Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եմ՝ տղա՛ ջան, դու 1000 դրամ ծախսեցիր, 200 դրամ շահեցիր, ի՞նչն է այստեղ շահել, չէ՞ որ քեզ խաբում են, ներգրավում խաղամոլության մեջ». Աղազարյանը պատմում է իր ու թոռների զբոսանքի մասին

Նոյեմբեր 15,2022 13:56

ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու եւ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորն առաջարկում է այն մեդիա միջոցները, որոնց անվանումները կապվում են շահումով խաղերի, կազինոների, վիճակախաղերի, բուքմեյքերականների հետ, փոխեն իրենց անվանումը 6 ամսվա ընթացքում. «Այդպիսի անվանումներով այլեւս չեն կարող ստանալ հեռարձակման թույլտվություն»:

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց. «Մենք պայքարում ենք խաղամոլության դեմ, մանկական, պատանեկան խաղամոլության մասին մտածե՞լ եք»: Պապոյանը պատասխանեց, որ օրենքով վերացրել են կանխիկով խաղադրույք դնելը, իսկ դա նշանակում է, որ անչափահասների մոտ կանխիկ գումարը վերահսկելը շատ ավելի հեշտ է: Բացի այդ, խաղադրույք կատարելու համար պետք է լինել 18 տարին լրացած, թեեւ երեխաները կարող են իրենց ծնողների, բարեկամների, հարազատների անունով գրանցվել:

Աղազարյանն արձագանքեց. «Մի օրինակ բերեմ՝ զբոսայգիներում կա հրաձգության խաղի ձեւ ու 100%-ով շահում են, բայց 1000 դրամ տալիս են, 200 դրամանոց ինչ-որ բան են շահում: Արդյոք այստեղ պատանի խաղամոլները չե՞ն ծնվում»: Պապոյանը պատասխանեց, որ իրենց խնդիրը այդ փոքր դեպքերը չեն, շատ ավելի մեծ խնդիր ունեն ու խոսքը գնում է 100 հազարավոր մարդկանց մասին, որոնց մի մասը տառապում է խաղամոլությամբ:

ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը պատմեց. «Երեկ տուն գնալուց իմ 7 տարեկան տղան, որը միշտ անհամբեր սպասել է, երբ է պապան գալու, որ իրենից կոնֆետ ու մեքենա ուզի, անհամբեր եկավ, ասաց՝ պապ, 1000 դրամ կտա՞ս: Ասացի՝ ի՞նչ ես անելու, ասաց՝ լոտո եմ առնելու խաղամ, որ շահեմ 100 հազար դոլար: 7 տարեկան երեխայի վրա այդ գովազդը շատ լուրջ ազդեցություն է ունեցել, որ ինքը կարողանում է արդեն իր խաղալիքներից ու հաճույքներից հրաժարվել, որպեսզի խաղա: Հանրային մուլտիպլեքսը ցույց է տալիս գովազդներ, որը այդ տարիքից երեխաների մոտ նստեցնում է խաղամոլությունը: Խոսքը նաեւ Youtube-ի ալիքների մասին է, որեւէ աշխատանք այդ ուղղությամբ տարվո՞ւմ է, թե՞ ոչ»:

Պապոյանը պատասխանեց, որ դա մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ արդեն լուծել են ու այն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ին: Այդ գովազդներն արգելվել են. «Չեմ բացառում, որ որոշ Youtube-յան ալիքներով, որոշ կայքերով դրանք լինեն, կհորդորեմ մեր քաղաքացիներին, որ մեզ ուղարկեն, կզբաղվենք այդ հարցերով»:

Հովիկ Աղազարյանն իր ելույթում անդրադարձավ նորից անչափահասների խոցելիությանը այս հարցում ու պատմեց. «Այդ դաժան խնդիրը լուծելու համար շատ ջանք է պետք, մենք բավականին ջանք թափում ենք, բայց պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Ասենք, թոռնիկներիս հետ գնում եմ զբոսայգի, այնտեղ կա «շահումով խաղ» հասկացություն՝ կրակելը եւ այլն; 1000 դրամ ծախսում են երեխեքը, շահում են 200-300 դրամ եւ տենաք էդ իրենց չարաճճի աչքերը ոնց են փայլում՝ դա շահելուց: Ասում եմ՝ տղա՛ ջան, դու 1000 դրամ ծախսեցիր, 200 դրամ շահեցիր, ի՞նչն է այստեղ շահել, չէ՞ որ քեզ խաբում են, ներգրավում են խաղամոլության մեջ: Կարող է թվա՝ պարզունակ թեմա է, բայց այդ ժամանակից է սկսում նաեւ խաղամոլության նկատմամբ վերաբերմունքը: Տեսեք պարոն Առուշանյանի օրինակը՝ արդեն փող է ուզում, որ լոտո խաղա: Ընդ որում, իմ թոռնիկները բավականին ձիգ, լավ սովորող, կազմակերպված տղաներ են, բայց բոլոր դեպքերում՝ այդ իրենց աչքերի փայլը որ ես նայում եմ, արդեն պատկերացնում եմ այն մարդկանց, որոնք 10 հազար դրամ փող են ստանում, երեկոյան ասում են՝ մի հատ մտնենք դնենք ու այդ 10 հազարն էլ են կորցնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930