Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը կընդգրկվի Արցախի ԱԺ հերթական նիստի օրակարգում

Նոյեմբեր 14,2022 17:58

Նոյեմբերի 14-ին ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է հրավիրել:

Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:

Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Օրակարգում ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր, որը ներկայացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթության կառավարման, ներառականության և բովանդակության բարեփոխումներով:

Նշված ուղղություններով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, ըստ հիմնական զեկուցողի,  թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։

Մասնավորապես, համակարգում ուսուցչի մասնագիտական չափանիշների ներառումը հնարավորություն է տալիս հստակեցնելու ուսուցչի աշխատանքային առաջխաղացման հեռանկարը, այն դարձնելու չափելի և տեսանելի, ինչպես նաև փոխկապակցելու վարձատրության համակարգին՝ տարակարգերի շնորհման միջոցով։ Մասնագիտական չափանիշի սահմանումը հնարավորություն կընձեռի նաև հստակեցնելու ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությունները՝ հրաժարվելով միատեսակ և միաչափ վերապատրաստումներից և անցում կատարելով կարիքի վրա հիմնված և մասնագիտական չափանիշի պահանջներից բխող վերապատրաստումներին։ Մասնագիտական չափանիշները կհստակեցնեն նաև ուսուցչական կադրերի պատրաստման գործընթացից անհրաժեշտ պահանջները՝ նպաստելով մասնագիտական կրթության ծրագրերի վերափոխմանը։

Ուսումնական հաստատություններում կառավարումը ուուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմնի և վարչատնտեսական մասի համակարգողի միջև տարանջատելու արդյունքում ակնկալվում է արհեստավարժ և արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ:

Կարևոր փոփոխություն է բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելը՝ գիտելիքը արժևորելու տեսակետից։ Արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում՝ հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը, ինչը կվերացնի երկտարեցության երևույթը, որն իրականում նպաստում է սովորողների առանձին խմբի սոցիալական մեկուսացմանը և խնդրի խորացմանը։ Բացի այդ, անգամ սովորողի կողմից տրված նվազագույն չափով պատասխանը բացասական չի կարող համարվել, այն նույնպես փոքր, բայց դրական քայլ կարող է դիտվել՝ խթանելով ուսման առաջընթացը։

Նախատեսվում է չափորոշչով հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները և չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը սահմանել առանձին միասնական կարգով։

Օրենքի լրամշակման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացը` ապահովելով յուրաքանչյուր երեխայի համար մատչելի և հասանելի կրթության հնարավորություն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը երեխայի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկումն է, ուսումնական ծրագրի յուրացման դժվարությունների պատճառների վերհանումը, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտումը և կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանումը, բացառիկ ունակությունների վերհանումը: Օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները հստակեցնում են այս քաղաքականությունը։

Հանրակրթության կառավարման ոլորտում առաջարկվող փոփոխությունը թույլ կտա մի կողմից նվազեցնել վարչարարությունը և մեծացնել համակարգի ճկունությունը, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի նվազեցնելու այն ռիսկերը, որոնք տարբեր ուսումնական հաստատություններում արմատավորված պրակտիկաներում դիտարկվում են ներկայումս, որոնց արդյունքում խորհրդի կողմից շատ հաճախ իրականացվում են ոչ համարժեք ընտրություններ։

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ենթաօրենսդրական իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջանա:

Նախարարը պարզաբանումներ է տվել պատգամավորների հարցադրումներին:

Նախագիծը 3 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930