Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ողբերգական կապիտուլյացիայի տարելիցի օրը պետությունը որեւէ ձեւով չի արժևորել հազարավոր հերոսների՝ զինվորների, սպաների, կամավորականների, քաղաքացիական անձանց սխրանքները»

Նոյեմբեր 14,2022 12:48

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ամփոփելով անցած շաբաթը՝ անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից երկու տարի անց իշխանության դրսեւորած պահվածքին:

«Նախ, արձանագրենք, որ մեր համար ողբերգական, կորստաբեր նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ պետական մակարդակով որեւէ միջոցառում չի կազմակերպվել, որեւէ ձեւով պետությունը չի հիշատակել այն հազարավոր հերոսներին՝ զինվորներին, սպաներին, կամավորականներին, քաղաքացիական բնակչությանը, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին կամ զոհ դարձան այդ պատերազմում: Նրանց պայքարի, քաջագործությունների, սխրանքների, անձնազոհության ոչ մի արժևորում, ոչ մի հիշատակում պետական մակարդակով չի իրականացվել: Այսինքն, մարդիկ էին, կային՝ հիմա չկան, մահացել են: Ու նրանց որեւէ կերպ, որեւէ պաշտոնյա, առավել եւս՝ նրանք, ում մեղքով են այդ մարդիկ զոհվել, նկատի ունեմ վարչապետին եւ նրա մերձավոր թիմին, որոնք մղեցին մեր ժողովրդին այդ աղետալի պատերազմ եւ պատերազմը վերածեցին պարտության եւ կործանման, ցինիկաբար այդ օրը լռում են:

Բայց պետական մակարդակով Իլհամ Ալիեւն է Շուշիում իր համար տոնել նոյեմբերի 8-ը եւ զինվորական համազգեստով հանդես եկել մի ելույթով, որը իր մեջ նոր պատերազմի սպառնալիքներից, Հայաստանի վրա նոր հարձակման նոր վտանգներից բացի՝ ուրիշ ոչ մի բովանդակություն չի ունեցել: Սա այն կողմն է, որի հետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կնքել, այսպես կոչված, իր բնութագրմամբ, խաղաղության պայմանագիր: Այն մարդու հետ, որն իր նկատմամբ տարած հաղթանակը փառավորում է ու խոսում նոր ռազմական ագրեսիայի մասին: Սա արդեն փաստ է, որ այս ամենը խաբկանք է, որ խաբում են մարդկանց եւ այդ խաբկանքի քողի տակ պատրաստվում են բերել, հրահրել նոր պատերազմ:

Իսկ ի՞նչ ենք ունեցել Ալիեւի հոխորտանքից հետո: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ընդ որում, այն նիստում, որտեղ զեկուցվող որեւէ հարց գոյություն չունի, իսկ սա փաստ է, որ կառավարության նիստում որեւէ հարց չի քննարկվում, բոլոր հարցերը չզեկուցվող են, կառավարության ամբողջ կազմը, պլյուս անկախ կոչվող մարմինները՝ իրավապահ մարմիններ, որոնք չպետք է ենթարկվեն վարչապետին, հոտնկայս նրան դիմավորում են, նստում ու լսում են նրա ընթերցանությունը ու հեռանում:

Եվ ինչ է ասում այդ ելույթում: Նա փորձում է այս շրջանի իր որոշումների համար բացատրություններ գտնել՝ ընդամենը միայն արդարացումներ, որը ոչ մեկին այլեւս հետաքրքիր չէ: Առանց հասկանալու, որ ինքը պետության ղեկավար է եւ մեզանից յուրաքանչյուրին հետաքրքրում է ոչ թե նրա խոսքը, այլ՝ գործողությունները: Թե դու ինչ ես խոսում, դա այնքան էլ կարեւոր չի, եթե քո խոսքը չի դառնում պետության քաղաքականություն եւ իրականություն, այսինքն, դու հա խոսիր, իսկ ադրբեջանցիները նստած են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ գերիշխող դիրքեր են զբաղեցնում մեր մի շարք բնակավայրերի եւ ենթակառուցվածքների վրա»,- ասաց բանախոսը:

Էդգար Ղազարյանը նաեւ մեջբերեց հերթական հեռուստահարցազրույցում վարչապետի՝ իրար հակասող ձեւակերպումները: «Տեսեք, նա երկու ժամից ավելի տեւած ինքնահարցազրույցում հայտարարում է, որ ինքը Արցախում հայտարարել է՝ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ՝ հիմնվելով Անկախության հռչակագրի վրա: Ու այդ նույն թեզն ասող մարդը նույն հարցազրույցի ընթացքում մի քանի րոպե տարբերությամբ խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, որը պետք է ներառի Արցախը: Ինչպե՞ս է հնարավոր, որ նույն մարդը երկու տարվա ընթացքում ունենա իր տեսակետի, իր քաղաքական հայացքների ոչ թե փոփոխում, խմբագրում եւ այլն, այլ՝ տրամագծորեն հակառակ մոտեցում: Ո՞նց է հնարավոր, որ դու նույն հարցազրույցի ընթացքում վկայակոչես Անկախության հռչակագիրը, ըստ դրա ընդունես Արցախը միավորված, եւ հետո խոսես այն մասին, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ո՞նց է հնարավոր, որ դու ընդունես Ադրբեջանի հինգ առաջարկները, միաժամանակ ընդունես ռուսական կողմի ներկայացրած առաջարկները, միաժամանակ ընդունես ԵՄ կողմից ներկայացված առաջարկները եւ միաժամանակ ընդունես Իրանի առաջարկներն ու մոտեցումները: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե դրանք բոլորը նույն առաջարկներն են: Բայց դրանք ոչ միայն տարբեր են, այլ նաեւ հակադրություններ ունեցող: Ինչպե՞ս է հնարավոր, որ Հայաստանը ընդունի դրանք բոլորն առանց բացառության, ընդ որում, չունենալով սեփական դատողություն, սեփական որեւէ մոտեցում եւ քաղաքականություն ոչ թե իր համար կենսական, այլ գոյաբանական նշանակություն ունեցող խնդրի վերաբերյալ»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930