Հայկական օրակարգ. Ե՞րբ կփոխվի իշխանությունը
Մաս 1
Երկրի գլխին բոլոր հնարավոր աղետները բերելուց հետո իշխանությունը շարունակում է մնալ։ Բաց տեքստով ազդարարում է առաջիկա աղետների նոր փաթեթը, բայց մնում է իշխանություն։
Ի՞նչ մեխանիզմներ են պահում այս իշխանությունը
Կարդացեք նաև
Նոյեմբերի 9-ից հետո իշխանություն փոխելուն ուղղված պրոցեսներում, ըստ էության, թույլ են տրվել բոլոր հնարավոր սխալները՝ պայքարի բովանդակության, կառուցվածքի, կարգախոսների, ձևաչափերի և այլ առումներով։ Սխալը՝ սխալի հետևից։ Սա հիմնականում հետպատերազմյան ամբողջական իրականությունը ճիշտ չհասկանալու և հանրային լատենտ տրամադրություններին չտիրապետելու հետևանքն էր։ Բայց դա արդեն պատմություն է. էականն այն է, որ սխալ որոշումների կայացման մեխանիզմը շարունակում է նույնը մնալ։ Հետևաբար՝ այսօրվա վիճակը տրամաբանական է։
Ներքին մեխանիզմներ
Հայաստանին նոյեմբերի 9-ից հետո ոչ թե ընդդիմություն էր պետք, այլ՝ առկա կառավարող թիմին այլընտրանք, որը ժողովրդին ցույց կտար հեռանկարը։ Այս պնդումն ուժի մեջ է առ այս պահը։ Այսօրվա կառավարող թիմին այլընտրանք, որը ցույց կտա Հայաստանի նոր էջը՝ իրավիճակը կայունացնելու, վտանգները նվազեցնելու, պետությունը կանխատեսելի հուն բերելու ճանապարհը։ Այն պետք է լինի աշխատող համակարգ, մշտական կոնտակտի մեջ լինի ժողովրդի հետ։ Նրա առաջնորդող կազմը կքայլի Երևանի փողոցներով, կլինի մարզերում, կմտնի բակեր, հայի տուն, հաց կկիսի, կխոսի սովորական հայի հետ, կմտնի սրճարան ու կբարևի մարդկանց։ Հանրային տարբեր շերտերի հետ ամենօրյա ռեժիմով կաշխատի։
Այս պարզ, բայց անկյունաքարային պահը այդպես էլ չգիտակցվեց։ Եվ պրոցեսները Հայաստանում գնացին և գնում են պարզ «ընդդիմության» մեխանիզմով, «փակ խմբակցության» տրամաբանությամբ։
Արտաքին մեխանիզմներ
Պատերազմից հետո արտաքին գործոնները դարձել են ծայրահեղ ազդեցիկ. կա ռուսական գործոն, կա ուժեղացած թուրքական գործոն, կա Արևմուտք-Ռուսաստան սուր հակամարտություն, կա Իրան, կա 3+3-ի ձևաչափի գաղափար և այլն։ Ու այս պայմաններում նոյեմբերի 9-ից հետո Նիկոլի դեմ պայքարող բոլոր հարթակներից ու ձևաչափերից հնչել են անթիվ-անհամար սխալ-վտանգավոր-անլուրջ ձևակերպումներ ու գաղափարներ։ Ասում եմ սրտի ցավով. արտաքին աշխարհի համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Նիկոլը երբեմն ավելի ռացիոնալ է ընկալվել, քան՝ ընդդիմությունները։ Սա ողբերգություն է, որովհետև արտաքին խաղացողները, Նիկոլի հանդեպ իրենց ողջ անվստահությամբ հանդերձ, պարբերաբար կանգնում են ծանր դիլեմայի առաջ. «ոչ մի ճանապարհ, ոչ մի սահմանազատում, ոչ մի խաղաղության պայմանագիր, ոչ մի հայ-թուրքական հարաբերություններ» և այլ ձևակերպումների հեղինակ հարթակները պարզապես դուրս էին մնում հետպատերազմյան տրամաբանությունից։
Ու արդեն երկու տարի է՝ մենք չկարողացանք ձևավորել պարտված իշխանությանը ծանրակշիռ այլընտրանք, որը իրողությունները կընդուներ՝ ինչպես դրանք կան, ու կդառնար Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ճարտարապետը՝ ներգրավելով հայության բոլոր առողջ ու կարող ուժերին, անհատներին։
Այն, ինչը երկու տարի է՝ չի արվում։ Ու այդ պատճառով չի լինում ո´չ ներքին կոնսոլիդացիա, ո´չ արտաքին ընկալում-աջակցություն։
Իսկ իշխանությունն ինքն իրեն շնորհել է պատմական էքսպերիմենտի իրավունք, որտեղ փորձարկումները արվում են մեր երկրի, մեր պետության, մեր ապագայի, մեր բոլորի ընտանիքների վրա։ Ու իշխանությունը ի սկզբանե ինքն իրեն ազատում է մեղքի և պատասխանատվության զգացումից. հաջող չանցա՞վ էքսպերիմենտը՝ կկորցնենք հայրենիքը կամ նրա մի մասը, կկոտրվենք, կգաղթենք։ Կարող է էդպես լինել, բա էքսպերիմենտը հենց դրանով է էքսպերիմենտ։
Շարունակելի
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ