Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայուգենը» դաժանությունը չի բացառում

Նոյեմբեր 15,2022 10:00

Պեմզաշենում կատարված սահմռկեցուցիչ հանցագործության հասարակական առաջին արձագանքը՝ մինչեւ կասկածյալներին ձերբակալելը, բավականին հետաքրքիր էր: Թե ֆեյսբուքում, թե փողոցում գերակայող կարծիքը, կարծես թե, հետեւյալն էր. նման բան հայերը հայերի հետ չէին կարող անել, այստեղ հաստատ թուրքական հետք կա: Սակայն շատ արագ պարզվեց, որ 31-ամյա կնոջն ու նրա երկու երեխաներին սպանողները, շատ հավանական է, ոչ միայն հայեր էին, այլեւ զոհերի համագյուղացիները:

Երբ հայը կամ որեւէ այլ ազգի ներկայացուցիչ ասում է՝ «չէ՜, մենք այդպիսին չենք», տեսնես, նա ի՞նչ նկատի ունի: Որ տվյալ ազգի երակներում հատուկ կարգի մի արյուն է հոսում, որը բացառում է դաժանությունն ընդհանրապե՞ս, թե՞ դաժանությունը՝ իր արյունակիցների հանդեպ: Այդ դեպքում թույլ տվեք հարցնել՝ ռուսներն ու ուկրաինացիները արյունակից չե՞ն: Եթե դուք հավատում եք, որ «գենետիկ կոդը» որոշում է տվյալ ազգի վարքը, մի՞թե այդ երկուսի «կոդերն» իրար մոտ չեն: Կամ մի՞թե իրարից հեռու են այդ երկու ազգերի մշակույթները, կրոնը, լեզուն: Ինչո՞վ է այդ դեպքում բացատրվում դաժանությունը:

Այնպես որ «հայու գենը» որեւէ բան չի որոշում՝ ո՛չ բարությունը, ո՛չ դաժանությունը, ո՛չ խելքը, ո՛չ հիմարությունը, ո՛չ էլ ագահությունը կամ առատաձեռնությունը: Դրանք բոլորը անհատական հատկանիշներ են:

Ուրիշ հարց, որ քարոզիչները կարող են մարդկանց ուղեղը լվանալ եւ ներշնչել նրանց, թե իրենց խումբը բոլոր տեսակի բարեվարքությունների մարմնավորում է, իսկ հակառակ խումբը՝ ոչնչացման արժանի թշնամի: Բայց քարոզչության ազդեցության տակ մարդկանց վայրենացումը կարող է տեղի ունենալ ամենեւին ոչ միայն ազգային տարբերությունների հիման վրա: Հայաստանի իշխանության 4 տարվա քարոզչությունը՝ ձեզ օրինակ:

Ի դեպ, «թուրք» հասկացությունը, դարձյալ եթե հավատանք «արյան տեսությանը», նույնպես խիստ հարաբերական է: Բազմազգ Օսմանյան կայսրության բնակիչների մի մասը վերջնականապես թուրք դարձավ միայն 20-րդ դարում՝ Մուսթաֆա Քեմալի ժամանակ: Այնպես որ, եթե հայերի դեմ ոճիրներ գործած թուրքերի «գենետիկ կոդը» ստուգենք, ապա այնտեղ կհայտնաբերենք այլ ազգերի, այդ թվում հայերի «կոդերը»:

Հետեւաբար, դաժանությունը հայու կամ թուրքի գենի հետ կապ չունի: Ճիշտ մեկնաբանությունը կհնչի այսպես. մա՛րդը նման բան չէր կարող անել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Վարչապետը վաղուց և ակնառու ցույց է տվել, թե ինչի է ընդունակ հայը փողի ու իշխանության համար: Այս դեգեներատ մոլագարը չէ, ռր դա պիտի ապացուցի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930