Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետական պարտքի սպասարկումը դարձել է մատչելի, բայց այդքան պարտք կուտակելով արդյոք այդ գումարն արդյունավետ է ծախսվել». Հայկ Մնացականյան

Նոյեմբեր 14,2022 13:30

Հայաստանում գնաճից բողոքում են բոլորը, անգամ բարձր եկամուտ ունեցողները։ Դրամի արժեւորումն էլ հարվածում է տրանսֆերտներով ապրող քաղաքացիների գրպանին, տնտեսության արտահանելի ճյուղերին։ Ու թեեւ կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուներն ասում են՝ 14.1% տնտեսական ակտիվություն է գրանցվել, ու քաղաքացին 14.1%-ով ավելի լավ է ապրում, օր չկա, որ մարդիկ բարձր գնաճից ու կյանքի վատթարացումից չբողոքեն։

Կառավարությունը աղքատությունը կրճատելու, նվազագույն եւ միջին աշխատավարձերի միջեւ հարաբերակցության նվազման եւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված մի նախագիծ է մշակել, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68 հազարից դարձնել 75 հազար դրամ:

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագետ Հայկ Մնացականյանն ասում է՝ գնաճը ոչ մի ձեւ դրական չի ազդում տնտեսության վրա եւ այսպիսի բարձր մակարդակի գնաճը՝ 10.5%, չի կարող ազդել կենսամակարդակի աճի եւ տնտեսության զարգացման վրա։

Տնտեսագետն «Առավոտ»-ի հետ զրույցում նշում է՝ գնաճը սպասվածից բավականին բարձր է, ինչը, բնականաբար, մարդկանց գնողունակության վրա էական ազդեցություն է թողել. «Հետեւաբար, ցանկացած կառավարություն պետք է քայլեր գործադրի իրավիճակը մեղմելու կամ գնաճը սահմանափակելու ուղղությամբ՝ եթե դրա հնարավորությունն ունի։ Իսկ եթե չունի կամ հնարավորությունը սահմանափակ է, ապա միջոցառում ձեռնարկի մարդկանց գնողունակությունը բարձրացնելու համար։ Աշխատավարձի բարձրացումը հենց դրան է միտված, բայց այստեղ խիստ կարեւոր է ունենալ հստակ հաշվարկներ՝ հետագայում աշխատավարձի աճը որքանո՞վ կարող է նպաստել մի կողմից մարդկանց հնարավորությունների աճին, մյուս կողմից էլ՝ ի՞նչ միջոցներով են այդ աշխատավարձի աճը իրականացնելու։ Եթե խոսքը գնալու է դրամական զանգվածի ավելացմամբ, ապա արդյունքը շատ ավելի վատ է լինելու»։

Մնացականյանը նկատում է՝ ցավոք մենք ունենք սպառող տնտեսություն, մենք երկու անգամ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում, հետեւաբար աշխատավարձի այդ աճն, ըստ էության, միտված է ոչ արտադրական սեկտորների մարդկանց եկամուտների ավելացմանը, որոնք հիմնականում կենտրոնացված են ծառայությունների, սպասարկման ոլորտներում, եւ ավելի քիչ՝ արտադրության ոլորտում. «Ընդհանուր առմամբ, աշխատավարձի բարձրացումը դրական միտում է, բայց շատ ցանկալի կլինի նախ ոչ թե դրա վրա կենտրոնանան, այլ տնտեսության կառուցվածքի, որի արդյունքում, թեեւ աշխատավարձերը կարող են այն չլինեն, ինչ ցանկալի է, բայց ի վերջո մենք կունենանք զարգացման հնարավորություն»։

Թե ինչ պետք է անել, տնտեսագետը նշում է՝ պետք է սկսել նրանից, թե որոնք են մեր հեռանկարները՝ ազգային, տնտեսության նպատակը մոտակա 20,40,50 տարվա համար. «Ունե՞նք արդյոք նման նպատակ, թե՞ լողում ենք մակընթացությամբ՝ մի փոքր բարձրանալով կամ իջնելով, իրավիճակային լուծումներով։ Երբ այդ հարցերի պատասխանները լինեն, քայլերի հաջորդականությունը հստակ կլինի։ Եւ ամենակարեւորը՝ թեեւ այսօր իներցիոն, կախված իրավիճակից, ունենում ենք զարգացումներ, դրանք պետք է ուղղորդել տնտեսության զարգացման այնպիսի հուներով, որոնք հնարավորություն կտան ընդլայնել մեր տնտեսության հնարավորություններն արտաքին շուկաներում, այլապես ուղղակի իրավիճակային լուծումներ կունենանք, որի արդյունքն այն չի լինի, ինչ մենք սպասում ենք։ Թեեւ, ընթացիկ որոշ ծրագրեր կան, մենք չունենք դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ վերահսկողություն։ Իհարկե, նախկինում էլ այդ հարցում չէին փայլում»։

Դրամի արժեւորման արդյունքում Տեղեկատվական տեխնոլոգիաների, արտահանելի ճյուղերի բիզնեսը մեծ վնասներ է կրում, այս մասին տեւական ժամանակ է ոլորտի գործարարները բարձրաձայնում են, սակայն խնդիրը չի լուծվում։ Բիզնեսը հարկային աջակցություն է ուզում, ԿԲ-ի քաղաքականությունից են դժգոհում, կառավարությունը չի արձագանքում։

Մնացականյանն այս առնչությամբ ասում է՝ փոխարժեքի արժեւորումը արգելակում է արտահանումը, իսկ ԿԲ-ի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է, ինչն էլ անում է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անընդհատ բարձրացնելով սահմանափակում է դրամի զանգվածը տնտեսությունում, որի արդյունքում դրամն արժեւորվում է. «Ընդ որում, հաշվի առնելով, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում մեծ ծավալի արտարժույթի ներհոսք է եղել ՀՀ, ստեղծվել է դրամի արհեստական արժեւորում, որովհետեւ այլ պարագայում նման արժեւորում չէր կարող լինել։ Այն գործիքը, որը ԿԲ-ն կիրառում է, ըստ էության ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ միջազգային շուկաներում կարծես թե սպառված է։ Պետք է մտածել նոր քայլերի, գործիքների ուղղությամբ, եւ պետք է ոչ միայն ԿԲ-ի, այլ նաեւ գերատեսչությունների՝ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության ներդաշնակեցման հարց բարձրացնել»։

Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտին, տնտեսագետը նկատում է՝ մենք կենտրոնացել ենք ՏՏ ոլորտի կարեւորության վրա, բայց պետք է հաշվի առնել՝ ի՞նչ արդյունավետություն այսօր ունենք այդ ոլորոտում, արդյոք պետք է շարունակել միայն այդ ուղղությամբ, թե՞ արդյունավետությունն այն չէ եւ պետք է նոր քայլեր ձեռնարկել կամ ընտրել ոչ միայն ՏՏ ոլորտը, այլեւ տնտեսության զարգացման նոր ուղղություններ, որոնք է՛լ ավելի մեծ խթան կարող են հանդիսանալ իրական հատվածի զարգացման համար կամ արտահանելի ճյուղերի զարգացման համար։

Տնտեսագետն ամենեւին դեմ չէ, որպեսզի պետությունն աջակցի ՏՏ ոլորտին, սակայն նաեւ նշում է՝ եթե կան հստակ հաշվարկներ, որոնց արդյունքում ակնհայտ կլինի, որ տվյալ հարկային արտոնությունը կարող է խթանել ոլորտը զարգանալու համար եւ այլ ճյուղերի համար անհավասար պայմաններ չի ստեղծի, պետք է անել այդ քայլը։

Մնացականյանը կրկին անդրադառնալով դրամի արժեւորմանը, նկատում է՝ «դրական» մի բան կա՝ պետական պարտքի սպասարկումը դարձել է մատչելի, բայց մյուս կողմից պետք է մտածել՝ այդքան պարտք կուտակելու արդյունքում արդյոք այդ գումարն արդյունավետ է ծախսվել, ինչը, ըստ տնտեսագետի, շատ ավելի կարեւոր է, քան այն, որ պարտքի սպասարկումը մատչելի է դարձել. «Պարտքը ՀՆԱ-ի 70%-ն անցել է, ինչպե՞ս է վերահսկվում գործընթացը՝ այդ վերցրած պարտքը ոնց են օգտագործել եւ օգտագործում։ Միջազգային փորձն այդ ուղղությամբ շեշտադրում է՝ պետք է ձեւավորել պետական պարտքի կառավարման գործակալություններ՝ կառավարությունից անկախ մարմին, որը կվերահսկի գործընթացը, բայց ՀՀ-ում նման բան չկա, մենք հին իներցիայով ենք շարժվում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930