«Հայաստանում ողբերգական դեպքերն արդեն շատ սպասելի են բոլորի համար։ Մտածող մարդիկ հասկանում են, որ ողբերգական դեպքերն արդեն անպակաս են լինելու»,-«Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց թատերագիր, դերասան, գրող Վահրամ Սահակյանը Պեմզաշենի արյունալի դեպքի մասին խոսելիս։
«Ուղղակի, երբ դա տեղի ունեցավ, ես զարմացա մեկ ուրիշ բանից, որ բոլորն ասում էին՝ սա դժվար հայ արած լինի։ Ինձ կատաղեցրեց, որ ասում էին՝ հայը չի կարող սենց բան անել։ Ես չեմ հասկանում, էսքանից հետո, որ էս հանրությունը, էս ազգը, ժողովուրդը կատարում է, էս պատմությունը, խայտառակությունները, որ կատարվել են, էսքանից հետո ձեզ համար զարմանալի՞ էր, որ նման բան կարող է տեղի ունեցած լինել, ինչի պետք է չանի հայը․․․Էդ ինչի՞ չեչենը կարող է, թուրքը կարող է, հայը չի՞ կարող, հիվա՞նդ է հայը․․․Կապ չունի ում հրամանն է կատարում, բայց հայը կարող է, չէ՞, ծեծել, քաշքշել զոհվածի մորը․․․Կարող են, չէ՞, հայերը 20 հոգով հարձակվել մեկի վրա, ծեծել․․․Բա էդքանից հետո ո՞նց չեն կարող սպանություն կատարել։ Էդ ի՞նչն է իրենց պահելու, որ չեն կարողանալու սպանել։ Էդ հիմարագույն հպարտությունը ինչների՞դ է պետք, որ ասեք հայը․․․ Մեկ-մեկ էլ մեծատառով են գրում՝ Հայը չի կարա անի։ Էն, ինչ, որ հիմա եղել է, էն ինչ, որ հիմա արել է, դա հենց հայն է արել»,- զայրացավ Վահրամ Սահակյանը։
Նա իր ֆիլմից էլ օրինակ բերեց․ «Իմ ֆիլմի հենց սկզբում դրել էի, որ կոտորված, ջարդված, ճակատին կրակած դուրս է գալիս ու ասում է՝ մենք Հայկի ու Բելի զավակներն ենք, մենք էս ենք, մենք էն ենք․․․Արա, չեք ամաչում․․․Էսքանից հետո դուք չե՞ք ամաչում տենց բաներ ասելուց։ Որ երկրում ուզում ես ապրի, ոչ մի գերմանացի դուրս չի գա ու ասի՝ գերմանացու ձեռքը չէր գնա, ինչի՞ չէր գնա․․․ Զարմանում եմ՝ էս ի՞նչ խեղաթյուրված մտածողություն է, ինչներիդ վրա եք ուրախ, ինչներիդ վրա եք հպարտ՝ հատկապես հիմա, որ էս երկիրը կա, ինչ մնացել է էս երկրից»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ