«ԿԸՀ-ի համացանցային կայքից հանվում են ընտրողների ռեգիստրը` որոնման հնարավորությամբ տեղադրելու, իսկ ոստիկանության կայքից հանվում է ըստ ընտրական տեղամասերի՝ ընտրողների ցուցակը տեղադրելու վերաբերյալ դրույթները»,- Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահի նախաձեռնությամբ հրավիրված ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։
Նշենք, որ նիստի ընթացքում քննարկվեց և ընդունվեց «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Շարունակելով առաջարկվող փոփոխությունների մասին տեղեկությունների տրամադրումը՝ նախարարն ասաց․ «Բռնազավթված տարածքների համար համայնքի ընտրողների ցուցակը կազմվում է՝ ըստ ընտրողների փաստացի բնակության վայրի։ Համապետական ընտրությունների դեպքում ՀՀ-ում գտնվող տեղահանվածների ընտրողների ցուցակը կազմվում է՝ ըստ ՀՀ-ում բնակության վայրի հասցեների։ Հանվում է համապետական ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակների սքանավորման և այդ ցուցակները տարածքային ընտրական հանձնաժողովում փակցվելու վերաբերյալ դրույթը»։
Ժիրայր Միրզոյանը նշեց՝ նաև հանվում է հանրաքվեի նախնական արդյունքները հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պարտադիր հրապարակելու դրույթը։ Ըստ փոփոխությունների՝ հանրաքվեն կանցկացվի այն նշանակելու օրվանից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո, հիմա գործում է համապատասխանաբար 50 և 60 օրվա ժամկետը։
Կարդացեք նաև
Պատգամավորներից մեկը հետաքրքրվեց՝ չե՞ք կարծում, որ համապետական ընտրության կամ հանրաքվեի անցկացման համար նպատակային կարող է լինել սահմանել ոչ թե մեկ, այլ գոնե երկու օր՝ հավանական ռիսկերից խուսափելու համար՝ անկանխատեսելիության հանգամանքով պայմանավորված։
ԱՀ ԱԺ Պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը պատասխանեց՝ ռիսկեր չեմ տեսնում։ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ հավելեց․ «Ռիսկեր կան նույնիսկ այս նիստի ժամանակ՝ հինգ րոպե հետո»։
ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ հետաքրքրվեց՝ այն, որ ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակները չեն սքանավորվելու և գործելու են այլ սահմանափակումներ, դա վերաբերվում է միայն տեղահանվածների՞ն, թե՞ Արցախում բնակվող հայերին։ Ժիրայր Միրզոյանը պատասխանեց․ «Դա վերաբերվում է բոլոր ընտրողներին՝ տեղահանված կամ չտեղահանված։ Գիտակցում ենք, որ ժողովրդավարական արժեքների խորացման տեսանկյունից մենք ունենք խնդիր այս կարգավորումներում, բայց գնում ենք այս քայլին՝ նպատակ ունենալով անվտանգության շատ ավելի բարձր նպատակն իրացնելու և որևէ խնդիր չստեղծելու հետ կապված։ Իհարկե, որևէ կերպ ապահովագրված չենք, ուղղակի սրանք քայլեր են, որոնք կնվազեցնեն հնարավոր ռիսկերը, և ավելի անվտանգ կկարողանանք կազմակերպել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն»։
Անդրադառնալով ընտրությունների և հանրաքվեի անցկացման համար երկօրյա ժամկետի սահմանման հետ կապված հարցին՝ նա ասաց․ «ԸՕ փոփոխությունները որևէ կերպ չեն վերաբերվում ժամանակահատվածին, որի ընթացքում կատարվում է քվեարկությունը։ Այդ հոդվածների որևէ փոփոխություն չի նախատեսվում։ Պատմության ընթացքում դեռ չի եղել դեպք, երբ ժամանակահատվածը չբավարարի, դրա համար էլ այս հարցին չենք անդրադարձել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ