«Խորհրդարանական կառավարման երկրներում նախագահն ունի այս չորս ոլորտներում լիազորություններ, նոր բան չենք հնարում։ Այս ուղեցույցը սահմանված է նաեւ այս ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից»,-այս մասին այսօր սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում ասաց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը։
Նա ներկայացրեց առաջարկությունները, որոնցով սահմանվում են նախագահի լիազորությունները՝ սահմանադրական արբիտր, ճգնաժամային իրավիճակների լուծում, առնչվում/ասոցացվում է պետական վարչակազմի ոչ քաղաքական հատվածի հետ, այն է՝ դատական իշխանություն եւ Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմիններ, արտահայտում է հանրության խիղճը, տրամադրում հանրային հարթակ, ազգային արժեքների պատրոնաժն է։
Հակոբյանի ներկայացմամբ՝ սահմանադրական արբիտրի դաշտում յոթ լիազորություններից միայն մեկն ունի նախագահը, և, ըստ էության, չունի դերակատարում վարչապետի նշանակման, խորհրդարանի արձակման, օրինագծի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգելու, օրինագիծը հանրաքվեի առարկա դարձնելու, ներում կամ քաղաքացիություն շնորհելու, օրինագիծը կրկնակի քննության համար խորհրդարանին վերադարձնելու գործընթացներում․ «Այս ամբողջում մի լիազորություն ունի՝ սահմանադրականության գնահատման համար դիմել ՍԴ։ Նախագահի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ, սա եւս քննարկման առարկա է՝ տանք լիազորություններ, որպեսզի լիազորություններ սահմանվեն նաեւ օրենքներով»։
Ըստ Հակոբյանի, առաջարկվում է նախագահին տալ հետեւյալ լիազորությունները՝ օրենքների վերադարձ, սահմանադրականության հետ չկապված հարցերով՝ օրենքը վերադարձնի ԱԺ, օրինագծերի կասեցում եւ հանրաքվեի նշանակում։
Կարդացեք նաև
«Վերջերս մեզ «Թրանսփարենսի» հակակոռուպցիոն կենտրոնը զեկույց ուղարկեց, տեսանք, որ մեծ թիվ են կազմում այն օրինագծերը, որոնք ԱԺ-ում քննարկվում են անգամ առանց հանրային քննարկումների»,-նշեց Հակոբյանը։
Առաջարկվում է նաեւ երկրի նախագահին տալ լիազորություն քաղաքային բնակավայրերում նշանակել ՏԻՄ ղեկավար՝ ՏԻՄ-ի չձեւավորման դեպքում։ Ներկայումս այդ լիազորությունը վարչապետինն է։
Նա առաջարկվում է որպեսզի նախագահը նշանակի ՍԴ դատավոր, այլ ոչ թե թեկնածու առաջադրի, նշանակի ԿԲ, ԿԸՀ եւ ՀՊ-ի նախագահներին, եւ սահմանվի, որ նշանակումները կատարվելու են բացառապես ըստ արժանիքների, որոնք բացահայտվելու են մրցութային կարգով։
«Տուպիկային իրավիճակներից դուրս գալու համար առաջարկվում է նախագահին տալ երկու ռեժիմ։ Մեկը՝ անկախ կոլեգիալ մարմիններում նշանակումներ՝ ԲԴԽ, ԿԸՀ, ԿԲ եւ այլն՝ լրիվ մանդատով կամ մինչեւ հաջորդ ԱԺ-ի ձեւավորումը, բայց ոչ պակաս, քան երկու տարի ժամկետով։ Մյուսը՝ գլխավոր դատախազ եւ ՄԻՊ նշանակել՝ երկու տարով»,-ասաց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է նախագահի՝ ազգի միասնության հետ կապված դերակատարմանը, ապա Հակոբյանն ասաց՝ արդեն կա նման բան երդման տեքստում, բայց կարելի է « հետեւում է Սահմանադրության պահպանմանը» խոսքերից հետո լրացնել՝ ներառյալ՝ իրավունքի գերակայությանը, օրինականության ամրապնդմանը, նպաստում հանրային կառավարման դաշտում թափանցիկության, բարեվարքության եւ պրոֆեսիոնալիզմի սկզբունքների իրացմանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասաց, որ համաձայն է առաջարկի հետ, ըստ որի նախագահը նշանակումների հնարավորություն պետք է ունենա ՍԴ-ում։ Նա նշեց՝ խնդիր կա գործադիր- ԱԺ հարաբերությունների տեսանկյունից․«Քաղաքական մեծամասնությունը ձեւավորում է գործադիրը, եւ դառնում է սերտաճում։ Այս խնդիրը չի հաղթահարվել։ Այս առումով ի՞նչ խնդիր կարող է ունենա նախագահը։ Համաձայն եմ, սահմանադրական մարմինները չպետք է գործադրի ձեռքի գործիքը դառնան։ Գործադիրը դատական իշխանության հետ պետք է քիչ առնչություն ունենա։ Չկա անդրադարձ դեսպանների նշանակման հարցին, որովհետեւ գործադիր իշխանությունն է նշանակում դեսպանին, բայց նախագահը պե՞տք է ունենա լիազորություն, երբ օրինակ գործադիրը լուծարման ընթացքում է, դեսպանի լիազորությունները դադարեցվել են կամ ժամկետն է մոտեցել է, եւ պետք է ինչ-որ խնդիր լուծվի։ Կարծում եմ՝ նախագահին պետք է գործիք տալ սրա համար»։
Սաքունցը նախագահի լիազորության մեկ այլ խնդրին էլ անդրադարձավ, օրինակ բերեց՝ ասենք կարող է կոալիցիոն կառավարություն ստեղծվի, հետո այդ կոալիցիան քանդվի, ո՞վ է վարելու բանակցությունները․ «Օրինակ՝ նախագահն է տանում բանակցություն կառավարության ձեւավորման հարցում, եւ եթե չի հաջողվում նշանակում, օրենքի ուժով նախագահը հայտարարում է անհնարինության մասին եւ ԱԺ նոր ընտրություններ են հայտարարվում»։
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանն էլ ասաց՝ մեզ չի հաջողվելու ավելի լավացնել նախագահի ինստիտուտն այն պարագայում, եթե պահպանում ենք խորհրդարանական կառավարումը, իսկ եթե չենք պահպանում, անհրաժեշտ է լինելու ուղղակի ժողովրդի կողմից ընտրված նախագահ․ «Եթե պահպանում ենք խորհրդարանական կառավարումն ու ժողովուրդը չի ընտրելու նախագահին, ես կարծում եմ, որ պետք է այդ ինստիտուտը վերացնել, ներկայացուցչական լիազորությունները տեղափոխել ԱԺ նախագահի վրա, ԱԺ նախագահի, ու ընդհանրապես, ԱԺ-ի դերը խորհրդարանական կառավարման երկրում բարձրացնել եւ շարժվել առաջ ամբողջական խորհրդարանական պետության տրամաբանությամբ»։
Նա նաեւ նկատեց՝ հանրային խորհուրդ, ու նման անիմաստ, քաղաքական իմաստով դերակատարում չունեցող ուռճացված համակարգերը պետք է սահմանափակվեն կամ վերացվեն՝ եթե շարունակվում է խորհրդարանական կառավարման մոդելը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ