

«Մեր նպատակներում փոփոխություն չի եղել, այն շարունակում է մնալ այս իշխանությունների հեռացումը: Ընդդիմությունը միշտ ԱԺ-ում իր օրակարգով է, այդ օրակարգերը վերաբերում են Արցախին, Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերին, մեր քաղաքացիներին, մեզ ձայն տված շուրջ 300 հազար ձայն տված քաղաքացիների հարցերին: Մեր քայլերի, մեր նպատակների մեջ որեւէ փոփոխություն չի եղել: Մարտավարական որոշակի փոփոխություններ կարող են լինել, որովհետեւ գործընթացի ընթացքում կարող են արձանագրվել որոշակի շեղումներ»,-խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ խորհրդարանի աշխատանքների բոյկոտը դադարեցնելու եւ ԱԺ վերադառնալու իրողությանը:

Ագնեսա Խամոյանն ընդգծեց, որ ընդդիմադիր խմբակցությունները ամբողջությամբ դուրս չէին եկել խորհրդարանից եւ այս ընթացքում, փողոցային պայքարին զուգահեռ, նաեւ որոշակի խորհրդարանական աշխատանք են իրականացրել. «Այո ծավալների որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, որովհետեւ ակտիվ փողոցային պայքարի մեջ էինք: Ակտիվ փողոցային պայքարը որոշակի դադար է վերցրել եւ մենք փոխել ենք ծավալները՝ ԱԺ-ում մեր աշխատանքների մասով»:

Լրագրողներից մեկը նկատեց՝ իշխանության ներկայացուցիչներն՝ արձագանքելով ընդդիմության՝ խորհրդարան վերադարձին, ասում են՝ «գլուխները կախ ընդդիմադիրները եկան խորհրդարան», Ագնեսա Խամոյանը հակադարձեց. «Ես առաջարկում եմ՝ Ալիեւի առաջ խրոնիկ գլուխ կախողները չխոսեն ընդդիմության գլուխ կախելու մասին: Մենք թույլ չենք տալու մեծամասնությանը վերցնելու այն քվեն, որը մեզ տվել է շուրջ 300 հազար քաղաքացի: Մեզ տվել է քվե, որ մենք հեռացնենք այս իշխանություններին: Դա հեշտ չէ, բարդ է, բայց մեր նպատակների մեջ փոփոխություն չի արձանագրվել: Այո, այս փուլում չենք հաջողել, բայց պայքարը շարունակվում է: Հետեւություններ, եզրակացություններ անում ենք»:

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ դեռ չի կարող պատասխանել հարցին՝ վաղը կառավարության հետ հարցուպատասխանի նիստին, ընդդիմադիր պատգամավորները կմասնակցե՞ն, թե՞ ոչ:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930