Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն անիմացիոն ֆիլմ. «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է մրցանակի

Նոյեմբեր 14,2022 16:56

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը «Ասիախաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխության («Asia Pacific Screen Award») «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում արժանացել է մրցանակի:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցել է 5 ֆիլմ: Այս չափազանց բարձրակարգ կինոստուգատեսն Ասիա-Խաղաղoվկիանոսյան տարածաշրջանում «Օսկարին» համարժեք մրցանակաբաշխություն է, որտեղ  ընտրվում և մրցանակի են արժանանում լավագույն ֆիլմերը:

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) կյանքի ոդիսականը. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած դեռատի աղջիկը զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» աջակցությամբ փրկություն է գտնում ԱՄՆ-ում։ Ֆիլմում վերականգնվել և օգտագործվել են 1919 թվականին Հոլիվուդում նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմից հատվածներ, որտեղ Արշալույսը մարմնավորում է ինքն իրեն՝ նպատակ ունենալով ֆիլմի հասույթն ուղղել ցեղասպանության հետևանքով որբացած հայ մանուկների փրկությանը: Ֆիլմը դառնում է «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» բարեգործական արշավի հիմնաքարը, որը, ընդհանուր առմամբ, հավաքում է ավելի քան 116 մլն դոլար, ինչի արդյունքում ավելի քան 132 հազար հայ որբեր խնամք են ստանում։

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը հիմնված է իրական մարդու իրական պատմության վրա, միևնույն ժամանակ՝ փոխանցում է ժամանակի ընդհանուր նկարագիրը: Այն հերոսուհու երկու եզակի վավերագրական հարցազրույցների, «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պահպանված կտորների, արխիվային նյութերի և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությունն է:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Հայաստանի, Գերմանիայի և Լիտվայի համատեղ արտադրություն է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Կինոնկարը աջակցություն է ստացել  նաև Եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ «Եվրիմաժից» (Հայաստանը՝ որպես մեծամասնական համարտադրող)։ Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: Ռեժիսորը և սցենարի հեղինակը Իննա Սահակյանն է. պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930