JAMnews. Կարծիք կա, որ Երևան–Մոսկվա–Բաքու բանակցային ձևաչափը Հայաստանի համար ոչ միայն պարտվողական է, այլև վտանգավոր, անհրաժեշտ է հրատապ կերպով փոխել արտաքին քաղաքական կուրսը և ռազմավարական հարաբերություններ կառուցել անմիջապես ԱՄՆ–ի հետ։ Եթե մինչև վերջերս քչերն էին այդպես մտածում, ապա այժմ ավելի ու ավելի շատ փորձագետներ են հակված այս կարծիքին։
Մեկնաբանություն Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական կուրսի և Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի մասին
Լիլիթ Գրիգորյան, ԱՊՀ հարցերով փորձագետ (Լոնդոն)
Մոսկվան և Բաքուն հակամարտությունը փոխակերպում են դեպի Սյունիք
Կարդացեք նաև
«Իբրև բանակցային տակտիկա Ադրբեջանը շարունակում է դնել առավելագույն պահանջներ, որպեսզի հետագայում ստեղծի տպավորություն, թե զիջումների է գնում։ Իսկ Փաշինյանը դա կօգտագործի ցույց տալու համար, թե, իբր, փոխզիջում եղավ։
Հիմա Ադրբեջանն ու Ռուսաստանը պնդում են, որ պայմանագրում ներառվի ՀՀ-ից տարանցիկ ճանապարհների առգրավումը և ռուսական Անվտանգության դաշնային ծառայության հսկողության տակ դնելը։
Եթե հայկական կողմը նախկինում առաջարկում էր բոլոր ճանապարհների բացում, որ հայաստանցիները կարողանան ադրբեջանական ճանապարհներից օգտվել, և հակառակը, ապա հիմա ադրբեջանցիներին միակողմանի ճանապարհ տրամադրելու պարտավորություն է իր վրա վերցնում։
Ի վերջո դրանց հսկողությունը կարող է անցնել ռուսական կողմին։ Սրա մասին վերջերս Սոչիում խոսեց նաև Փաշինյանը՝ հղում անելով 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Անկախ նրանից, թե ում (ռուսական/ադրբեջանական կամ հայկական) առաջարկները կընդունվեն, ամեն դեպքում, այս պայմանագրով ռուսներն ու ադրբեջանցիները հակամարտությունը փոխակերպում են դեպի Սյունիք։
Ռուսաստանը այս ռազմավարական առումով կարևոր շրջանում իր համար նոր ֆունկցիա է ձևավորում՝ հսկելով թե հայ– ադրբեջանական սահմանի որոշ հատվածներ, թե այն ճանապարհները, որ ադրբեջանցիները կօգտագործեն։
Իսկ ադրբեջանցիները, որ արդեն հստակորեն պահանջատիրական դիրք են որդեգրում Սյունիքի և Հայաստանի այլ շրջանների նկատմամբ, ապագայում հենց նույն «միջանցքների» անվտանգության ապահովման պատրվակով կարող են Հայաստանի հարավային շրջանների վրա համատեղ վերահսկողություն սահմանել՝ պայմանավորվելով ռուսական կողմի հետ։
Ռուսաստանի նոր մահակը
«Ամենակարևորը՝ ռուսական կողմն ունի նոր լծակ Հայաստանի վրա՝ ցանկացած անցանկալի քայլ հայ հանրության կողմից, ռազմավարական առումով կարևոր տարածքներ կարող են հայտնվել ադրբեջանական հարվածի տակ կամ անցնել նրա վերահսկողությանը, ինչպես եղավ բոլորովին վերջերս՝ այս տարվա սեպտեմբերին։
Խաղաղության պայմանագրի ստորագրման միակ խոչընդոտն Ադրբեջանն է․ դեռևս չի ցանկանում ավարտել կոնֆլիկտը, ինչը երևում է ինչպես Հայաստանի տարածք սեպտեմբերյան ներխուժումից, այնպես էլ զորքերի արագ վերազինումից։
Հայաստանի քաղաքական վերնախավի խորը տկարությունը, հակազդելու կամ պայքարելու բացակայությունը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները, հատկապես Իրանում, նոր հնարավորություններ կարող են ստեղծել Բաքվի համար։
Եթե հայկական քաղաքական վերնախավի մի մասը իրեն և հանրությանը դեռևս 90-ականներից համոզել է, թե Արցախի խնդիրը հայկական կողմի զիջումներով կլուծվի, և այդ դեպքում կունենանք խաղաղություն, ապա ադրբեջանական կողմն ունեցել է այլ պատկերացում ոչ միայն Արցախի, այլև բուն Հայաստանի վերաբերյալ։
Արցախի շարունակությունը Սյունիքն է, և այս նպատակը Բաքվին հիմա ավելի քան հասանելի է թվում։ Սա էլ մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը»։
Պայմանագիրը լեգիտիմ չէ
«Սա փոխզիջումային փաստաթուղթ չէ, այլ Ադրբեջանի կողմից ձևակերպված Հայաստանի հպատակեցման փաստաթուղթ, որը պարտադրվում է ուժի գործադրմամբ։
Սա արդեն «Պայմանագրերի մասին» միջազգային կոնվենցիայի խախտում է, որը անվավեր է ճանաչում սպառնալիքի տակ ստորագրված միջազգային փաստաթղթերը։
Այս պայմանագիրը հիմնվում է բացառապես 2020 թ․-ի նոյեմբերյան հայտարարության վրա, որը, ինչպես Ռուսաստանի նախագահն ասաց ուղիղ եթերում, ինքն անձամբ է կազմել։ Ավելին Ադրբեջանի նախագահը իր երախտագիտությունը հայտնեց՝ ասելով, որ «առանց Ռուսաստանի հնարավոր չէր լինի հայկական կողմի համաձայնությունը ստանալ»։
Հայաստանի իշխանությունները պետք է ռազմավարական ծրագիր մշակեին ու քաղաքական լուրջ հաշվարկ անեին։ Փոխարենը Փաշինյանը ընտրեց ադրբեջանա–ռուսական ծրագիրը՝ փաթեթավորելով այն իբրև խաղաղության պայմանագիր, ներկայացնելով որպես նաև հայկական կողմի ցանկություն։
ԱՄՆ–ի հետ սերտ աշխատելու փոխարեն նա ընտրեց բրյուսելյան հարթակը, որն ամենահարմարն է «խաղաղության» պայմանագիրը լեգիտիմացնելու համար։ Բրյուսելը ոչ մի լուրջ նկրտումներ չունի տարածաշրջանում ձևավորված նոր իրավիճակը փոխելու կամ ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար, առավել ևս, որ հայկական կողմը սատարում է համակերպման այդ պլանին։ ԵՄ–ը պարզապես հույս ունի, որ պայմանագիրը կնվազեցնի պատերազմի հավանականությունը։
Հայկական կողմը դժգոհ է այլ բանից։ Փաշինյանը, նրա կողմնակիցները և հայկական քաղաքական դաշտի այն հատվածը, որը միշտ այն կարծիքին է եղել, թե Արցախը հանձնելուց հետո այլևս խնդիրներ չեն լինի Ադրբեջանի հետ, հիմա դժվարանում են հասկանալ՝
- ինչո՞ւ է ադրբեջանական կողմը հասել Ջերմուկ քաղաքի մատույցներ,
- ինչո՞ւ ժամանակ չի տրվում Փաշինյանին մի փաստաթղթի ստորագրման համար, որին ինքն էլ է այդքան հետամուտ։
Ալիևի նման ագրեսիվ շտապողականությունը վտանգ է Փաշինյանի իշխանության համար, իսկ ներքաղաքական հաշվարկները, թերևս, ավելի կարևոր են նրա համար»։
Ռազմավարական որոշում կայացնել և դուրս գալ թակարդից
«Թուլացող Ռուսաստանի հետ մնալը ավելի մեծ ռիսկ է Հայաստանի համար, քան նոր ռազմավարական դաշինքն ԱՄՆ–ի հետ։ Միաժամանակ Հայաստանը պետք է աշխատի Ֆրանսիայի, Մերձբալթյան և ԵՄ երկրների հետ, հատկապես Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների հետ։
Ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստանի ճամբարափոխությունը բարձր կգնահատվի ԱՄՆ–ի կողմից, ուստի Հայաստանն ավելի լավ հնարավորություն ունի սառեցնելու ներկայումս պարտադրվող պայմանագիրը, հստակեցնելու Արցախի վերամիավորման հարցը, սահմանելու համապարփակ խաղաղության հայկական տեսլականը ապագայի համար, երբ երկիրը ռազմական առումով ուժեղ կլինի։
Նման ստրատեգիական քայլը նշանակում է հայտ՝ ստեղծելու նոր պետություն, որը հիմնված կլինի ուժեղ բանակի վրա։ Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար սա ծանր հետևանքներ կունենա, բնականաբար, կլինի նաև հակազդեցություն։
Ի տարբերություն ԵՄ–ի կամ արևմտյան երկրների, ԱՄՆ–ն այն միակ խաղացողն է, որի համար Ադրբեջանին զսպելը մեծ խնդիր չէ՝ թե ՀՀ սահմաններին, թե Արցախում։
Ռուսական հակահարված, իհարկե, կլինի, հնարավոր է՝ երկրի ներսում ահաբեկչական գործողություններով, նաև տնտեսական և էներգետիկ լծակներով։ Հայաստանը նման խնդիրները կլուծի նոր գործընկերների հետ, եթե իսկապես նախաձեռնի լուրջ ստրատեգիական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, ինտեգրվի ԱՄՆ և Արևմուտքի ռազմավարական ծրագրերում։ Այս հարցերը պլանավորման կարիք ունեն և միջնաժամկետ հեռանկարում հնարավոր է դրանք ամբողջությամբ իրականացնել։
Հայաստանն ունի բացառիկ հնարավորություն դուրս գալու այն թակարդից, որ ստեղծվեց խորհրդային բլոկի փլուզումից անմիջապես հետո, երբ օրվա իշխանությունը ընտրեց ռուսական կցորդ լինելու ճանապարհը, չկարողացավ անկախ և ուժեղ պետություն կառուցել։ Իբրև ռուսական ֆորպոստ՝ այն դարձավ մանրադրամ, որը Մոսկվան հիմա օգտագործում է իր շահերի համար։
Փաշինյանն ուներ և հիմա էլ ունի վերջին, արդեն փակվող, բայց դեռևս առկա հնարավորությունը կարևոր ստրատեգիական որոշում կայացնելու։ Բայց արժե շեշտել, որ նման որոշումը պետք է լինի հստակ, ոչ թե կիսատ, որպեսզի Հայաստանն Արևմուտքից ստանա լիարժեք աջակցություն։
Վտանգավոր է Արևմուտքին որոշ նեղ հարցերում Մոսկվայի դեմ ներգրավելը։ Դա միայն ժամանակավոր և թույլ անվտանգային բարձիկ կարող է տալ Հայաստանին, իսկ Ռուսաստանին՝ հնարավորություն պատժելու ոչ հավատարիմ Երևանին»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: