«Ձեր հարցում կա ենթատեքստ՝ վերադառնում են, որ ի՞նչ անեն. եթե վերադառնան՝ կտեսնեք: Դանդաղ շտապելը խելամիտ է միշտ». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը
– ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններում քննարկում են խորհրդարան վերադառնալու հավանականությունը: Արտահոսքեր կան, որ առաջիկա քառօրյային արդեն ընդդիմադիր պատգամավորները կմասնակցեն խորհրդարանի աշխատանքներին: Երբ ընդդիմադիրները լքում էին խորհրդարանի դահլիճը, հայտարարեցին, որ օրհասական իրավիճակ է, որ իշխանական մեծամասնությունը համատեղ աշխատանքի տրամադրված չէ եւ որ իրենք գնում են իրենց օրակարգն առաջ տանելու. այս ընթացքում իրավիճակն ավելի է խտացել, ընդդիմությանն էլ չի հաջողվել իր օրակարգն առաջ մղել, բայց որոշել են վերադառնալ խորհրդարան, վերադառնում են, որ ի՞նչ անեն:
– Ընդդիմությունը ազատ է իր մարտավարությունը մշակել եւ իրականացնել եւ ՀՀ Ազգային ժողովը ՔՊ-ականների հոր դյուքյանը չի, որ զարմանան, քննարկեն կամ քննադատեն, թե ինչո՞ւ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախ բոյկոտեցին, ապա, որոշել են վերադառնալ։ Ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր քայլերը… Այս պահին անձամբ տեղեկություն չունեմ ձեր նշած վերադարձի մասին, բայց եթե կա այդպիսի բան, ուրեմն, քաղաքական գործընթացները դա են պահանջում: Ձեր հարցում կա ենթատեքստ՝ վերադառնում են, որ ի՞նչ անեն. եթե վերադառնան՝ կտեսնեք: Դանդաղ շտապելը խելամիտ է միշտ։
– Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր երբեմնի որակմամբ՝ կիրթ ու կառուցողական Իլհամ Ալիեւը նախապատրաստում է արցախահայության ցեղասպանություն։ Տպավորություն է, որ նա պատասխանում էր Ալիեւի՝ Շուշիում արած հայտարարություններին։ Ինչո՞ւ հիմա Նիկոլ Փաշինյանը որոշեց բաց եւ ուղիղ պատասխանել Ալիեւին, այն պարագայում, երբ իր պաշտոնավարումից ի վեր հնչած տարբեր սպառնալիքների չէր պատասխանել, ավելին, համառորեն խաղաղության օրակարգի է ձգտում այն պարագայում, երբ այդ եւ այլ սպառնալիքներ ակնհայտ էին։
– Կարծում եք բաց եւ ուղի՞ղ է պատասխանել: Ինքս այդ կարծիքին չեմ, պատասխանել է վախվորած եւ ստիպված։ Իրականում, նաեւ համայն հայությանը՝ Արցախում, Սփյուռքում եւ ՀՀ-ում հերթական անգամ դնելով հարվածի տակ։ Արդյո՞ք այդ անձը կառավարության տվյալ նիստում «իմացավ», որ թուրքական քաղաքականությունը ցեղասպանի քաղաքականություն է, որ թուրքը ուզել եւ միշտ ուզելու է մեկ հայ թողնել եւ այն էլ թանգարանում, արդյո՞ք էդ անձը հայոց պատմություն, Ցեղասպանության պատմություն, պատմական հայրենիքի մասին չուներ «ոչ մի լուր», արդյո՞ք կարծում էր՝ թուրքը սպասել է մինչեւ ինքը դառնա Հայաստանի վարչապետ ու փոխվի, հայի հետ քիրվայություն անի… Իսկ երբ «խաղաղության դարաշրջան»-ից էր խոսում, չգիտե՞ր՝ ո՞ւմ հետ եւ ո՞ր տարածաշրջանում է դրա մասին խոսում։ Ակնհայտ է, «ահազանգում է» մի բանի մասին, ինչի մասին արդեն շուրջ հինգ տարի, իսկ 44-օրյա պատերազմից հետո օրը հազար անգամ ասվում էր, ասում էինք բոլորս՝ պատմաբաններ, ցեղասպանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ։ Այդ անձը ի սկզբանե խամաճիկ էր եւ թուրք-ադրբեջանական շահն առաջ տանող գործակալ, այնպես որ, նրա հեռացումը պարտադիր պայման է, նրա հեռացմամբ կվերականգնվի հավասարակշռությունը եւ հույս կլինի, որ դեռ հնարավոր է խուսափել վատթարագույնից։
Կարդացեք նաև
Իմանալով դրա մանիպուլյացիաները, կարող եմ պնդել, որ Ալիեւի՝ ցեղասպանության մասին խոսելով, դա դիմեց հերթական նիկոլությանը։ Աստված չանի, հնարավոր վտանգի դեպքում, դարձյալ բունկերից դուրս կգա, ու կասիգ «իմ խեղճ ջանից ինչ եք ուզում, զգուշացրել էի, չէ՞»… Ամեն ինչ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Մենք պարտավոր ենք մինչ այդ հեռացնել իր ստերով եւ պոպուլիզմի տոպրակով։ Բավ է այլեւս։
– Ստեղծված իրավիճակում նաեւ ընդդիմության կեցվածքն է կրավորական՝ թեկուզ կոշտ հայտարարություններ, հարցազրույցներ, ժամանակ առ ժամանակ հանրահավաքներ, երբեմն շուրջօրյա. սա ա՞յն գործիքակազմն է, որն օգնելու է հասարակությանը, պայմանական ասենք, արթնանալ ու պայքարել Փաշինյանի ու նրա վարած քաղաքականության դեմ։ Ընդդիմությունն ասում է՝ վիճակը օրհասական է, բայց հենց ընդդիմադիր ուժերի վարքագիծը չի խոսում այն մասին, որ ցանկություն կա օրհասական վիճակը շտկելու։ Փոխարենը՝ հասարակության հասցեին մեղադրանքներ են հնչում, մինչդեռ քաղաքական ուժերի վարքագծով է պայմանավորված նաեւ հասարակության վարքագիծը։
– Ընդդիմությունն այս ամբողջ ընթացքում, արդեն երկու տարի, իրականացրել է սրանց հեռացնելուն ուղղված գրեթե բոլոր հնարավոր քայլերը՝ հանրահավաքներ, հասարակության իրազեկում, ծեծվել, կալանավորվել, արյունոտվել։ Ընդդիմադիրների պահվածքը եթե կրավորական եք համարում, ես զարմանում եմ։ Մի մոռացեք, խնդրում եմ, վերջապես հասկացեք, որ ընդդիմության դեմ եւ ֆինանսական, եւ ուժային, եւ տեղեկատվական ու այլ միջոցներով պայքարում է ոչ թե մեկ անձ, այլ ամբողջ թուրք-ադրբեջանական տանդեմը՝ իր հայաստանյան գործակալներով եւ ներդրվածներով։ Նաեւ՝ գերտերությունները, որ իրենց շահն առաջ մղելու լավ մատերիալ են գտել, հանձին Փաշինյանի։
Ոստիկանական ապարատն այսքան անճոռնի ուռճացված չի եղել երբեք, ավելին է տրվում ոստիկաններին, քան սահման պահողներին, երկրի անվտանգությունը սեփական մարմիններով պահպանողներին: Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը 100 միլիարդ նոր վարկ է վերցնում բյուջեի ծակերը փակելու համար. հարց՝ իսկ ո՞նց են դրանք առաջացել, մի նախարար կա, քնում-արթնանում ասում է՝ տնտեսությունը զարգանում է ու երկնքից մանանա է թափվում։ Թափվո՞ւմ է: Բացի բայրաքթարներից եւ ԱԹՍ-ներից, քպական ստերից եւ հայրենադավությունից, հայի գլխին ուրիշ բան թափվո՞ւմ է։
Իսկ ինչո՞ւ դեռ չենք հաջողել. թերեւս իմ համոզմունքը ասեմ, իմ անձնական համոզմունքը՝ ուժով է պետք էս հարցը լուծել, միայն կոշտ ուժով։
– Տեղեկություններ ունե՞ք՝ Վեհափառի մոտ նախագահների՝ առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի, ձեւաչափով հանդիպումներն ինչո՞ւ չեն շարունակվում, թեեւ հայտարարվեց, որ լինելու են։ Գուցե ճի՞շտ էր առաջին նախագահը, երբ ասում էր, որ Հայաստանի կապիտուլյացիան այլընտրանք չունի եւ հենց դա հասկանալով, որեւէ մեկը չի ցանկանում պատասխանատվություն վերցնել։
– Առաջին նախագահի ճիշտ կամ սխալ լինելու մասին պատմությունը կդատի, բայց մեկ բան արդեն այսօր ակնհայտ է՝ Արցախը տվեցին ու դարձյալ հանգիստ չեն ապրում… Արցախն է եղել եւ է՝ ՀՀ անվտանգության երաշխավորը. չկա Արցախ, չի լինի նաեւ Հայաստան։ Իսկ ի՞նչ պատասխանատվություն վերցնելու մասին եք ակնարկում, այսօր մեր երկրում եւ Արցախի շուրջ ստեղծված վտանգավոր եւ օրհասական վիճակի թիվ մեկ պատասխանատուն Փաշինյան Նիկոլն է, եւ այս ահագնացող մահերի, անվերջանալի դարձող Եռաբլուրի, հազարավոր տնավեր եւ որդեկորույս ծնողների անհատակ վշտի, ժողովրդի անպաշտպան այս վիճակի մեղավորը նույն այդ անձն է։
– Վերջերս Արցախում էիք՝ ի՞նչ տպավորություններ ունեցաք, Ռուբեն Վարդանյանի եւ իր թիմի ներկայությունն ի՞նչ հեռանկարներ է խոստանում Արցախին ու Հայաստանին։
– Արցախը ապրում է եւ Արցախը մեծ հույսեր է փայփայում, որ մայր հայրենիքում իրավիճակի փոփոխության դեպքում իրենք ապահով կդառնան, Արցախում մարդիկ պինդ են եւ համառ, նրանք իրենց հողը չեն թողնելու եւ այս անգամ կպայքարեն նաեւ ներքին դավադիրների դեմ, արցախցու հայացքը ուղղված է մեզ ու մենք՝ ընդդիմությունը ու հասարակության գիտակից հատվածը, իրավունք չունենք արցախցուն թողնել միայնակ։
Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, անձամբ չեն ճանաչում, բայց մարդիկ ենթադրում են, որ եթե նա այս դժվարին պայմաններում տեղափոխվել է Արցախ եւ պատրաստ է քայլեր իրականացնել հանուն Արցախի, ուրեմն նրան պետք է աջակցել ու հավատալ։ Մնացածը ժամանակը ցույց կտա։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
12.11.2022