Փորձը եւ գիտելիքները, որոնք ունի ԱՄՆ Կոնգրեսը հետազոտությունների ոլորտում, հետաքրքիր է ՀՀ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական կենտրոնի համար: Սա ինքնատիպ մեկնարկն է այն հարաբերությունների, որոնք ձեւավորվում են ԱԺ-ի եւ ԱՄՆ Կոնգրեսի միջեւ նաեւ աշխատակազմերի հարթակում: Շատ կարեւոր է, որ այն փորձագետները, որոնք օժանդակում են պատգամավորների գործունեությանը, լինեն պատրաստ, իրազեկ եւ զինված գիտելիքներով: Փորձագիտական եւ վերլուծական կենտրոնը ՀՀ ԱԺ աշխատակազմի կարեւոր գիտական ներուժն է:
Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը նոյեմբերի 14-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության աշխատանքային խմբի անդամներին: Նա նշել է, որ նման հանդիպումները կարեւոր են նաեւ արտասահմանյան գործընկերների համար՝ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության աշխատակիցների կողմից իրենց փորձով ու գիտելիքներով կիսվելու եւ ներկայացնելու տեսանկյունից:
Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության աշխատանքային խումբը նոյեմբերի 14-16-ը ՀՀ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական կենտրոնի աշխատակիցների համար անցկացնում է տեխնիկական աջակցության խորհրդատվություն՝ «Ճշգրիտ եւ անկախ խորհրդարանական հետազոտությունների ընդլայնում` քաղաքացիներին ավելի լավ ծառայելու համար» թեմայով:
Շնորհակալություն հայտնելով նման հարթակի ստեղծման համար՝ Հեղինե Խաչիկյանը հույս է հայտնել, որ միջազգային գործընկերների օգնությամբ ՀՀ ԱԺ եւ Կոնգրեսի աշխատակազմերի հետագա փոխգործակցությունը կդառնա ինստիտուցիոնալ:
Կարդացեք նաև
Աշխատաժողովի ընթացքում դասախոսություններով հանդես են գալու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի աշխատակազմի նախկին ղեկավար Թոմաս Կանը, օրենսդրական նախկին ղեկավար Քրիստինա Դանկլին, Հետազոտական ծառայության մի խումբ վերլուծաբաններ:
Կարեւորելով եվրոպական երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցությունը եւ իրավական բնույթի տեղեկատվության փոխանակումը՝ Ներկայացուցիչների պալատի փորձագետները կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն քաղաքականության առաջարկներն ուղղորդելու, քաղաքականության բարդ թեմաներում հմտորեն կողմնորոշվելու համար:
ՀՀ Ազգային ժողով