«Հայաստանի ամբողջ իշխանական համակարգում գոյություն չունի թեկուզ մի մարդ, որ Հայաստանի, Արցախի ճակատագրի համար ունենա անհանգստություն, մտահոգություն եւ փորձի այդ խնդիրների լուծման ուղղությամբ որեւէ ջանք գործադրել, գտնել դաշնակիցներ, ապահովել պետության անվտանգությունը»,-ասաց քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով բանակում վարվող քաղաքականության մասին:
«Հայաստանի սահմանադրությամբ զինված ուժերը պարտավոր են ապահովել մեր պետության սահմանների անձեռնմխելիությունը, իրականացնել սահմանների պաշտպանությունը, ապահովել պետության անվտանգությունը: Դա սահմանադրական պարտականություն է: Դրա համար ստեղծվել են զինված ուժեր, կանոնավոր բանակ, օրենքներ են ընդունվել բանակի համալրման, դրա ֆունկցիոնալ գործունեության ապահովման համար, ձեռք են բերվել սպառազինություններ, ստեղծվել են զորամիավորումներ: Ու այս խնդիրը այսօր ԶՈՒ-ն չի լուծում, որովհետեւ իրենց խոստովանությամբ` հակառակորդը ներխուժել է ՀՀ տարածք, եւ մերոնք պաշտպանություն չեն կազմակերպել: Ոչ էլ հիմա են Հայաստանի տարածք ներխուժած թշնամական ուժերին դուրս շպրտում: Հիմա այդ կարողությունը ԶՈՒ գլխավոր շտաբը եւ ՊՆ-ն չունեն: Ու այս ծայրահեղ, աննախադեպ իրավիճակում գտել են խնդրի լուծման ձեւ. միջին տարիքի կանանց եւ աղջիկների հրաձգային վարժանքներ՝ հրաձգարանում:
Երբ նայում ենք ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների ֆեյսբուքյան էջը, ամենօրյա լրատվություն է, որ ադրբեջանցիները շարունակում են Հայաստանի արեւելյան հատվածում գրեթե ամեն օր տարբեր տեսակի ու տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից, հարվածներ հասցնել հայկական դիրքերի ուղղությամբ: Եվ դրա կողքին, որ շաբաթ կամ կիրակի օրը աղջիկների եւս մի խումբ այցելել է զորավարժարան եւ ամեն մեկը մոտ 7-ից 10 փամփուշտ է կրակել «Կալաշնիկով» ինքնաձիգից: Ու այդ առաջին օրվա միջոցառմանը անձամբ ներկա են եղել պաշտպանության նախարարը եւ ԶՈՒ ԳՇ պետը: Այսինքն, ստացվում է, որ դա այնքան կարեւոր ու մեծ նշանակություն ունի մեր պաշտպանական ամբողջ գերատեսչության համար, որ ԳՇ պետը փոխանակ գնա եւ Վայոց Ձորով եւ Սյունիքով գործողություն պլանավորի հայրենիքի սահմանները պաշտպանելու իր սահմանադրական պարտքը կատարելու համար, զորավարժարանում նայում է, թե մի քանի աղջիկ ոնց են մի քանի փամփուշտ կրակում»,-հայտարարեց պարոն Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ