Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Որոնք են աչքերի առողջության համար ամենաօգտակար սննդանյութերը

Նոյեմբեր 14,2022 09:30

Մեր օրերում աչքերի առողջության մասին հոգալն առավել արդիական է դարձել, քանի որ բնությունը, կարծես թե, չէր նախատեսել, որ մեզնից շատերն ունենալու են այնպիսի աշխատանք ու ապրելակերպ, որը ենթադրում է անվերջ շփում համակարգչի հետ, քնելուց առաջ էլ՝ սոցիալական ցանցերի անթարթ թերթում՝ մինչ աչքերի՝ հոգնածությունից փակվելն՝ առանց մեզ հարցնելու։ Ուստի մենք փորձել ենք առանձնացնել այն վիտամիններն ու սննդանյութերը, որոնք կարող են օգնել աչքերի առողջության մասին հոգալու հարցում։

Որոշ վիտամինների անբավարարությունը կարող է մեծացնել աչքերի մի շարք հիվանդությունների զարգացման վտանգը, ինչպիսիք են կատարակտը, գլաուկոման, տարիքային մակուլոդեգեներացիան։ Հետազոտությունների համաձայն՝ որոշ վիտամիններ ու հանքանյութեր կարող են պաշտպանել այդ հիվանդություններից կամ դանդաղեցնել դրանց զարգացումը։

Աչքերի առողջության համար հատկապես նպաստավոր են А, С և Е վիտամինները, սակայն B խմբի վիտամիններն ու այլ սննդանյութերը նույնպես ունեն իրենց կարևոր ազդեցությունը։

Վիտամին A

Վիտամին А-ն անհրաժեշտ է լավ տեսողության համար։ Այն ռոդոպսին սպիտակուցի բաղադրիչներից է. այն սպիտակուցի, որի շնորհիվ աչքերը տեսնում են թույլ լուսավորության պայմաններում։ Ամերիկյան ակնաբուժական ակադեմիայի տվյալներով, վիտամին А-ի անբավարարությունը կարող է հանգեցնել հավկուրության։

Վիտամին А-ն նաև կարևոր է աչքի պաշտպանիչ շերտ համարվող եղջերաթաղանթի համար։ Այս վիտամինի դեֆիցիտ ունեցող մարդկանց մոտ նկատվում է աչքերի չորություն։

Մարդու սննդակարգում վիտամին A-ի հիմնական աղբյուրը բետա կարոտինն է․ բետա կարոտինը բուսական գունանյութ է, որը պարունակվում է գունավոր (հիմնականում կարմիր ու նարնջագույն) մրգերի ու բանջարեղենի կազմում։ Երբ մարդը կարոտինոիդներ է օգտագործում, օրգանիզմն այն վերածում է վիտամին A-ի։

Վիտամին А-ով հարուստ մթերքներ են՝

  • քաղցր կարտոֆիլ,
  • կարմիր պղպեղ,
  • գազար,
  • դդում,
  • դդմիկ և այլն։

Վիտամին E

Ալֆա տոկոֆերոլը վիտամին E-ի ձևերից մեկն է, որն օժտված է հակաօքսիդանտային հզոր ազդեցությամբ։ Հակաօքսիդանտներն օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք կարող են վնասել աչքի սպիտակուցները։ Այդ վնասվածքները կարող են հանգեցնել աչքի ոսպնյակի վրա պղտոր հատվածների զարգացման՝ կատարակտի։ 2015 թ․-ին անցկացված մետա անալիզի տվյալներով վիտամին E-ով հարուստ սննդակարգը կարող է նվազեցնել կատարակտի զարգացման վտանգը։

Վիտամին Е-ով ով հարուստ մթերքներ են՝

  • նուշ,
  • արևածաղկի սերմեր,
  • գետնանուշ,
  • ցորենի ածիկ,
  • սոյայի, եգիպտացորենի ձեթ,
  • ծնեբեկ և այլն։

Վիտամին C

Վիտամին С-ն նույնպես օգնում է պայքարել օքսիդացման վնասների դեմ։ Վիտամին C-ի քիչ ընդունումը և քանակի պակասն արյան պլազմայում ասոցացվում են կատարակտի բարձր ռիսկի հետ։ Սակայն այս ոլորտում ուսումնասիրությունները դեռ շարունակվում են։

Վիտամին B

2018 թ․-ին Հարավային Կորեայում անցկացված հետազոտությամբ կապ է հայտնաբերվել վիտամին B3-ի օգտագործման (նիացին) ու գլաուկոմայի միջև։ Իսկ 2020 թ․-ի փոքրիկ հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին B1-ը կարող է թեթևացնել չոր աչքի համախտանիշը։

Վիտամին B պարունակող մթերքներ`

  • Վիտամին B1 (թիամին)- լոբի, ոսպ, խոզի միս, ձուկ, կանաչ ոլոռ, յոգուրտ,
  • Վիտամին B2 (ռիբոֆլավին) – տավարի միս, վարսակ, յոգուրտ, կաթ,  սունկ, նուշ,
  • Վիտամին B3 (նիացին) – տավարի լյարդ, հավի միս, սաղմոն և թունա, շագանակագույն և սպիտակ բրինձ, գետնանուշ,
  • Վիտամին B6 (պիրիդօքսին) – սիսեռ, կանաչ բանջարեղեն, կանաչեղեն, թռչնի միս, տավարի լյարդ, սաղմոն և թունա,
  • Վիտամին B9 (ֆոլաթթու)- կանաչ բանջարեղեն, գետնանուշ, լոբի, ծովամթերք, արևածաղկի սերմեր, ձու,
  • Վիտամին B12 (կոբալամին)- ձուկ, լյարդ, կարմիր միս, թռչնամիս, ձու և այլն։

Աչքերի առողջությանը նպաստող այլ սննդանյութեր

Լյուտեին ու զեաքսանտին

Լյուտեինն ու զեաքսանտինը կարոտինոիդներ են, որոնք մեծ քանակությամբ պարունակվում են կանաչ բանջարեղենի կազմում։ Դրանք նաև առկա են աչքի ոսպնյակի ու ցանցաթաղանթի մեջ։

Որպես հակաօքսիդանտներ՝ այդ սննդանյութերը նպաստում են ցանցաթաղանթում օքսիդացման սթրեսի նվազեցմանը։

Լյուտեինի ու զեաքսանտինի աղբյուր են՝

  • ձվի դեղնուց,
  • եգիպտացորեն,
  • ծնեբեկ,
  • բրոկոլի,
  • ոլոռ,
  • կալե կաղամբ,
  • սպանախ և այլն։

Ցինկ

Ցինկը հանքանյութ է, որը պաշտպանում է ցանցաթաղանթը, բջջաթաղանթները և այլն։ Ցինկն օգնում է վիտամին A-ին տեղափոխվել լյարդից ցանցաթաղանթ՝ մելանինի արտադրման համար։ Ինչպես հայտնի է, մելանինը պիգմենտ է, որը պաշտպանում է աչքերն ուլտրամանուշակագույն ճառագայթումից։

Ցինկի աղբյուր են հետևյալ մթերքները՝ 

  • ծովամթերք,
  • հնդկահավի միս,
  • հատիկավորներ,
  • սիսեռ,
  • ընդեղեն, դդմի սերմեր,
  • ամբողջահատիկ ցորեն և այլն։

Օմեգա 3 ճարպաթթուներ

Աչքի ցանցաթաղանթում օմեգա 3 ճարպաթթուների խտությունը բավականին բարձր է։ Այդ ճարպաթթուները պաշտպանում են ցանցաթաղանթը վնասվածքներից ու դեգեներացիայից։ Շատ բժիշկներ են խորհուրդ տալիս օմեգա 3 ճարպաթթուները չոր աչքի համախտանիշի դեմ պայքարում։

Օմեգա 3 ճարպաթթուների հարուստ աղբյուր են՝ 

  • յուղոտ ձկնատեսակները,
  • կտավատի, չիայի սերմերը,
  • ընկույզը և այլն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930