Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն ՀՀ ԱԱԾ-ից տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի նախկին ղեկավար Երվանդ Խաչատրյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2015-ին ՀՀԿ-ին է օտարել Ծաղկահովիտի համայնքապետարանի վարչական շենքի 1-ին հարկում գտնվող 80.86 քառ. մետր մակերեսով տարածք։
Ըստ նյութերի՝ մասնավորապես 2015-ի հոկտեմբերի 19-ին ՀՀԿ-ի կողմից Ծաղկահովիտի համայնքապետարանին առաջարկ է ներկայացվել ուղղակի վաճառքի ձևով հիշյալ տարածքը ՀՀԿ-ին օտարելու վերաբերյալ:
Այնուհետև Ծաղկահովիտի համայնքապետարանի պատվերով «Կռունկ» ՍՊԸ-ի կողմից գույքի շուկայական արժեքը գնահատվել է 1.510.000 ՀՀ դրամ, որից հետո, հիմք ընդունելով Ծաղկահովիտի ավագանու թիվ 34 առ 02.10.2015թ. արձանագրությունը, Երվանդ Խաչատրյանը նշված գույքն ուղղակի վաճառքով օտարել է ՀՀԿ-ին:
Այժմ կազմված փաստաթղթերը գտնվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: Խնդիրն այն է, որ ըստ համայնքի ավագանու արձանագրության՝ ավագանու նիստին մասնակցել են 5 անդամներից 4-ը․ նրանք «կողմ» են քվեարկել, մինչդեռ նույն արձանագրությունում համայնքի անդամներից երկուսի ստորագրությունները բացակայում են: Իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանու նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին:
Կարդացեք նաև
Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Երվանդ Խաչատրյանից։ Նա ՀՀ-ում չէ այս պահին։ «Վայբերով» գրեցինք, որ ցանկանում ենք պարզաբանում ստանալ։ Երվանդ Խաչատրյանը, առանց իմանալու, թե պարզաբանում ինչ հարցով ենք խնդրում, միանգամից նշեց․ «Վատառողջ եմ, ցանկություն չունեմ ոչ մի հարցի պատասխանելու»։
ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ կազմակերպական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ-ում ծանուցում ստացե՞լ են, տեղյա՞կ են այս գործից, հնարավո՞ր է, որ նման բան եղած լինի՝ Ծաղկահովիտի համայնքապետարանի շենքի մի հատված ժամանակին օտարված լինի ՀՀԿ-ին։ Նա պատասխանեց․ «Ես տեղյակ չեմ, կփորձեմ ճշտել, Ձեզ կպատասխանեք։ Ինչ եղել է, եղել է օրենքի շրջանակներում՝ և′ աճուրդը, և′ որոշումները։ Մնացածից տեղյակ չեմ։ Չեմ կարող մի բան մեկնաբանել, որից տեղեկատվություն այս պահին չունեմ։ Կպարզենք, հետագայում կտեղեկացնենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ