Երիկամների հիվանդությունների ախտանշանները մեծամասամբ աննկատ են մնում, անտեսվում են կամ էլ ի հայտ են գալիս հիվանդության արդեն բարդացած փուլում։
Իհարկե, երիկամների առողջության մասին ամենահուսալի տեղեկատվությունը կարող եք ստանալ բժշկի մոտ հետազոտվելուց հետո, սակայն կան ընդհանուր ախտանշաններ, որոնք կարող են ձեզ հուշել, որ հետազոտվելու և երիկամներին անհրաժեշտ ուշադրություն դարձնելու ժամանակն է։
1․ Հոգնածության և թուլության զգացում․ Երիկամների հիվանդությունների առկայության դեպքում մարդն էներգիայի պակաս է զգում, դժվարանում է կենտրոնանալու հարցում։ Երիկամների գործառույթների լուրջ խանգարումները կարող են արյան մեջ տոքսինների կուտակման, էրիթրոցիտների նվազման պատճառ դառնալ՝ հարուցելով հոգնածության, թուլության, ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ։
2․ Մեզի հաճախականության և քանակի փոփոխություն. Երիկամների հիվանդությունները կարող են կապված լինել միզելու հաճախականության, քանակի փոփոխությունների հետ:
Կարդացեք նաև
3․ Արյուն մեզի մեջ․ Որոշ դեպքերում մեզը կարող է «կոլայի գույն» ունենալ կամ կարմիր լինել։ Դա տեղի է ունենում երիկամների ֆիլտրացիոն գործառույթների խանգարումների պատճառով։
4․ Փրփրոտ մեզ․ Տհաճ հոտով, փրփրուն մեզը կարող է հուշել երիկամների ինֆեկցիաների մասին, իսկ մեզի մեջ ալբումին սպիտակուցի խտությունը կարող է հուշել երիկամների վնասվածքների մասին։
5․ Այտուցված դեմք և կոճեր․ Սպիտակուցների կորուստն առաջացնում է կոճերի ու ոտնաթաթի այտուցներ հատկապես առավոտյան ժամերին։ Երբեմն քնից հետո այտուցվում է դեմքը (լուսնաձև դեմք), որը սովորաբար անցնում է օրվա ընթացքում․ սա ցուցում է երիկամների հիվանդությունների առկայությունը ստուգելու։
6․ Քնի խանգարումներ․ Երիկամերի հետ կապված խնդիրների ժամանակ կարող է առաջանալ ոտքերի անհանգստություն քնի ժամանակ, ինչը, ենթադրվում է, կապված է արյան մեջ միզանյութի բարձր պարունակությամբ։ Երիկամների հիվանդությունները նաև կապվում են ավելորդ քաշի, ճարպակալման և քնի ապնոէի (շնչառական դժվարություններ, խռմփոց) դրսևորումներով։
7․ Չոր ու քորվող մաշկ․ Երիկամների հիվանդությունները կարող եք մաշկի տակ տոքսինների կուտակումներ առաջացնել, ինչպիսիք են միզանյութն ու միզաթթուն։ Օրգանիզմում սննդանյութերի անբավարարության հետ զուգահեռ դա կարող է մաշկային խնդիրներ առաջացնել։
8․ Ախորժակի կորուստ․ Այս ախտանշանը կարող է առաջանալ ամենատարբեր խնդիրների դեպքում, այդ թվում և երիկամների հիվանդությունների ժամանակ։
9․ Մկանների ջղակծկումներ․ Կալցիումի, վիտամին D-ի, մագնեզիումի անհավասարակշռությունն ու անբավարարությունն օրգանիզմում կարող է մկանային ջղակծկումներ առաջացնել երիկամների հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում։
Որոնք են երիկամների հիվանդությունների զարգացման պատճառները
Երիկամների հետ կապված խնդիրների առաջացման պատճառները շատ տարբեր են, դրանց թվում են՝
- դիաբետ,
- զարկերակային բարձր ճնշում,
- ինֆեկցիաներ,
- 60-ից բարձր տարիք,
- երիկամների հիվանդությունների ընտանեկան պատմություն,
- ռասսայական ու էթնիկ պատկանելիություն,
- գլոմերուլոնեֆրիտ (բորբոքային հիվանդություն, որն բնորոշվում է երիկամների կծիկների ու մանր անոթների ախտահարմամբ)
- գենետիկ հիվանդությունները, ինչպիսիք են երիկամների պոլիկիստոզը,
- որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը,
- քաղցկեղ,
- երիկամների քարերը,
- շագանակագեղձի մեծացումը։
Կարելի՞ է արդյոք կանխարգելել երիկամների հիվանդությունները
Երիկամների որոշ հիվանդություններ կարելի է կանխարգելել կամ դանդաղեցնել դրանց զարգացումը՝ հետևելով այս ցուցումներին․
Առողջ սնունդ․ խուսափեք ճարպոտ ու աղի, տապակած, պահածոյացված կերակուրներից, բավականաչափ հեղուկ օգտագործեք։
Միզուղիների ինֆեկցիաների ժամանակին բուժում․ շատ դեպքերում միզուղիների ինֆեկցիաներն անտեսում են։ Միզուղիների ինֆեկցիաների ճիշտ ժամանակին բուժումը կարող է կանխել երիկամների վնասումը երկարաժամկետ հեռանկարում։
Խուսափեք ինքնաբուժումից ու առանց բժշկի նշանակման հավելումներից․ առանց դեղատոմսի ընդունված որոշ հավելումներն ու ցավազրկողները կարող են երիկամների վնասման պատճառ դառնալ։ Երբեք մի ընդունեք դեղամիջոցներ առանց առողջապահության ոլորտի մասնագետի հետ խորհրդակցելու։
Պահպանեք ֆիզիկական ակտիվությունը․ կանոնավոր կերպով սպորտով զբաղվելը կարող է նպաստել արյան մեջ շաքարի մակարդակի, զարկերակային ճնշման կարգավորմանը, առողջ քաշի պահպանմանը։ Դա կնվազեցնի ռիսկի բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ երիկամների հիվանդեությունների զարգացման։
Խուսափեք ալկոհոլից ու ծխախոտից, որոնք կարող են վնասել տարբեր օրգանները, այդ թվում՝ երիկամները։
Բժշկական պլանային ստուգումներ անցեք․ երիկամների հիվանդությունների ախտանշանները շատ հաճախ անտեսվում են կամ շատ ուշ են արտահայտվում։ Բժշկական կանոնավոր հետազոտությունները կօգնեն բացահայտել վտանգի գործոններն ու հնարավորինս շուտ ախտորոշել երիկամների հիվանդությունները։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ