Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա էր վերանայման

Նոյեմբեր 14,2022 13:00

Գրավատուին ուղարկված բռնագանձման ծանուցումը վերջինիս կողմից պետք է ստացված լիներ: Սահմանադրական դատարանի նոյեմբերի մեկի դիրքորշմամբ՝ օրենսդրությամբ պետք է նախատեսված լինեն այդ տեղեկատվության՝ գրավատուին հասանելիությունն ապահովող համապատասխան երաշխիքներ՝ վերջինիս պատշաճ ծանուցման կառուցակարգի միջոցով: Այդպես չի եղել, դիմողի պնդմամբ՝ առկա կարգավորումների պայմաններում գրավատուն զրկվել է ոչ միայն գրավադրված գույքի բռնագանձումը եւ դրա իրացումը դադարեցնելու իր իրավունքից՝ կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է, այլ նաեւ բռնագանձման օրինականությունը վիճարկելու իրավունքից:

ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննել է Ռուզաննա Ղազարյանի դիմումի հիման վրա՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Ռուզաննա Ղազարյանը 2022 թվականի հունիսի 16-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրել դիմումը: Դիմողը խնդրել էր որոշել օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը» մասի՝ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 60-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին եւ 78-րդ հոդվածին համապատասխանության հարցը: Պատասխանող Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, նույն բաժնի գլխավոր մասնագետ Է. Մնացականյանը նշել էր, որ օրենսդրի կողմից սահմանվել է գրավի առարկայի բռնագանձման գործընթացի՝ երկամսյա ժամկետով «սառեցման» օրինական հնարավորություն` որպես գրավատուի դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման երաշխիք:

ՀՀ վարչական դատարանը, քննելով թիվ ՎԴ/8136/05/18 վարչական գործն ըստ հայցի Ռուզաննա Ղազարյանի՝ ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի՝ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2019 թվականի հունիսի 25-ի վճռով հայցը բավարարել է։ Վերաքննիչ վարչական դատարանը 2020 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի վերը նշված վճռի դեմ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները մերժել է՝ վճիռը թողնելով անփոփոխ։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը 2021 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը բավարարել է. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի հուլիսի 15-ի որոշումը բեկանել է եւ փոփոխել՝ Ռուզաննա Ղազարյանի հայցը մերժել։

Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ գրավառուի կողմից գրավատուին ուղարկված բռնագանձման ծանուցումը չի ստացվել եւ վերադարձվել է «Չպահանջված» նշումով, եւ միաժամանակ նշել է հետեւյալը. «…արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ կարող է լինել ե՛ւ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, ե՛ւ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը: Օրենսդիրը, որպես արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ դիտարկելով ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, կարեւորել է բռնագանձման ծանուցումը գրավատուին ուղարկելու հանգամանքը, որը բավարար է բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատելու համար:

Դրա արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն բռնագանձման ծանուցման փոստային առաքման անդորրագրի առկայությունն արդեն վկայում է կողմին բռնագանձման ծանուցումը պատշաճ հանձնված լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում Կադաստրը, հիմք ընդունելով օրենքի 24-րդ եւ 40-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերը, կարող է իրավաչափորեն կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում: … Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կադաստրը վարչական ակտը կայացնելու պահի դրությամբ ստուգել է իրավահաստատող փաստաթղթերի համապատասխանությունը օրենքի պահանջներին, եւ պարզելով նաեւ, որ գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով Կադաստր ներկայացվող սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից ներկայացվել է նաեւ բռնագանձման ծանուցումը գրավատու Ռուզաննա Ղազարյանին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, այն է` տվյալ դեպքում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, կատարել է իրավունքի պետական գրանցումը»:

Դիմողը նշում է նաեւ, որ սահմանված չէ այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն կտար հավաստիանալու նշված ծանուցումը գրավատուի կողմից ստացվելու մասին, միաժամանակ նախատեսված չեն ծանուցումը գրավատուի կողմից չստանալու պարագայում ծանուցման այլ ընթացակարգեր, որոնց պարագայում գրավատուն հնարավորություն կունենար իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը։

ՍԴ հարցադրումներն էին. արդյո՞ք օրենքի վիճարկվող դրույթը, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ բռնագանձման ծանուցումը գրավատուին միայն ուղարկված լինելը հաստատող փաստաթուղթը բավարար է բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատված համարելու համար, համահունչ է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքին, արդյո՞ք օրենքի վիճարկվող դրույթը, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված վերոնշյալ մեկնաբանությունը, համահունչ է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքին:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրությամբ նախատեսված է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու երկու եղանակ՝ դատական կարգով եւ առանց դատարան դիմելու: Սահմանադրական դատարանը փաստում է, որ բռնագանձման մասին ծանուցումը գրավատուին պատշաճ կարգով հանձնված է համարվում, եթե ծանուցումը կատարվել է օրենսգրքի 20.1 գլխով սահմանված կարգով (Օրենսգրքի 249-րդ հոդվածի 3-րդ մաս): Ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով:

Այս գործով Սահմանադրական դատարանը փաստում է, որ իրավակիրառ պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որով ծանուցման փոստային առաքման անդորրագիրն ըստ էության նույնացվել է փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագրի հետ: Փաստորեն, փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագրով, հաշվի առնելով դրանում պարունակվող տեղեկությունները, կարող է հաստատվել միայն բռնագանձման ծանուցումը գրավատուին ուղարկելու փաստը։ Մինչդեռ Սահմանադրական դատարանը գտնում է, որ բռնագանձման ծանուցումը գրավատուին պատվիրված նամակով ուղարկելը չի երաշխավորում գրավատուի կողմից այդ փաստաթղթի ստացումը, ուստի բռնագանձման ծանուցումն ուղարկելու վերաբերյալ փաստաթուղթը՝ առանց գրավատուին այդ առաքանու հանձնումը հավաստող ծանուցման, չի կարող համարվել բավարար՝ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատելու համար։ Այլ կերպ՝ փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագրով հնարավոր չէ հավաստել բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի ծանուցված լինելը, որպիսի պայմաններում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին այդ անդորրագրի ներկայացումը կրում է բացառապես ձեւական բնույթ։

ՍԴ եզրահանգումը մեկն էր՝ այս գործով բարձրացված սահմանադրաիրավական խնդիրը հարկ է քննարկել նաեւ անձի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման տեսանկյունից, հաշվի առնելով, որ վիճարկվող հոդվածի համատեքստում սեփականության իրավունքի պաշտպանությունը սերտորեն փոխկապակցված է դատական պաշտպանության իրավունքի հետ:

ՍԴ-ն որոշել է՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930