Լրահոս
Օրվա լրահոսը

2021թ. Ադրբեջանի կառավարությունը 562 միլիոն դոլար է ներդրել Արցախի բռնազավթած տարածքներում տարբեր նախագծերի մեջ. գործում է մոտ 30 թուրքական ընկերություն. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 15,2022 11:55

Եթե մինչեւ պատերազմը Թուրքիան քաղաքական եւ բարոյական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, ապա դրանից հետո սերտացավ տնտեսական, ռազմական եւ անվտանգային ոլորտներում համագործակցությունը, միաժամանակ Ադրբեջանին պարտադրվեց թյուրքական ինքնության ընդունումը որպես առանցքային։ Այդ ճանապարհին Թուրքիան ներթափանցում է Ադրբեջանի գրեթե բոլոր ոլորտները, դերակատարություն է ստանձնում առաջնային նախագծերում, ներառյալ նոր մայրուղիների, օդանավակայանների, թունելների եւ էլեկտրակայանների կառուցումը Արցախի հողում: Մասնավորապես, վերջին երկու տարվա ընթացքում թուրքական կապիտալի եւ կազմակերպությունների ներգրավմամբ կառուցվել են Վարանդայի եւ Կովսականի շրջաններում երկու օդանավակայանները։ Արցախում կառուցված օդանավակայանների նշանակությունն այն է, որ դրանք ռազմական եւ ռազմավարական նշանակություն ունեն Էրդողանի թուրանական երազանքի կառուցման համար։

Պաշտոնական տվյալներով՝ 2021 թ. Ադրբեջանի կառավարությունը 562 միլիոն դոլար է ներդրել Արցախի բռնազավթած տարածքներում տարբեր նախագծերի մեջ։ Բաքվում Թուրքիայի դեսպանատան տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում գործում է մոտ 30 թուրքական ընկերություն, որոնք արդեն իսկ 1 միլիարդ դոլարի ներդրում են կատարել տարածաշրջանային ծրագրերում։

Դեռեւս հոկտեմբերին «Eurasianet»-ը գրել էր, որ Թուրքիայի նախագահին մոտ կանգնած ընկերությունները հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրեր են ստացել Արցախի գրավյալ տարածքների վերականգնման համար։ Կովսականում գտնվող գյուղատնտեսական նոր խոշոր համալիրում Էրդողանի ընտանիքի անդամները բիզնես գործընկերներ են նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի անդամների հետ: Հրապարակման համաձայն՝ Էրդողանը եւ Ալիեւը «Դոստ» («Բարեկամ») ագրոպարկի հիմքը դրել էին 2021 թ. հոկտեմբերին, հատկանշական է, որ այն մոտ է Հայաստանի եւ Իրանի սահմաններին։ «Դոստ» ագրոպարկը 100 մլն դոլար արժողությամբ ծրագիր է, որտեղ վերջնարդյունքում աշխատելու է 500 մարդ եւ աճեցվելու են մինչեւ 10 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուններ։

Արցախում գործող թուրքական ընկերությունների թվում են «Cengiz» եւ «Kalyon» հոլդինգները։ Դրանցից վերջինը ներգրավված է Հորադիզ-Ագբանդ երկաթուղային գծի կառուցման մեջ, որը նախատեսվում է որպես Նախիջեւան գնացող տրանսպորտային երթուղու մաս: Նախնական տվյալներով՝ նախագծի արժեքը կկազմի ավելի քան 180 մլն դոլար, իսկ շինարարության ավարտը նախատեսված է 2023 թ.։

Թուրքիան «յուղոտ» պատառ է ստացել հանքավայրերի շահագործման մասով։ 2021-ին Ալիեւը հրամանագիր ստորագրեց Քարվաճառի շրջանի երեք ոսկու հանքերը հետախուզության, մշակման ու շահագործման նպատակով 30 տարի ժամկետով թուրքական ընկերություններին հանձնելու մասին։ Ի դեպ, Թուրքիայի օրինակին են հետեւել այլ երկրներ նույնպես՝ մասնակցելով Արցախի բռնազավթված տարածքներում բիզնես նախագծերին, ինչպիսիք են Իտալիան, Իսրայելը եւ Մեծ Բրիտանիան։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930