Նոյեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կիրակի օրը Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում և Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում քահանայության աստիճանի արժանացած նորաօծ քահանաներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:
Մուշեղ Սրբազանը, ներկայացնելով քահանա հայրերին, հայցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը, որպեսզի վերջիններս պատրաստության քառասնօրյա շրջանից հետո իրենց նվիրյալ ծառայությունը բերեն Հայ Եկեղեցու անդաստանում:
Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով նորաօծ հոգևորականներին, շնորհավորեց նրանց քահանայական ձեռնադրության առիթով:
Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ նորաօծ քահանաներն իրենց աստվածասեր, բարեպաշտ և հայրենասեր ծառայությամբ ու կենցաղավարությամբ էլ ավելի կբարձրացնեն Հայ Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:
Հայոց Հովվապետն ընդգծեց նաև, որ քահանա հայրերն իրենց հովվական ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, սակայն զորավոր հավատքով, խոհեմությամբ, քաջությամբ և արիությամբ կկարողանան հաղթահարել դրանք՝ արդյունավետ դարձնելով իրենց հոգևոր սպասավորությունը՝ ի պայծառություն Հայոց Եկեղեցու:
Վեհափառ Հայրապետը նորաօծների ուշադրությունը հրավիրեց նաև եկեղեցականի կերպարին` մասնավորապես պատգամելով, որ նորընծա հոգևորականները Սուրբ Գրքի առաջնորդությամբ, սուրբ հայրերի խրատներով և անսակարկ սիրով իրականցնեն իրենց հոգևոր ծառայությունը, լինեն ժողովրդի խոնարհ ու նվիրյալ սպասավորները:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանաներին և ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի