Լրահոս
Օրվա լրահոսը

«Երջանկության մեջ միշտ կորցնելու վախ կա»

Նոյեմբեր 14,2022 12:30

Հարցազրույց թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Ռուզաննա Պետրոսյանի հետ

– Ձեր թարգմանչական գործունեությունը վերջին շրջանում գերակտիվ է։ Նոր գրքեր են լույս տեսել, որոնք արդեն իսկ հասցրել են սիրվել։ Խոսենք նոր թարգմանությունների մասին։

– Իրավացի եք: Սկսել եմ թարգմանել 2013 թվականից։ Երբ լույս տեսավ իմ առաջին գիրքը` Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» վեպը, այդ ժամանակ ես դեռ ուսանող էի եւ պատկերացնել անգամ չէի կարող, որ ընդամենը ինը տարում թարգմանելու եմ 18 (հաստափոր) գիրք, այն էլ` առանց դադարի։ Այդ պահից սկսած, փաստորեն, գերակտիվությունը դարձել է իմ առօրյայի եւ աշխատելաոճի անբաժանելի մասը: Նույն ձեւով` 2021 թվականին իմ թարգմանությամբ հաջորդաբար լույս տեսան Մարիո Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ», Խավիեր Սիեռայի «Անկյալ հրեշտակը», Կամիլո Խոսե Սելայի «Փեթակը» եւ Կառլոս Ռուիս Սաֆոնի «Քամու ստվերը» վեպերը. մի իրողություն, որ իսկական գրական հրավառություն դարձավ: Ի դեպ, այս տարին եւս բացառություն չի լինի, արդեն լույս տեսած Միգել Դելիբեսի «Հինգ ժամ Մարիոյի հետ», Գաբրիել Գարսիա Մարկեսի եւ Մարիո Վարգաս Լյոսայի «Երկու մենություն», Միգել դե Ունամունոյի «Աբել Սանչես» վեպերից հետո, մինչեւ տարեվերջ, ընթերցողներին սպասվում է եւս երկու նվեր։ Իմ թարգմանությամբ լույս կտեսնեն Նոբելյան մրցանակակիր Կամիլո Խոսե Սելայի «Պասկուալ Դուարտեի ընտանիքը» եւ Խավիեր Մարիասի «Վաղը մարտի դաշտում հիշիր ինձ» վեպերը, որոնք, կարծում եմ, ինչպես եւ իմ մյուս գրքերը, անտարբեր չեն թողնի ընթերցողին:

– Դեռ նախորդ տարի «Առավոտի» հետ զրույցում ասել էիք, որ Հայաստանում թարգմանիչների պակասը խանգարում է, որպեսզի մեծ թափ առնի թարգմանական գրականությունը։ Ինչ-որ բան փոխվե՞լ է այս մեկ տարում։

– Պատկերացրեք` փոխվել է ոչ միայն թարգմանիչների թիվը։ Որպես վառ օրինակ կցանկանայի առանձնացնել թարգմանաբանությանը կամ թարգմանական արվեստին (գրավոր, բանավոր) նվիրված «Թարգմանչական ֆորում» խորագրով միջոցառումը, որը հատկապես թարգմանչաց դպրոցի բացակայության դեպքում մեծ իրադարձություն էր:

Ես դասավանդում եմ ոչ միայն ապագա դիվանագետներին, այլեւ թարգմանիչներին, նրանց հետ կիսվում եմ գիտելիքներով եւ փորձով, մեծ հույսով, որ մոտ ապագայում ունենալու ենք մեծ թվով որակյալ եւ արհեստավարժ թարգմանիչներ: Իսպանական գրականության թարգմանությունը, չնայած քիչ թվով թարգմանիչների, կարծում եմ՝ ընթանում է մեծ թափով: Շնորհակալություն իմ թարգմանիչ-գործընկերներին, որոնք անխոնջ ոգեւորությամբ եւ նվիրվածությամբ ընթերցողներին նվիրում են լավ գրքեր:

– Կա՞ն ստեղծագործություններ, որոնք ձեզ գրավել են եւ կցանկանայիք թարգմանել։

– Ես փոքր-ինչ «երես առած» թարգմանիչ եմ, ինձ միշտ թույլ են տալիս թարգմանել իմ ուզած գրքերը:

– Գրականությունը պարզ հետաքրքրությունների ոլորտ չէ, բայց սիրում է պարզություն… Ընթերցո՞ւմ եք հայ ժամանակակից հեղինակների գործերը, նկատո՞ւմ եք պարզությունը։

– Գրականության մեջ պարզությունը կամ բարդությունը, կարծում եմ, պայմանավորված չէ դասական կամ ժամանակակից գրողներով, այլ առանձին գրողներով եւ գրականության մեջ ինքնարտահայտման նրանց ընտրած բարդ կամ պարզ լեզվով: Թարգմանելը եւ համալսարանում դասավանդելը, ավաղ, ինձնից շատ ժամանակ են խլում, ահա թե ինչու ժամանակակից գրականությանը հաճախ անդրադառնալու հնարավորություն չունեմ, բայց շատ ուրախանում եմ մեր գրողների հաջողություններով, հատկապես երբ թարգմանվում են այս կամ այն լեզուներով։ Անուշ Սարգսյան, Հովիկ Աֆյան, Արամ Պաչյան, Գրիգ. անուններ են, որոնց ստեղծած գրականությունը հաստատ պետք է թարգմանվի:

– Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք։

– Երջանկությունը պահեր են, ես նախընտրում եմ ներդաշնակությունը։ Երջանկության մեջ միշտ կորցնելու վախ կա, իսկ ես խորշում եմ կորուստներից, թեեւ կան կորուստներ, որոնք ճանապարհ են` նոր հորիզոններ եւ աշխարհներ ճանաչելու, ապրածդ վերաիմաստավորելու, սխալներդ շտկելու եւ նոր էջից սկսելու համար:

– Դուք նաեւ մայր բուհում եք դասախոսում։ Այս սերնդի մասին խոսենք…

– Կարծրատիպեր կան, որոնք արդիական են բոլոր ժամանակների համար։ Դրանցից մեկը թերեւս «Այսօրվա սերունդը չի կարդում» կամ «Այսօրվա սերունդը ուրիշ է» քարացած, մինչեւիսկ ծեծված արտահայտություններն են, որոնց հետ ամենեւին համաձայն չեմ: Այսօրվա սերունդը, բնականաբար, ուրիշ է, ինչն առավել քան տրամաբանական է, քանի որ էվոլյուցիան, նորագույն տեխնոլոգիաները, չափից շատ ինֆորմացիան, արտասահմանյան փորձը, ասել է թե` եվրոպական տենդենցներն, անշուշտ, ազդում են այժմեական սերնդի խառնվածքի, ինքնադրսեւորման եւ մտածողության վրա: Սակայն բոլոր նրանք, ովքեր կասկածում են նոր սերնդի լավագույն հատկանիշների եւ որակների վրա, սիրով հրավիրում եմ Երեւանի պետական համալսարան` ծանոթանալու իմ ուսանողների հետ: Ես իմ ուսանողների դասախոսն եմ, նրանց լավագույն ընկերը եւ օգնականը, քանզի վաղուց հասկացել եմ, որ նրանք ինձ նվիրում են ամենաթանկը` իրենց ժամանակը, ինչպես նաեւ այն մեծ վստահությունը, որ միասին` մեր գիտելիքներով, աշխատասիրությամբ եւ ազնվությամբ միմյանց համար կերտելու ենք լավ ապագա: Երկուստեք անում ենք հնարավորն ու անհնարինը՝ իրար արժանի լինելու համար: Ի դեպ, քիչ առաջ ինձ հարցնում էիք երջանկության մասին. իմ ուսանողների հետ ես իրավամբ երջանիկ եմ:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930