Կայացավ«Կրթություն`ժամանակին համընթաց» խորագրով միջոցառում, որի
ընթացքում «Իմ դպրոց» կայքի տնօրեն Գոռ Այվազյանը ամփոփեց անցյալ ուսումնական տարվա ընթացքում անցկացված մաթեմատիկայի մրցույթի արդյունքները, հավաստագրեր հանձնեց մասնակից դպրոցներին, ինչպես նաև հայտարարեց հաղթող դպրոցի անունը։
Ըստ այդմ՝ 2021-2022 ուստարում մաթեմատիկա առարկայից մրցույթին մասնակցել է 70 դպրոց, որոնց թվում են նաև Կոտայքի,Արմավիրի,Արագածոտնի, Շիրակի մարզերի դպրոցները։ Շուրջ 6235 աշակերտ մասնակցել է մրցույթին։
Գոռ Այվազյանը նշեց, որ դեռ 2015 թվականին իրենք ունեին մի հարթակ,որն այդքան էլ զարգացած չէր, իսկ այժմ կայքը դարձել է մի մոդել, որն իր ազդեցությունն է թողնում մեր հասարակության վրա:
Հավելենք, որ համադպրոցական փուլում ամենաբարձր արդյունքը ցուցաբերել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցը։ Հաղթող դպրոցի աշակերտները 2021-2022 ուստարում կրթական հարթակի բազայից ճիշտ են լուծել 279,837 առաջադրանք։ Հավաքած միավորների շնորհիվ կայքի «թոփ դպրոցներ» բաժնում զբաղեցրել են 1-ին հորիզոնականը։ 7 մասնակից դասարաններից 6-ը հայտնվել են լավագույն տասնյակում, իսկ 3-ը` լավագույն եռյակում։
Հաղթող դպրոցի տնօրեն Անահիտ Ուզունյանը շնորհակալական խոսքերից հետո նշեց. «Գիտեի,որ 1-ին տեղում ենք, որովհետև այդ մրցույթի արդյունքները հնարավոր չէ թաքցնել,կայքում երևում է: Արդեն գլխի էինք ընկել»: Հավելեց նաև,որ իրենք ոչ մի առիթով չպետք է մոռանան,որ դպրոց են ղեկավարում և մեծ պարտավորվածություն ունեն:
Գլխավոր միջոցառումից զատ տեղի ունեցավ նաեւ մեկ այլ մրցույթ:Մրցանակներից մեկն էլ «Իմ դպրոց» կայքի բաժանորդագրություն էր՝ մեկ տարի ժամկետով:
Նատալի ՄԻՆԱՍՅԱՆ
Լիլիթ ՄՈւՐԱԴՅԱՆ