Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած քաղաքական պահանջի բավարարման հետ կարող է կապվել ռազմագերիների վերադարձը»

Նոյեմբեր 14,2022 14:30

Կարծում է փաստաբան Սիրանույշ Սահակյանը:

«Նույնիսկ այն հանդիպումները, որտեղ ուղղակի շեշտադրում չկա ռազմագերիների խնդրի հետ կապված, կարծում եմ՝ կարող է ազդեցություն ունենալ ռազմագերիների վերադարձի վրա»,- «Առավոտի» դիտարկմանը՝ կարծես վերջին շրջանում օրակարգից դուրս գտնվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հանդիպումների ժամանակ այդ հարցը չի քննարկվում, Սոչիում կայացած վերջին հանդիպման հայտարարության մեջ էլ ռազմագերիների վերադարձի հետ կապված արձանագրում չկար, այսպես արձագանքեց Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը։

Նա չի կարծում, որ այդ հարցն օրակարգից հանվել է։ Փաստաբանի փաստմամբ, իհարկե, տարբեր հարթակների նպատակը եւ մանդատը տարբեր է, եւ որոշ հանդիպումներ բացառապես միտված են քաղաքական բնույթի խնդիրների լուծմանը, որոնց ածանցյալ հետեւանքը, ըստ նրա, կարող է լինել նաեւ ռազմագերիների՝ շուտ հայրենադարձումը։ Այս առիթով նա ասաց. «Բազմիցս նշել ենք. սա հանրահայտ փաստ է, որ ռազմագերիների խնդիրը քաղաքական է։ Եթե քաղաքական օրակարգի խնդիրներն ստանում են մասնակի կամ ամբողջական լուծում կամ արձանագրվում է տեղաշարժ, ապա այս ֆոնին միջնորդ երկրները կամ կառավարությունները օգտագործում են իրենց դիրքը նաեւ մարդասիրական խնդիրների լուծումը երաշխավորելու համար»։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նորություն կա հայ ռազմագերիներին ադրբեջանցի զինծառայողների կողմից գնդակահարության դեպքով, որի առիթով Ադրբեջանը վստահեցնում էր, որ հետաքննություն է սկսել։ Սիրանույշ Սահակյանն արձանագրեց, որ գործով դրական մասն այն է, որ այն միջազգային արձագանք ստացավ եւ հանրահայտ հետաքննող կառույցներ, նաեւ լրագրողներ ուսումնասիրեցին այդ տեսանյութը եւ արձանագրեցին, որ այն համապատասխանում է իրականությանը եւ բացահայտում է պատերազմական հանցագործությունը։ Նա շարունակեց. «Այնտեղ նաեւ մարդու իրավունքների միջազգային կառույցները խոսեցին դրա մասին։ Ադրբեջանը փորձում է հարցը տեղափոխել ներպետական հարթակ խնդիրը սպանելու նպատակով։ Եվ միջազգային կառույցներին ներկայացվել է, որ նախաձեռնվել են քրեական գործեր, որոնց շրջանակում հետաքննության առարկա է դառնում ինչպես տեսանյութի արժանահավատությունը, այնպես էլ դրանում արձանագրված դեպքի մեղավորների բացահայտումը։ Եվ այստեղ իրենք քաղաքական գիծ էլ են փոխել։ Կեղծ ձեւով են հարուցում գործերը, որոնց իրական նպատակը ոչ թե մեղավորներին բացահայտելն է, այլ հարցի քննարկումը անորոշ ժամկետով հետաձգելը։ Այս փաստարկով փորձում են պատսպարվել միջազգային կառույցներում, անգամ փորձում են հակադրել ադրբեջանական գործելակերպը հայկականին՝ մատնանշելով, որ իբր ի տարբերություն հայերի, կան անգամ պատժի ենթարկված ադրբեջանցի զինծառայողներ։ Դարձյալ այս ամենը կեղծված է։ Այդ հանցագործներն իրականում պատիժ չեն կրում, ավելին, մեղադրանքով այդ քրեական գործով անցնող մեղադրյալները չեն դատապարտվում, անգամ խրախուսվում են իրենց զինծառայության շրջանակներում։ Դրա համար մենք արհեստածին ենք գնահատում եւ կարծում ենք՝ Ադրբեջանում չի կարող լինել հայ զոհերի դեպքերի առնչությամբ օբյեկտիվ եւ անաչառ քննություն, եւ միջազգային գործընկերներն էլ չեն կարող որեւէ կերպ լեգիտիմացնել այդ քննությունը։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ քրեական գործերը կեղծվել են, իրական մեղավորները բացահայտվել են միջազգային դատական գործընթացներում, բայց այդ մեղավորները մինչ օրս պատիժ չեն կրում։ Դրա համար քանի դեռ իրական միջազգային հետաքննությամբ բացահայտված դեպքերով հայերի նկատմամբ սպանություններ կամ խոշտանգնումներ կատարած անձինք փաստացի պատիժ չեն կրում, կարծում եմ՝ համոզիչ չեն ադրբեջանական այն պնդումները, որ Ադրբեջանում ընթանում են արդյունավետ քննություններ եւ դրանք կարող են նպաստել ճշմարտության բացահայտմանը»։

Հարցին՝ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների հարցերով ներկայացված գործերով ի՞նչ նոր գործընթացներ կան, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «Կոմունիկացիաները հատկապես այն գործերով, որոնցով անհապաղ միջոցներ են կիրառվել, շարունակաբար ընթանում են։ Այս պահին մենք դեռ չունենք գործ, երբ հիմնական գործով կոմունիկացիան սկսվել է, բայց անհապաղ միջոցների առնչությամբ տեղեկատվությունը փոխանակվում է եւ այս փուլում էլ մենք կարողանում ենք բազմաթիվ կեղծիքներ բացահայտել եւ դատարանի ուշադրությունը հրավիրել այդ խնդիրներին։ Ակնկալիք ունենք, որ դատարանն ավելի պրոակտիվ է գտնվելու այս գործերով՝ հաշվի առնելով ծավալը, նաեւ քաղաքական զարգացումները»։

Մեր հիշեցմանը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները պնդում են, որ գերիների հարզատները վախենում են խոսել եւ հարցին՝ ո՞րն է պատճառը, փաստաբանը պատասխանեց. «Կարծում եմ՝ վախերի մի մասը մտացածին եւ խիստ սուբյեկտիվ ընկալման արդյունք է, բայց դրանց մեջ կարող են լինել օրինակ՝ ադրբեջանցիների կողմից սպառնալիքները, այնտեղ գտնվող ռազմագերիների կյանքի, անվտանգության սպառնալիքները, եւ չեմ բացառում, որ որոշ վախեր նաեւ կապված են ՀՀ իշխանությունների գործալակերպի հետ»։
Հարցին՝ հնարավո՞ր է հայ ռազմագերիների նոր խումբ վերադարձվի առաջիկայում, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «Քաղաքական օրակարգի առաջընթացը եւ այստեղ կոնկրետ պետության կամ կառույցի դիրքավորումն անխուսափելիությամբ հանգեցնելու են ռազմական որոշակի խմբաքանակի վերադարձի։ Գիտեք՝ տարբեր գործընթացներ կան, եւ միջնորդ կողմերն էլ դիվերսիֆիկացված են։ Կան խաղաղության հետ կապված, ԼՂ կարգավիճակի առնչությամբ, միջանցքների հետ կապված գործընթացներ։ Անկախ նրանից, թե որ միջնորդ երկրի կամ կառավարության հովանու ներքո են այդ բանակցությունները, եթե հարցերից որեւէ մեկի առնչությամբ արձանագրվի տեղաշարժ, ապա կարծում եմ՝ դրանով պայմանավորված կլինի նաեւ ռազմագերիների վերադարձը»։

Հարցին՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ գերիների վերադարձը փոխկապակցվա՞ծ գործընթացներ են, փաստաբանն այսպես պատասխանեց. «Օբյեկտիվ առումով՝ ոչ։ Չեն էլ կարող փոխկապակցված լինել, քանի որ մարդասիրական խնդիրներն ավտոնոմ են, բայց գործնականում դրանք փոխկապակցվել են միմյանց։ Խաղաղության պայմանագիրն էլ Ադրբեջանի քաղաքական պահանջներից մեկն է։ Ընդհանուր ձեւակերպեցի, որ որեւէ քաղաքական պահանջի՝ բավարարման հետ կարող է կապվել ռազմագերիների վերադարձը։ Ռազմագերիները պահվում են պատանդներ, որպես գրավական քաղաքական պահանջներում զիջումներ թելադրելու նպատակով։ Երբ քաղաքական որեւէ պահանջ բավարարված է, որպես ժեստ՝ տեղի է ունենում նաեւ ռազմագերիների հայրենադարձում։ Պարզ բանաձեւ է գործում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930