Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտությունը՝ ժառանգներին

Նոյեմբեր 14,2022 12:00

Մեզանից շատերը մասնագիտությունն ընտրում են պատահականորեն եւ ապրում են՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչի համար են լույս աշխարհ եկել։ Այդ առումով Վլադիմիր Մարգարյանի բախտը բերել է։ Նրա հայրը՝ Վազգեն Մարգարյանը, մինչ Մեծ հայրենականի սկիզբը ղեկավարել է Երեւանի կոնյակի-գինու-օղու «Արարատ» կոմբինատի շինարարությունը։ Զորացրվելուց հետո շարունակել է մասնագիտությամբ աշխատել եւ դարձել ԵրՊԻ-ի շինարարական ֆակուլտետի փոխդեկանը։ Իսկ տարիներ անց նույն ճամփան բռնեցին որդիները, թոռները, եւ նա լիակատար իրավունք ձեռք բերեց հուշապատում գիրքը վերնագրել՝ «Շինարար Մարգարյանները՝ երեկ, այսօր, վաղը»։

Գրքի շապիկի լուսանկարում Երեւանի հեռուստաաշտարակի հարեւանությամբ հայտնի շինարարը զրուցում է իր ծոռնուհիների հետ, որը Մարգարյանի շինություններից առանձնահատուկն է։ Եվ հենց այն հանդիսացավ հուշագրության ստեղծման առիթը։ Ծոռնուհի Լուսին, տեղեկանալով, որ հեռուստաաշտարակը կառուցել է «Վովա պապիկը», սկսեց հարցուփորձել, թե ինչպես դա եղավ։ Հենց այդ էլ ստիպեց Մարգարյանին վերհիշել մանկությունը, պատանեկությունը, աշխատանքային ուղին եւ բոլոր նրանց, ում հետ նա մեծ ներդրում ունեցավ Հայաստանի համար։

Այդ պատկառելի ցուցակում են «Էրեբունի» հյուրանոցը, Կառավարական թիվ 3 շենքը, սրտաբանության եւ վիրաբուժության ինստիտուտները, Ուռուցքաբանության կենտրոնը, բնակելի շենքեր Ավանում, Նոր Նորքում, դպրոցներ ու մանկապարտեզներ, Ծաղկաձորի օլիմպիական համալիրը, Իրան-Հայաստան գազատարը եւ այլն։

Հեղինակն անդրադառնում է շինարարական պրոբլեմներին, անցած տարիների ընթացքում երախտագիտությամբ հիշում այն մարդկանց, ովքեր օգնել են իր մասնագետ դառնալուն։ Պատմում է շինարարական ոլորտի ղեկավարների մասին, որոնց թվին էր պատկանում նաեւ նույն ինքը՝ Վլադիմիր Մարգարյանը, ով ժամանակին զբաղեցրել է «Պետշինի» նախագահի տեղակալի պաշտոնը։

Առանձին բաժնում հեղինակը պատմում է 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին։ Այդ օրը Մոսկվայում էր, եւ երեկոյան արդեն Երեւանում էր, որտեղից անմիջապես մեկնեց Լենինական (Գյումրի)։ Պետշինի ղեկավար Վարդգես Արծրունու հետ նրանք ամեն բան արեցին աղետի գոտին վերականգնելու համար։

Մարգարյանի կենսագրության կարեւորագույն հատվածն է Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը (200 կմ)։ Որոշ վայրերում կառույցի բարձրությունը ծովի մակերեւույթից 3000 մետրից ավելին է։ Այդ դժվարին պայմաններում Մարգարյանի ղեկավարությամբ գազամուղը շահագործման հանձնվեց ժամկետից շուտ՝ երկու տարում։

Սովորաբար հուշագրությունների հեղինակները հաճախ են շատ տեղ հատկացնում իրենց, քան մյուսներին։ Այդ իմաստով Մարգարյանն աշխատել է ավելի շատ տեղ հատկացնել մյուսներին, ընդգծել նրանց մարդկային որակները։

Գրքի վերջում, որը հրատարակվել է հայերեն եւ ռուսերեն լեզուներով, Մարգարյանը անուն առ անուն թվարկում է իր կոլեգաներին։
Հուշերն ավարտվում են պատգամով. «Ես հավատում եմ, որ դուք՝ բոլորդ, ապրելու եք ազատ ու անկախ Հայաստանում, խաղաղ երկնքի ներքո, եւ ձեզնից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենալու մեր բոլորի հայրենիքի շենացման ու բարգավաճման գործում»։

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930