Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշեսյան թագավորությունից մինչև մեր օրեր՝ ֆիլատելիայի մեկ ցուցահանդեսում

Նոյեմբեր 14,2022 18:45

Ցավոք, արձանագրում ենք, որ անկախությունից ի վեր ֆիլատելիան մեզ մոտ նահանջ էր ապրում մինչև վերջին տարիները, երբ ֆիլատելիային առաջին հերթին «Հայփոստը», ապա Ֆիլատելիստների միությունը շատ մեծ ուշադրություն սկսեցին դարձնել: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի, Հայփոստ» ՓԲԸ-ի և Կենտրոնական բանկի կազմակերպված ցուցահանդեսին, որը  նվիրված է Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին:

«Հիմա տեսնում ենք, որ ոլորտն արագ զարգանում է, և հետաքրքրությունը ֆիլատելիայի նկատմամբ մեծանում է»,-նշեց նա :

Ցուցահանդեսի շրջանակներում շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված ««Ֆիլանում» (ֆիլատելիստների և նումիզմատների միություն) կազմակերպության 100-ամյակ» թեմային: 380 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «ՀայՓոստ» ՓԲԸ-ն կփոխանցի Ֆիլատելիստների հայկական ասոցիացիային:  Նամականիշի վրա պատկերված են խոշորացույց, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը, ինչպես նաև՝ «100 ԱՄՅԱԿ», «ՖԻԼԱՆՈՒՄ» և «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

«Շատ կարևոր խորհուրդ կա այս ամեն ինչի մեջ: Ֆիլատելիան դարձել է նաև քաղաքական լուրջ բաղադրիչ: Նույնիսկ պետական այրերը, որոնք տարբեր խնդրահարույց հարցերում չեն կարողանում հասնել իրենց նպատակներին, կարծում եմ՝ ֆիլատելիայի միջոցով որոշակի ներգործություն կարող են ունենալ»,- Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նա նշեց, թեպետ  ցուցահանդեսը նվիրված է դրամագիտության վերջին հարյուրամյակին, բայց Կենտրոնական բանկն այս ցուցահանդեսին ներկայացրել է նույնիսկ մ.թ.ա. դրամներ:

Կենտրոնական բանկը ցուցահանդեսում ներկայացնում է Արտաշեսյան թագավորության ժամանակ հատված մետաղադրամներ, Կիլիկյան թագավորության կողմից հատված մետաղադրամներ և նորանկախ ՀՀ-ի ԿԲ-ի հուշադրամների շատ համեստ հավաքածու՝ հիմնականում արծաթյա: Ներկայացված են նաև առաջին թղթադրամները, որոնց վրա հայատառ գրառում է եղել, Առաջին Հանրապետության թղթադրամները, Հայաստանի Խորհրդային Հանրապետության կողմից թողարկված թղթադրամները: «Հատկապես մետաղադրամները մեծ պատմական նշանակություն ունեն: Պատմագրությունը մեր թվարկությունից առաջ այնքան հարուստ չի եղել: Եվ մեր պետականության ամենախոսուն վկաներից են մետաղադրամները: Մեր դրացի պետությունները հաճախ փորձում են հորջորջել իրենց «բազմադարյա» պատմության մասին, բայց խոսուն վկաներ, բնականաբար, չունեն: Շատ դժվար է որևէ կերպ վիճարկել Արտաշեսյան Թագավորության կողմից, Տիգրան Երկրորդ արքայի կամ Արտավազդ արքայի կողմից թողարկված հուշադրամների իսկությունը կամ դրանց պետական պատկանելիություն. Հստակ է, որ դրանք Հայոց պետության թողարկումներն են»,-ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ  Դավիթ Նահապետյանը:

Նամականիշի մարումը իրականացրեցին Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930