«Այո, վերաբերվում է բոլոր պայմանագրային զինծառայողներին՝ շարքայինից- գեներալ գնդապետ: Ուղղակի, տարբեր օղակների ատեստավորումը իրականացվելու է տարբեր աշխատանքային խմբերի, հանձնաժողովների կողմից. վերին հատվածի սպաների համար՝ նախարարի գլխավորությամբ, շտաբային սպաների համար շտաբի պետի եւ կունենանք նաեւ կորպուսային հանձնաժողովներ: Բայց հավելավճարը նախատեսվում է միայն նախագծում նշված խմբերի զինծառայողների համար. հիմնականում, մարտական ծառայություն իրականացնող, պլանավորում իրականացնող զինծառայողների համար»,- խորհրդարանում՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, մանրամասնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը ներկայացնում էր «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագիծը երեկ արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը․ նիստին մասնակցել էին միայն իշխանական խմբակցության ներկայացուցիչները:
Ըստ այդմ, մարտական ծառայության շարքային պայմանագրային զինծառայողները, օրինակ, միջինը կստանան 316 հազար աշխատավարձ: Եթե տվյալ զինծառայողը նաեւ մարտական հերթապահություն է իրականացնում, այդ աշխատավարձին կավելանա ևս 80 հազար դրամ:
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ նման նախագիծ ներկայացնելու համար ու ցավաց, որ ընդդիմադիր գործընկերները դահլիճում չեն մասնակցում այս քննարկմանը, նաեւ հանձնաժողովում չեն մասնակցել, ավելին, առավոտյան դեմ են քվեարկել նիստերի օրակարգին, որում նաեւ այս հարցն էր ընդգրկված: Նա գտնում է, որ թերացող սպաները ստիպված կլինեն վերանայել իրենց աշխատաոճը եւ որակյալ կադրային հոսք կապահովենք դեպի բանակ, քանի որ բանակում լուրջ պաշտոնների թափուր տեղեր կան:
Կարդացեք նաև
Սուրեն Պապիկյանը պահեստազորում գտնվող զինծառայողներին կոչ արեց օգտվել այս հնարավորությունից եւ մաս դառնալ կառավարության՝ պրոֆեսիոնալ բանակ կառուցելու ծրագրին, ասաց նաեւ, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքների ապահովությունը պետության ուշադրության կենտրոնում է եւ ընտանիքների անդամների համար էլ սոցիալական երաշխիքների փաթեթներ են լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում
Մեկ այլ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով էլ, Սուրեն Պապիկյանն ի դեմս կառավարության, առաջարկում է՝ 6 ամիս ծառայելուց հետո, ժամկետային զինծառայողին հնարավորություն տալ՝ դառնալ պայմանագրային զինծառայող՝ կնքելով հնգամյա ծառայության պայմանագիր՝ 5 միլիոն դրամ պարգեւավճարով: Այս փոփոխությամբ, «Ես եմ» ծրագրի, որը այլեւս դադարում է գոյություն ունենալուց, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին հնարավորություն կտրվի ստանալ նախատեսված հինգ միլիոն դրամ գումարը:
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը սա համարում է ամենահամարձակ նախագիծը ու կարծում է, որ սրանով, պրոֆեսիոնալ բանակի ստեղծման հիմնաքարն ենք դնում:
Սուրեն Պապիկյանն էլ առաջարկեց, որ այս փոփոխությանը նայենք, որպես ՀՀ-ի շուրջ խաղաղությունը ամրապնդելու գործիք, քանի որ ՀՀ-ն իր որեւէ հարեւանի հետ պատերազմելու խնդիր չի դնում իր առջեւ:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ միացավ այն գործընկերներին, ովքեր ցավում են, որ ընդդիմությունը չի մասնակցում այս քննարկումներին, թեեւ Անդրանիկ Քոչարյանը ընդդիմադիր գործընկերներից լսել է, որ «կառավարությունը ոնց որ թե ուզում է լավ բան անել», բայց, ընդդիմադիրները, իր խոսքով, ոնց որ վստահություն չունեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ