Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համահայկական գագաթաժողովն ի՞նչ ուղերձ կամ խորհուրդ պատգամեց ազգին, մեղմե՞ց արդյոք վիրավոր Արցախի մխացող ցավը. «Հայացք Երեւանից»

Նոյեմբեր 15,2022 11:33

Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման նախաշեմին՝ հոկտեմբերի 28-31-ը, Հայաստանում անց էր կացվում բավական տպավորիչ վերտառությամբ մի միջոցառում, որը, կարծես թե, աննկատ մնաց այդ օրերին տեղի ունեցող բուռն իրադարձությունների թոհուբոհում: Խոսքը 1999թ.-ից պարբերաբար քաղաքամայր Երեւանում գումարվող Համաշխարհային հայկական գագաթաժողովի մասին է, որի շուքը, համուհոտը, փայլը այս անգամ մի տեսակ խամրած էին: Չէր զգացվում Մեծ հայահավաքի երբեմնի թովչանքը, որին հանրությունն ընտելացել էր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեքստում: Անգամ պանելային քննարկումներն անցնում էին Ազգային պատկերասրահի կիսադատարկ դահլիճում:

Այսպես՝ խնդրո միջոցառման կազմակերպման ու անցկացման համար Կառավարությունը հատկացրել էր 308,9 միլիոն դրամ, իսկ գնման գործընթացն իրականացվել էր «Հրատապ՝ մեկ անձից» ընթացակարգով, ինչն ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Սա մեկ: Երկրորդ՝ այդ ինչպես է ստացվում, որ պետությունը 1.500 հրավիրյալների համար մի դեպքում՝ (2017-ին), ծախսում էր 85 միլիոն դրամ, իսկ մյուս դեպքում (2022-ին) 600 անձի համար՝ 308,9 միլիոն կամ 3,5 անգամ ավելի: Ընդ որում՝ առաջին դեպքում հրավիրյալները ժամանել էին աշխարհի 70 երկրից, իսկ երկրորդ դեպքում՝ 40 երկրից, ինչը համեմատաբար պակաս ծախսատար է: Էլ չասած, որ մասնագիտական քննարկումների ժամանակ 600 տեղանոց դահլիճը կիսադատարկ էր, իսկ 1.500 տեղանոցը՝ լեփլեցուն:

Հիմա գանք միջոցառման բովանդակային մասին: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ գործադիրն այս տարի որոշեց երկուսուկես անգամ նվազեցնել մասնակիցների թիվը մինչեւ 600 հոգի՝ նախորդ անգամվա 1500-ի փոխարեն: Կառավարությունը դա հիմնավորում է «որակ, այլ ոչ թե քանակ ապահովելու» տրամաբանությամբ, որի ենթատեքստում, ի դեպ, անհարգալից վերաբերմունք կա մեր հայրենակիցների հանդեպ, եթե չասենք՝ չքողարկված վիրավորանք: Եվ դա գալիս է ոչ թե նրբանկատության կամ դաստիարակության պակասից, այլ Սփյուռքի նկատմամբ այս իշխանակարգի՝ ի սկզբանե որդեգրած կոշտ, անբարյացակամ ու թրքահաճո դիրքորոշումից:

Ընդ որում՝ 600 մասնակցի մասին խոսք լինել չի կարող:

Դե ինչ, Համահայկական գագաթաժողովի եռօրյա օրակարգը սպառվեց, միջոցառումներն ավարտվեցին, բայց հարցերի ու տարակուսանքների մի թանձր մրուր մնաց. ո՞րն էր ներկա հայահավաքի նպատակը, ի՞նչ տվեց այն՝ որքա՞ն արդյունավետ եղավ Հայաստանի եւ Արցախի համար, նպաստե՞ց հայապահպանության հրամայականին, ի՞նչ ուղերձ կամ խորհուրդ պատգամեց ազգին, մեղմե՞ց արդյոք վիրավոր Արցախի մխացող ցավը: Քանի դեռ այս հարցադրումները մնացին բաց, նույնիսկ չընդունվեց պատշաճ, ժամանակի ոգուն հարիր հռչակագիր, կարելի է արձանագրել, որ 7-րդ Համահայկական գագաթաժողովը չկատարեց իր պատմական ու գաղափարախոսական առաքելությունը: Այն ուղղակի «պարապ վախտի խաղալիք» էր:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 40-րդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930