Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Խաչատրյան․ «Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության ամենաիրական վտանգի առաջ, իսկ միջազգային իրադրությունը դա կանխելու համար որևէ հուսադրող ազդակ չի հաղորդում․ «Փաստ»

Նոյեմբեր 15,2022 09:00

«Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը խոսելով վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցող ինտենսիվ հանդիպումների, դրանց բնույթի մասին՝ մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Ցավոք, սա այն դեպքը չէ, երբ բանակցությունների բարձր ինտենսիվությունը լռեցնում է հրանոթները։ Պատերազմից հետո Ադրբեջանը որդեգրել է ուժային դիվանագիտության մարտավարությունը, և բանակցությունների ինտենսիվությունը վերջինիս անհրաժեշտ է զուտ սեփական ռազմական ագրեսիան կոծկելու և կառուցողական կերպար ընդունելու տեսանկյունից։ Տեսեք, նոյեմբերի 9-ից հետո բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ են եղել, բայց դրանք գոնե ժամանակավորապես չեն հանգեցրել սահմանային իրավիճակի կայունացման։ Միայն վերջին օրինակները բերեմ. Բրյուսելյան վերջին հանդիպումից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ սեպտեմբերի ագրեսիան, Պրահայից և Սոչիից կարճ ժամանակ անց Ադրբեջանը նորից փորձում է սրել լարվածությունը, կոշտացրել է ռազմական հռետորաբանությունը, և չի բացառվում նոր ագրեսիան։ Այսինքն, Ալիևը պարզապես բարձր մակարդակի հանդիպումներն օգտագործում է Հայաստանի ղեկավարության առջև նոր՝ անընդունելի պահանջներ դնելու համար, և անկախ նրանից, թե հայկական կողմը այդ պահանջներից քանիսը կբավարարի, քանիսը՝ ոչ, հանդիպումների և դրանց արդյունքների մանիպուլյատիվ մեկնաբանության արդյունքում Ալիևը հերթական ագրեսիայի հիմնավորումներ է ստեղծում»,-ասաց փորձագետը:

«Ցեղասպանության վտանգն այլևս միայն ենթադրական սպառնալիք չէ» Անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների խոսույթին, հայտարարություններին, որոնք ավելի սուր բնույթ են կրում, Դերենիկ Խաչատրյանը համեմատականներ անցկացրեց 2020-ին առկա իրավիճակի հետ: «Առհասարակ, երկու հակամարտող երկրների ղեկավարների մակարդակով բանակցային դիսկուրսի հրապարակայնացումը, փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները վկայում են դիվանագիտության ձախողման մասին։ Եթե ուշադիր հետևենք 44-օրյա պատերազմին նախորդած փուլում երկու երկրների ղեկավարների հռետորաբանությանը, կնկատենք, որ բանակցային սեղանի շուրջ առկա հակասությունների հրապարակայնացումը սովորաբար նպատակ է հետապնդում նախօրոք արդարացնելու սպասվող ռազմական էսկալացիան։

Պետք է արձանագրենք, որ այսօրվա իրավիճակը շատ չի տարբերվում 2020 թ. սեպտեմբերի կեսերին տիրող իրավիճակից։ Այստեղ ամենավտանգավորն այն է, որ եթե 2020 թվականին խոսվում էր ցեղասպանության վտանգի մասին, ապա դա միայն ենթադրական սպառնալիք էր. այսինքն, հայկական կողմը ուներ դրան դիմակայելու քիչ թե շատ հուսադրող ռեսուրս, բոլորովին այլ իրավիճակ էր միջազգային և տարածաշրջանային հարաբերություններում։ Մինչդեռ այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության ամենաիրական վտանգի առաջ, իսկ միջազգային իրադրությունը դա կանխելու համար որևէ հուսադրող ազդակ չի հաղորդում։ Հայկական կողմը պետք է չափազանց խոհեմ գտնվի ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։ Յուրաքանչյուր անզգույշ հայտարարություն և նույնիսկ ավելորդ ու չհաշվարկված զիջում կարող է պայթեցնել տարածաշրջանը»,-ընդգծեց փորձագետը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930