Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան․ «Խոսակցություններ կան, որ գլխավոր դատախազությունում արժե լինի ոչ թե գլխավոր դատախազ, այլ՝ կոլեգիալ խորհուրդ»

Նոյեմբեր 14,2022 17:07

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստում ներկայացվեցին առաջարկություններ նախագահի լիազորությունների փոփոխության վերաբերյալ։

Ըստ այդ առաջարկության՝ նախագահը նշանակում է ՍԴ դատավոր, ԿԲ, ԿԸՀ եւ Հաշվեքննիչ պալատի նախագահներ, ՄԻՊ, գլխավոր դատախազ։

Դավիթ Հակոբյան

«Տուպիկային իրավիճակներից դուրս գալու համար առաջարկվում է նախագահին տալ երկու ռեժիմ։ Մեկը՝ անկախ կոլեգիալ մարմիններում նշանակումներ՝ ԲԴԽ, ԿԸՀ, ԿԲ եւ այլն՝ լրիվ մանդատով կամ մինչեւ հաջորդ ԱԺ-ի ձեւավորումը, բայց ոչ պակաս, քան երկու տարի ժամկետով։ Մյուսը՝ գլխավոր դատախազ եւ ՄԻՊ նշանակել՝ երկու տարով»,-այսօրվա նիստում ասաց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանն այս առնչությամբ ասաց․ «Պետք չէ այս պահին գնանք դետալիզացիայի, որովհետեւ այս պահին չգիտենք՝ այս մարմիններից որո՞նք են լինելու, որոնք՝ ոչ, որոնք ի՞նչ լիազորություններ են ունենալու»։ Իոաննիսյանն  առաջարկեց ընդհանրական ձեւակերպել՝ նախագահն անկախ մարմինների ձեւավորմանը մասնակցություն ունի․ «Նույնը դատախազության հետ կապված։ Հիմա ոչ ֆորմալ շրջանառվող առաջարկ կա, առնվազն խոսակցությունների մակարդակում, որ գլխավոր դատախազությունում արժե ոչ թե լինի գլխավոր դատախազ, այլ՝ կոլեգիալ խորհուրդ։ Ուստի, լավ կլինի հիմա այստեղ չգրենք, որ նախագահը դատախազի ընտրության հարցում այսպես կամ այնպես է մասնակցում։ Գրենք՝ մասնակցում է։ Կարող է վաղը որոշում ենք, որ գլխավոր դատախազությունը պետք է կոլեգիալ մարմին ունենա, ասենք՝  պայմանական յոթ մարմիններից երեքուկեսին նշանակում է նախագահը։ Նույնը վերաբերում է մյուս մարմինների ղեկավարների ու անդամների նշանակելուն»։

Ինչ վերաբերում է մյուս առաջարկությանը՝ ՏԻՄ-ում համայնքի ղեկավարի թափուր պաշտոնների դեպքում նախագահը նշանակի, Իոաննիսյանը դեմ արտահայտվեց, նշելով՝ մենք դեմ ենք, որ երկրի կենտրոնական իշխանությունների կողմից ՏԻՄ համայնքի ղեկավար նշանակվի, Երեւանից նշանակվի՝ անկախ նրանից, թե դա գործադիր իշխանությունն է, թե՝ նախագահը․ «Որովհետեւ ՏԻՄ ընտրություններում մեր դիտորդության ժամանակ մենք տեսել ենք, որ գործող համայնքի ղեկավարը կամ պաշտոնակատարը հստակ մրցակցային առավելություն է ունենում եւ բավականին խնդրահարույց կլինի, եթե Երեւանից ինչ-որ մեկը որոշի, թե ով պետք է լինի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը, որովհետեւ դրանով Երեւանից ազդեցություն է կատարվելու ընտրությունների արդյունքների վրա։ Ըստ այդմ, կարելի է այլ մեխանիզմներ սահմանել։ Ամենատարածված մեխանիզմներից է՝ համայնքի ղեկավարի ԺՊ նշանակվի ավագանու ոչ թե ձայների մեծամասնությամբ, այլ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուի կողմից»։

Իոննիսյանի խոսքով՝ պետք է հստակեցվի, որ նախագահը գործադիր իշխանության լիազորություններով օժտված չէ, հստակեցնել, որ գործադիրի ղեկավարը վարչապետն է․ «Եվ սրանով չփորձենք ինչ-որ առումով արհեստականորեն գործադիրը դարձնենք երկգլուխ, դա հղի է ռիսկերով։ Մենք երկու տարի առաջ տեսանք, թե ինչպես էր նախագահը փորձում խառնվել գործադիրի լիազորություններում՝ ԳՇ պետի ազատման նշանակման հարցում եւ դա շատ վտանգավոր էր։ Այս առումով՝ կառավարության անդամներից հաշվետվություն պահանջելու առաջարկի հետ անհասկանալի է»։

Անդրադառնալով նախագահին մեկ այլ լիազորություններին՝ հանրաքվեի հնարավորությանը, ապա Իոաննիսյանն ասաց․ «Այստեղ պետք է ավելի զգույշ լինել, կամ ինչ-որ հարցերի շրջանակ կամ քանակ սահմանել, որովհետեւ կարող է ստանանք իրավիճակ, որ նախագահն իքս գումարման խորհրդարանում ընտրվում է, դրա հաջորդ գումարման խորհրդարանում այս իքս գումարման խորհրդարանի մեծամասնություն ունեցող ուժը դառնում է փոքրամասնություն, դնում է 45% մեծամասնություն դարձած մեկ այլ ուժի բոլոր օրենքները, նախագահն էլ իքս խորհրդարանի մեծամասնության կողմից է ընտրված եղել, եւ կարողանում է բոլոր օրինագծերն ուղարկել հանրաքվեի ու պարալիզացնել երկիրը»։

Մասիս Մելքոնյան

Հանձնաժողովի մեկ այլ անդամ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Մելքոնյանն էլ ասաց՝ մեր երկրում արդեն չորս տարի է խորհրդարանական կառավարում է, ունենք նախագահի ինստիտուտ՝ 150 աշխատակազմով, իսկ որեւէ ինստիտուտի աշխատանքի գնահատման մեխանիզմն այդ ինստիտուտի քաղաքական եւ գործառնական արդյունքների գնահատումն է․ «Մենք ունե՞նք այդ գնահատումը, ի՞նչ կարեւոր դերակատարում է ունեցել այդ ինստիտուտն՝ այս լիազորություններով։ Ես որեւէ դրական բան չեմ արձանագրել, հետեւաբար մնում եմ այն կարծիքին, որ այս կառավարման մոդելով այդ ինստիտուտը պահելը մեզ պետք չէ»։

Դավիթ Հակոբյանը մասնակիցների դիտարկումներին արձագանքելով, ասաց՝ խորհրդարանական կառավարման ձեւի պարագայում իշխանությունների տարանջատում, փոխզսպումն ունեն այլ բովանդակություն․ «Այստեղ կառավարությունը ղեկավարում, ուղղորդում է քաղաքական մեծամասնությանը, քաղաքական մեծամասնությունն էլ իրավունք ունի կառավարությունից պահանջել լինել լսելի՝ իր աջակցությանն ի պատասխան։ Խորհրդարանական կառավարման երկրներում ամբողջ մեխը հիմնականում գնում է քաղաքական մեծամասնության եւ խորհրդարանական փոքրամասնության լիազորությունների միջեւ։ Ժողովրդավարությունն այն չէ, երբ օրենքն ընդունվում է մեծամասնության կողմից, այսօր արդեն խոսում են, որ էական չէ օրենքի որակը, էական չէ օրենքն ում կողմից է ընդունվում, էական է, թե ինչպես է ընդունվել։ Առաջին պլան գալիս է դեբատը։ Ես կառուցակարգեր եմ ներկայացրել՝ արդյոք գործող կարգավորումներով կարող ենք ապահովել այդ դեբատի որակը։ Ըստ իմ հայեցակարգի, ԱԺ կողմից ընտրության կարգը չի փոփոխում, նախագահն ընտրվում է ԱԺ-ի կողմից եւ պետք է ձեռնպահ մնանք նախագահին տալ լիազորություններ, որոնք կարող են որոշակի քաղաքական օրակարգ հաղորդել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930