Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներն անդրադարձել են անվտանգային սպառնալիքների զսպման գործընթացում երիտասարդների դերին

Նոյեմբեր 14,2022 11:37

ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին հյուրընկալվել են ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակները: ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների ցանցը նորաստեղծ է, ձեւավորվել է այս տարվա սկզբին: Սա պատվիրակների չորրորդ նիստն է, որն անցկացվում է մեր երկրում:

Հայաստանն աշխարհում Նորվեգիայից հետո երկրորդ ամենաերիտասարդ խորհրդարանն ունի: ԵԱՀԿ ԽՎ-ում եւս Հայաստանի պատվիրակությունն ամենաերիտասարդն է, ինչը պայմանավորված է մեր խորհրդարանում երիտասարդների ներկայացվածությամբ:

«Մենք՝ որպես խորհրդարանականներ, մեր առջեւ խնդիր ենք դրել այդ հատկանիշը վերածել առավելության եւ այս ցանցի միջոցով կապ հաստատել այլ երկրների երիտասարդ խորհրդարանականների հետ, որպես քաղաքական գործիչներ եւ երիտասարդ խորհրդարանականներ՝ տեսնել, թե ինչպիսի ընդհանրություններ ունենք, եւ ինչպես կարող ենք դրանք ծառայեցնել մեր համատեղ նպատակներին»,-ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո կայացած նիստում երիտասարդ պատգամավորներին տեսակապի միջոցով ողջունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտը: Նա վերահաստատել է, որ նման ձեւաչափի հանդիպումները միայն խթանում են միջխորհրդարանական հարաբերությունները: ԵԱՀԿ ԽՎ նախագահի համոզմամբ բացի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարթակից, անհրաժեշտ է օգտագործել նաեւ այլ միջազգային հարթակներ՝ տարբեր տարածաշրջաններում առկա անվտանգային հարցերը քննարկելու, ժողովրդավարական արժեքների դերն ընդգծելու, կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակելու նպատակով:

Վեհաժողովի նախագահը հույս է հայտնել, որ նմանօրինակ հանդիպումները կնպաստեն, որ ԽՎ անդամ երկրների երիտասարդ պատգամավորներն առավել ներգրավված լինեն տարբեր նախաձեռնություններում:

Այնուհետեւ նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՀԿ տարածաշրջանում ժողովրդավարությանն ուղղված սպառնալիքներին եւ անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Մարիա Կարապետյանը ժողովրդավարության եւ անվտանգության մարտահրավերներին անդրադարձել է ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ մեր երկրի խնդիրների տեսանկյունից: «Երբեմն մեր հանրությանը փորձ է արվում համոզել, որ ժողովրդավարությունը եւ անվտանգությունը հակասում են միմյանց, որ մենք սխալվել ենք ժողովրդավարական ընտրություն կատարելով: Ես հակառակ կարծիքն ունեմ: Մենք չէինք ունենա այն անվտանգային խնդիրները, որոնք ունենք, եթե, հիրավի, անկախությունից ի վեր ընտրած լինեինք ժողովրդավարության ճանապարհը՝ ինստիտուտներ կառուցելով եւ ապահովելով ժողովրդավարական բոլոր գործընթացները»,-նման կարծիք է հայտնել երիտասարդ խորհրդարանականը: Ըստ նրա՝ ժողովրդավարությունը երկարաժամկետ ապահովում է երկրների ներքին դիմակայունությունը, ժողովրդավար հանրությունները, առհասարակ, ավելի պաշտպանված են՝ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին մարտահրավերների տեսանկյունից: Մարիա Կարապետյանի համոզմամբ Հայաստանի համար կարեւոր է շարունակաբար ընտրել ժողովրդավարությունը՝ որպես ներքին կառավարման միջոց, որը երկարաժամկետ ապահովելու է մեր երկրի խաղաղ գոյակցությունն այս տարածաշրջանում:

Անդրադարձ է եղել նաեւ ԵԱՀԿ տարածաշրջանում ընթացիկ անվտանգային սպառնալիքների զսպման գործընթացում երիտասարդ քաղաքական գործիչների եւ խորհրդարանականների դերակատարությանը: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է երիտասարդների դերակատարությունը, նաեւ՝ որոշումների կայացման գործընթացում: Ըստ պատգամավորի՝ մեր երկրում ակտիվ են երիտասարդ քաղաքական գործիչները, եւ այս առումով կարեւոր է համագործակցությունն այլ պետությունների պատգամավորների հետ, քանի որ խնդիրները հաճախ նույնաբնույթ են, մարտահրավերները՝ եւս: Հռիփսիմե Գրիգորյանն արժեւորել է երիտասարդ խորհրդարանականների շարունակական հանդիպումները եւ տարբեր հարցերի շուրջ նման քննարկումները, որոնք կարող են վերոնշյալ խնդիրների լուծման արդյունավետ հարթակ լինել:

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը եւս կարեւորել է այս ձեւաչափում անվտանգային խնդիրների քննարկումը՝ ընդգծելով՝ ԵԱՀԿ տարածաշրջանն անվտանգային մարտահրավերների առջեւ է:

Այնուհետեւ հանդիպում է եղել Հայաստանում երիտասարդական հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որոնք իրենց գործունեությամբ փորձում են նպաստել ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:

Սարգիս Խանդանյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության դերը երիտասարդ քաղաքական գործիչների կայացման հարցում:

Քննարկվել են երիտասարդների դերի բարձրացման եւ քաղաքական գործընթացներին վերջիններիս մասնակցության խթանմանն ուղղված հարցերը: Մտքեր են փոխանակվել խորհրդարանական գործընկերների հետ միջազգային համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930