ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Ակտիվ քաղաքացիության լաբորատորիա» միջոցառման շրջանակում կազմակերպված «Երիտասարդների ակտիվ քաղաքացիություն» թեմայով պանելային քննարկմանը, որն անցկացվել է «Եվրոպական երիտասարդական պառլամենտ–Հայաստան» կազմակերպության 10-ամյակին ընդառաջ՝ Schwarzkopf Stiftung Junges Europa-ի և Alfred Herrhausen Gesellschaft-ի հետ համագործակցությամբ։
Պանելային քննարկմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ և կրթության փորձագետ Արման Գասպարյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, շնորհավորելով ԵԵՊ-ի 10-ամյակը, նշել է, որ երիտասարդության կյանքը մշտապես պետական աջակցության և ուշադրության կենտրոնում է՝ երիտասարդական քաղաքականության մշակման և իրագործման մեջ կարևորելով երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու մասնակցայնությունը որոշումների կայացման գործընթացում:
«Երիտասարդական պետական քաղաքականության հիմքում յուրաքանչյուր երիտասարդի ներուժի բացահայտումն ու իրացումն են, հնարավորությունների ու կարողունակությունների զարգացումը, երիտասարդության ինքնահաստատման և ինքնադրսևորման համար նպաստավոր միջավայրի ձևավորումը: Ակտիվ քաղաքացիներ ձևավորելը պետության առաջնահերթություններից մեկն է»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ պետական քաղաքականության առանցքային շեշտադրում է մարզաբնակ երիտասարդների ներգրավվածության ապահովումը, նրանց համար կարողությունների զարգացման, մշակութային միջավայրի, ժամանցի կազմակերպման նույն հնարավորությունների ընձեռումը՝ անկախ բնակության վայրից: Դրան է միտված մարզերում երիտասարդական կենտրոնների հիմնումը՝ որպես մի հարթակ, որտեղ երիտասարդները կմեկտեղվեն, կքննարկեն համայնքայինից մինչև մարզային, համապետական խնդիրներ՝ իրենց իսկ իրականությունը փոխակերպելու և լուծումներ առաջ քաշելու տրամաբանությամբ:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ պետական բյուջեի միջոցներով առաջիկայում նախատեսվում է երիտասարդական կենտրոն հիմնել Մեղրիում և Իջևանում, իսկ մինչև 2026 թվականը ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով միայն պետական բյուջեի միջոցներով Հայաստանի մարզային բնակավայրերում այդպիսի կենտրոնների թիվը նախատեսվում է հասցնել 25-ի. «Լավատեսություն եմ հայտնում, որ պետական բյուջեի, նաև միջազգային և այլ գործընկերների, այդ թվում՝ և մասնավոր ոլորտի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարում Հայաստանի մարզերում կունենանք տասնյակ երիտասարդական կենտրոններ: Այդպիսի կենտրոններում երիտասարդները կկարողանան կազմակերպել իրենց ինտելեկտուալ ժամանցը, տեղեկացված կլինեն իրենց համայնքի խնդիրներից և կներգրավեն դրանց լուծման գործընթացներում, կզարգացնեն իրենց հմտություններն ու ունակությունները՝ որպես իրավագիտակից և պատասխանատու քաղաքացիներ»:
Արթուր Մարտիրոսյանը պատասխանել է նաև երիտասարդներին հուզող հարցերին՝ նշելով, որ առաջիկայում նախարարությունը նախատեսում է երիտասարդական խնդիրների համապարփակ վերլուծություն, ինչի արդյունքում կմշակվի նաև «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը, որը 2023 թվականի նոյեմբերին կներկայացվի Ազգային ժողով:
Նշենք՝ «Ակտիվ քաղաքացիության լաբորատորիա» երկօրյա միջոցառման շրջանակում ՀՀ մարզերի շուրջ 100 երիտասարդ հնարավորություն է ունեցել մասնակցելու մի շարք սեմինարների և քննարկումների:
«Եվրոպական երիտասարդական պառլամենտ»-ը կրթական անկախ ծրագիր է, որը միավորում է երիտասարդներին ամբողջ Եվրոպայից՝ քննարկելու արդիական հիմնահարցեր խորհրդարանական ձևաչափով։ Մի խումբ երիտասարդների ջանքերով «ԵԵՊ Հայաստան» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵԵՊ ցանցի լիիրավ անդամ է դարձել 2012 թվականին։ Այսօր ԵԵՊ-ն Եվրոպայի ամենախոշոր երիտասարդական ցանցն է, իսկ Հայաստանում ԵԵՊ ներկայացուցչությունը ցանցի ամենաարագ աճող և արդեն ամենամեծ ազգային մասնակիցների քանակն ունեցող կառույցներից է։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ