«Իշխանությունները ԱԺ-ում քննարկումներ են իրականացնում մեր իրական իրավիճակից կտրված: Մեր բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք վերաբերվել են անվտանգությանը, Արցախին եւ այլն, նրանց կողմից մերժվել են: 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո կապիտուլյացիոն գործընթացները շարունակվում են Հայաստանում, որովհետեւ ՀՀ իշխանությունները կուրորեն գնում են կեղծ խաղաղության օրակարգի»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ընդդիմության՝ ԱԺ աշխատանքները բոյկոտելու, ապա խորհրդարան վերադառնալու որոշման մասին լրագրողների հարցերին:
Միաժամանակ, Սեյրան Օհանյանը հավելեց, որ ընդդիմությունը միշտ ԱԺ-ում է եղել՝ աշխատելով իր օրակարգով: Իսկ զուգահեռաբար, փողոցում օրակարգ ձեւավորել՝ ընդդիմությանը ստիպել է իշխանությունը՝ իր կեցվածքով:
«Մենք փողոցում գեներացրեցինք մեր ժողովրդի պայքարի ոգին, նաեւ միջազգային հանրությանը ցույց տվեցինք, որ Հայաստանի ժողովուրդն ի վիճակի է շարունակել պայքարել իր ինքնության համար: Եվ երրորդը, եթե ժամանակավրեպ ինչ-որ փաստաթղթեր պետք է ստորագրվեին, մենք կանխարգելեցինք»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա փողոցային գործընթացներն ավարտվել են եւ իրենց համակիրներն իրենց մանդատ են տվել, որ գործունեությունը շարունակեն ԱԺ-ում. «Մենք ԱԺ-ում աշխատելու ենք մեր օրակարգով: Դրանք վերաբերելու են Արցախին, անվտանգությանը, պաշտպանությանը, դրանք վերաբերելու են սոցիալական խնդիրներին, տնտեսության վիճակին, պետական կառավարմանը, ՀՀ իշխանությունների հավասարակշռության խախտմանը եւ այլն: Մենք այդ ամենը կներկայացնենք հանրությանը՝ լսումների, արտահերթ նիստերի եւ այլ գործընթացների միջոցով»:
Կարդացեք նաև
«Մեր օրակարգում մնում է այս իշխանություններին փոխելը, հեռացնելը: Մեր պետությունը պետք է ձերբազատվի պարտվողական իշխանություններից: Պարտված իշխանությունը անընդհատ գտնվում է պարտադրանքի, ճնշման ներքո: Մենք ամբողջությամբ մեր գործիքակազմերը, քաղաքական ուժերի հնարավորություններն օգտագործեցինք իշխանություններին հեռացնելու համար:
Ավելի լայն համախմբումը հնարավոր չէր, որովհետեւ մարդկանց մի մասը խնդիրներ ունի, մեր համակիրների մի մասը գտնվում է բանտերում, ճնշումների ներքո, իսկ մեր համակիրներից դուրս՝ մարդկանց մի մասն իրականում մոլորված վիճակում է։ Դրա համար չկարողացանք այն ուժը գեներացնել, որն անհրաժեշտ է այս իշխանությանը հեռացնելու համար: Հիմա մենք կարծում ենք, որ ԱԺ-ում աշխատելու ժամանակ նաեւ մեր գաղափարակիցները պետք է լինեն մեր թիկունքին»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմությունը դուրս էր եկել փողոց՝ գործող իշխանությանը հեռացնելու համար, մինչդեռ խնդիրը լուծված չէ:
Ընդդիմադիր պատգամավորը չի կիսում նաեւ լրագրողների այն դիտարկումները, որ ընդդիմադիրները մարդկանց քայլեցնում են փողոցներով եւ տուն են ուղարկում. «Հանրահավաքները նրա համար չեն, որ վերածվեն այլ գործողություների։ Հանրահավաքները նրա համար են, որ տեղեկացնենք, նորություններ հայտնենք, ընդհանուր տրամադրություններ ձեւավորենք, որ իրենք էլ տեղերում շարունակեն իրենց գործը՝ մեր նպատակները գեներացնելու համար»:
Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ